Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման որոշումը կառավարությունը չի կայացրել, կայացրել են քաղաքային իշխանությունները, իսկ որոշումը և դրա իրականացումը համարում է սխալ։
«Եկեք արձանագրենք հետևյալը, որ կառավարությունը չի այդ որոշումը կայացրել, և ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եվ, եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- ասել է Փաշինյանը։
Հավելենք, որ արձանը բացվել է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում: Հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է:
Արձանը պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918 թվականի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
Թուրքական 24TV–ի հետ հարցազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է,
«Որոշ դեպքերում տեսնում ես դրական մի հայտարարություն եւ հանկարծ լրիվ հակառակ մի գործողություն։ Ցավոք, մենք մեր ուզած անկեղծությունը չենք տեսնում։ Հայաստան–Ադրբեջան–Թուրքիա համագործակցությունը ամենաշատը հենց Հայաստանի շահերից է բխում։
Երկրաշարժին եկան, օգնեցին։ ԱԳ նախարարը եկավ Անկարա, մենք էլ շնորհակալություն ասեցինք։ Բայց հիմա մեր դիվանագետներին սպանողների հուշարձանն են տեղադրել։ Մենք ժեստեր արել էին։ Մեր օդային սահմանը բացել էինք, հիմա փակեցինք։ VIP օդանավերի համար էլ ենք փակել, այդ թվում Փաշինյանի օդանավի համար»,–ասել է Չավուշօղլուն։
Ստացվում է, որ ՀՀ վարչապետը դեմ է 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներին պատժելուն, ինչպես նաև նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը: Ինչպես միշտ, այս անգամ ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք է իր թուրք գորընկերների հետ: