Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից հերթական անգամ հանդես եկավ հայտարարություններով, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Մասնավորապես, խոսքը 2021 թվականին Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված մի ձայնագրության մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է Ղարաբաղի հարցից եւ ասում, թե՝ «ինձ գժի տեղ կդնեմ»: Եվ, ահա, երեկ խորհրդարանում Փաշինյանը հանկարծ հիշեց մոտ 2 տարի առաջ հրապարակված ձայնագրությունը՝ հարցադրումով հայտարարելով. «Կարո՞ղ է այդ մարդը մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ ուրիշ խմբակցության անդամ է։ Եկել է, հեղափոխական թիմի նիստը ձայնագրել է, տարել տվել է Սերժ Սարգսյանին»։
Սա լկտի սուտ է մի քանի պատճառով. նախ՝ ձայնագրության հրապարակումից հետո ՀՀԿ-ական շատ գործիչներ, այդ թվում՝ Արմեն Աշոտյանը, հրապարակել էին տեղեկություններ այն մասին, որ այդ ձայնագրությունը արվել է նեղ շրջանակով հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել պատվիրակություն Արցախից՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Ստել է Նիկոլ Փաշինյանը, քանի որ ձայնագրությունը բավականին մոտիկից է արված, իսկ «հեղափոխական նիստերի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը միշտ խոսել է ամբիոնի մոտից կամ դիմացի սեղանի մոտից (ինչպես վերջերս ադրբեջանի դրոշի գույներով ժամացույցի դիմաց էր նստած), եւ նույնիսկ տեսականորեն անհնար էր, որ որեւէ պատգամավոր կարողանար ձայնագրել Փաշինյանին այդքան մոտիկից եւ պարզ լսողությամբ:
Ստել է Փաշինյանը, քանի որ ձայնագրության հրապարակման ժամանակ հենց իրենք ՔՊ ներսում քննարկել են բոլոր վարկածներն ու բացառել պատգամավորներից որեւէ մեկի դերակատարության տարբերակը՝ գալով եզրակացության, որ իրեն գժի տեղ դնելու մասին Փաշինյանը խոսել է Կառավարությունում՝ նեղ կազմում:
Եւ ուրեմն ինչո՞ւ էր նա երեկ զգույշ, հարցական ձեւակերպումներով, առանց անուն տալու թիրախավորում ընդդիմադիր պատգամավորներից մեկին. նշանակում է, որ կա քաղաքական որոշում ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ նոր արշավի: Իր ագրեսիայով նա տվեց մեկնարկը: Մենք կհետեւենք զարգացումներին:
Նիկոլ Փաշինյանն այեւս չի կարողանում թաքցնել իր սեփական վախերը: Սրա մասին վկայում է նաեւ երեկվա՝ մեծաթիվ թիկնապահների ու ոստիկանների ուղեկցությամբ խորհրդարան գալը: Փաշինյանն այս անգամ իսկապես գերազանցել էր ինքն իրեն. նախ՝ նրա՝ երեկվա խորհրդարան գալն աննախադեպ էր նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ վարչապետի մեծաթիվ թիկնապահներ հայտնվել էին ԱԺ դահլիճի ներսում: Պատմության մեջ չի եղել դեպք, որ վարչապետի թիկնապահը մտնի ԱԺ նիստերի դահլիճ, իսկ Փաշինյանն այս հարցում էլ է որոշել «պատմություն» կերտել: Ֆրակցիաների շարքերից յուրաքանչյուրի վերեւում կամ ներքեւում նստած էին նրա թիկնապահները եւ հսկում էին պատգամավորներին: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց նաեւ, որ ԱԺ դահլիճ մտնող բոլոր մուտքերի մոտ, բացի ՊՊԾ աշխատակիցներից, կանգնած են նաեւ Փաշինյանի՝ քաղաքացիական հագուստով, բայց զինված թիկնապահները: Այս աստիճան ուժեղացված անվտանգությունը վկայում է մեկ բանի մասին՝ Փաշինյանը վախենում է, իսկ թե ինչից, միայն նա կիմանա: Փաստացի հեղափոխությունից հետո մետրոներով ու հեծանիվներով շրջող իշխանության ներկայացուցիչներն այլեւս առանց թիկնապահների քայլ չեն անում:
Շուրջ երկու տարի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրեական գործով կալանավորված ԳՇ ավիացիոն վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի դստերը ազատել են աշխատանքից: Նա աշխատում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կալանքի տակ գտնվող վարչության նախկին պետի դուստրը ապրիլի 16-ին պետք է կապիտանի կոչում ստանար, սակայն ապրիլի 13-ին լրացել է պայմանագրի ժամկետը, եւ ԱԻՆ նորանշանակ նախարար Կամո Ցուցուլյանը չի ցանկացել պայմանագիրը շարունակել նրա հետ, ՊՆ պաշտոնյայի դստերը ազատել է պաշտոնից՝ անգամ չտալով կապիտանի կոչում: Սա եւս՝ քաղաքական ռեպրեսիաների շարքից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը մտադիր է ժամանակավոր քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ: Հանձնաժողովն ուսումնասիրելու է պատգամավորների կողմից թույլ տված վարքականոնների խախտման բոլոր դեպքերը: Տեղեկացանք, որ ընդդիմադիրների այս նախաձեռնության համար հիմք են հանդիսացել, մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ՝ Երեւանի կենտրոնում քաղաքացուն վիրավորելու եւ նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական վարքագիծը, ինչպես նաեւ փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե 120 հազար արցախցու համար չարժէ ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը: Ահա այս միջադեպերն ուսումնասիրելու հարցով ընդդիմադիրներն առաջարկում են ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է, որ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովը ստեղծելու նախագիծ ներկայացնելու իրավունքն ունի խմբակցությունը. նախաձեռնողը «Հայաստան» խմբակցությունն է: Ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը եւս սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Ըստ նույն օրենքի՝ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, ինչն էլ ենթադրում է, որ ՔՊ-ականները մեծամասնություն են կազմելու ստեղծվելիք հանձնաժողովում: Պարզ չէ՝ իշխող մեծամասնությունը անդամներ ընդհանրապես կտա այդ հանձնաժողովին, թե այն կմնա այդպես էլ չձեւավորված: