Ազգային ժողովում երեկ մթնոլորտը կրկին լարվել էր։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը կառավարության ծրագրի կատարողականի մասին ելույթի վերջում հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում եւ, ի նշան բողոքի, չի հեռանալու ԱԺ ամբիոնից։
«Եվ թույլ չեմ տալու երկրի թիվ մեկ ամբիոնից կրկին ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես», – ասաց նա՝ հրավիրելով իր հետ համակարծիք գործընկերներին միանալ։
«Բավական է, սթափվե՛ք ու հասկացե՛ք ձեր պատասխանատվության չափաբաժինը», – շեշտեց նա։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շտապեց հրահանգել անջատել հեռարձակումն ու դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որոնք հեռացրին ընդդիմադիրներին։
«Հիմա տեղի է ունենում կոնկրետ ապօրինություն, որովհետեւ Ազգային ժողովի նախագահը բիրտ ուժի կիրառման հրահանգով մեզ դուրս է հանել Ազգային ժողովի դահլիճից, եւ մեզ հիմա արգելում են մտնել մեր աշխատավայր։ Սա բացահայտ ապօրինություն է, մարդու իրավունքների, պատգամավորի գործունեության իրավունքի ուղիղ ոտնահարում։ Սա նշանակում է՝ ուղղակի մենք գործ ունենք տարրական անպատժելիության հետ», – արդեն դահլիճից դուրս հայտարարեց պատգամավոր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում։
«Սոթքում կրակում են, դուք այստեղ խոսում եք ձեռքբերումներից։ Եկել, ի՞նչ բյուջեի կատարողական եք քննարկում։ Դուք բարոյականությունից եք խոսում, բայց ի՞նչ բարոյականության դասեր եք տալիս»,- հայտարարեց Թովմասյանը։
Ամբիոնի մոտ Թովմասյանի ակցիային միացան «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ նույն խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել բարձրախոսը եւ հրավիրեց ԱԺ նիստերի դահլիճ անվտանգության աշխատակիցներին, քաշքշուկ սկսվեց պատգամավորների եւ անվտանգության աշխատակիցների միջեւ։
Ընդդիմադիր պատգամավորներից մեկը դահլիճից բղավեց, թե՝ կարող է թքեք, ինչին ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Որ պետք լինի, կթքեմ»։
Ընդդիմադիր պատգամավորներն ամբիոնում մոտեցել էին Թագուհի Թովմասյանին, որպեսզի թույլ չտան անվտանգության աշխատակիցներին դուրս հանել նրան նիստերի դահլիճից։
«Ով որ մոտենա այստեղ, Արեգնազով, Աննայով հանե՛ք դուրս։ Հանկարծ մտքներով չանցնի, որ այստեղ կարող եք ինչ-որ բան թելադրել»,- ասաց Սիմոնյանը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
3-ՕՐՅԱ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Արուսյակ Մանավազյանը, Կարեն Համբարձումյանը, Ռուստամ Բաքոյանը, Հայկ Ցիրունյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը մայիսի 1-4-ը կգործուղվեն Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն):
Թե գործուղումն ի՞նչ օրակարգով է, կամ ի՞նչ հանդիպումներ են լինելու, ԱԺ կայքում հրապարակված համապատասխան որոշման մեջ որեւէ տեղեկություն չկա:
Պատգամավորների գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կկատարվի ՀՀ պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին, իսկ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Ապրիլի 20-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:
Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բարեփոխումների ընթացքը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
ԻՆՉՈ՞Ւ ՀԵՏԱՁԳՎԵՑ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած երեկվա՝ ապրիլի 20-ի քննարկումը 44-օրյա պատերազմում զոհված կամ անհետ կորած զինվորների ծնողների հետ կրկին հետաձգվում է:
Ինչպես հայտնի է, ապրիլի 18-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ անվտանգության աշխատակիցները արգելում են որեւէ քաղաքացու մուտքն Ազգային ժողովի շենք, ուստի ծնողների մուտքն ԱԺ անհնար է դարձել:
Քննարկման անցկացման օրվա եւ ժամի մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի, երբ ԱԺ արտահերթ նիստերն ավարտվեն:
ԳՐՔԵՐԻ ՕՏԱՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հայերեն տպագրված գրքերի բոլոր տեսակների օտարումն ազատել ԱԱՀ-ից: Հիմնավորման մեջ նշվում է, թե այդ հանգամանքը կբերի գրքի գնի նվազեցմանը եւ հրատարակվող գրքերի քանակի ավելացմանը։
Բանն այն է, որ ներկայումս, ՀՀ կառավարության որոշմամբ, սահմանված են ԱԱՀ-ից ազատման արտոնությունների շրջանակները, որոնք վերաբերում են դպրոցական գրերի եւ նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական եւ դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական եւ ուսումնական հրատարակությունների օտարմանը։
Նաեւ նշվում է, որ վերջին տարիներին աշխարհի բազմաթիվ երկրներ նվազեցրել են տնտեսվարողների՝ գրքերի հրատարակչության եւ իրացման հետ կապված հարկային բեռը` ընդհուպ մինչեւ առանձին հարկատեսակների վերացում։ Համապատասխան նախագիծն այժմ դրված է հանրային քննարկման:
ՀԱՆԵԼ ԵՆ ԱՃՈՒՐԴԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ Դիլիջան քաղաքում գտնվող 2977,8 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաեւ դրանց զբաղեցրած, օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 0.94 հեկտար մակերեսով հողամասը կօտարվեն:
Այն այժմ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ գույքն իրենից ներկայացնում է վարչական շենք, որը ներկայումս չի շահագործվում եւ ունի հիմնանորոգման կարիք։
Դա է պատճառը, որ առաջարկվում է այդ շենքը մրցույթով օտարել:
Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 343 մլն 800 հազար դրամը՝ ներառյալ հատկացված հողամասի տվյալ պահին գործող շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 64 մլն 242 հազար դրամը:
Գնորդը պարտավոր է վճարել նաեւ գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 1 մլն 792 դրամը։
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Ամիրյանի որոշմամբ, բավարարվել է դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը, եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: