Երեւան քաղաքի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել են Դավթաշեն թաղամասի Եղվարդի խճուղի 22 եւ Անաստաս Միկոյան փողոցի 64 հասցեներում գտնվող երկու հողամասերի կադաստրային գործերը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք եղել են մեկ միասնական միավոր: 2003 թվականի հունվարի 17-ին Դավթաշեն 4-րդ թաղամասի դիմաց գտնվող 6.06 հա մակերեսով այգին վարձակալության տրամադրելու նպատակով հանվել է աճուրդի, որում հաղթող է ճանաչվել Ե.Գ.-ն: Այնուհետեւ, Երեւանի քաղաքապետի 2003 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ, նույն հողամասը 25 տարի ժամկետով տրամադրվել է վարձակալության՝ տարեկան 20 հազար 90 դրամ վարձավճարով, ժամանցի եւ հանգստի գոտու կազմակերպման նպատակով:
Միաժամանակ, հողամասի վարձակալության գնման նախապատվության իրավունքի համար աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 60 հազար 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը հայտատուն վճարել է քաղաքապետարանի հաշվեհամարին:
Մրցույթի արդյունքում հաղթողի համար սահմանվել են պարտականություններ, այդ թվում՝ տվյալ տարածքում 300 միլիոն դրամի ներդրում կատարելը, շինարարությունը մինչ 2006 թվականն ավարտելը, երեք ամիսների համար միանվագ վարձավճար մուծելը: Գործարքի կնքումից մեկ ամիս անց, սակայն, առանց վերոնշյալ պարտականությունների եւ կնքված վարձակալության պայմանագրի պայմանների պարտադիր կատարման, այգու տարածքը 2003 թվականի մարտի 28-ին օտարվել է Ե.Գ.-ին: Ապրիլի 4-ին քաղաքապետարանի եւ Ե.Գ.-ի միջեւ կնքվել է այգու ուղղակի վաճառքի մասին պայմանագիր, որով 6.06 հա մակերեսով հողամասը 20 մլն 883 հազար 972 դրամով օտարվել է Ե.Գ.-ին. օգտագործման նպատակը սահմանվել է որպես ժամանցի եւ հանգստյան գոտու կազմակերպման շինարարություն:
2004 թվականի մարտի 2-ին Ե.Գ.-ի լիազորված անձի եւ «Սանի Լենդ համատեղ ձեռնարկություն» ՍՊ ընկերության (35 տոկոս բաժնեմասը պատկանել է նույն Ե.Գ.-ին) միջեւ կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով տվյալ ընկերությանն է տրամադրվել տարածքը զվարճանքի եւ հանգստյան գոտի ստեղծելու նպատակով, իսկ 2006 թվականի մայիսի 2-ին կողմերի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնություն: Այնուհետեւ, Ե.Գ.-ի դիմումի հիման վրա, կատարվել է գույքի բաժանում 3.5023 հա եւ 2.5577 հա չափերով հողատարածքների, որից հետո՝ 2006 թվականի մայիսի 15-ին, Ե.Գ.-ն 3.0523 հա հողամասն անհատույց 20 տարի ժամկետով օգտագործման է տրամադրել «Սանի Լենդ համատեղ ձեռնարկություն» ՍՊ ընկերությանը (կնքվել է անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր)։
2007 թվականի դեկտեմբերի 4-ին Ե.Գ.-ի եւ «Մոսկովյան ինվեստիցիոն շինարարական ընկերություն ք.Երեւան» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է անշարժ գույքի տարաժամկետ վճարումով առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Ե.Գ.-ն իրեն պատկանող հողատարածքից 2.5577 հա հողամասն իր կողմից գնված արժեքից անհամեմատ բարձր գնով՝ 697 մլն 727 հազար 272 դրամով, վաճառել է նշված ընկերությանը, իսկ 2007 թվականի դեկտեմբերի 6-ին պայմանագրում կատարվել է համապատասխան կետի փոփոխություն, եւ սահմանվել է, որ անշարժ գույքի վաճառքի գինը կողմերի համաձայնությամբ կազմել է 767 մլն 500 հազար դրամ։
2019 թվականի մարտի 20-ին Ե.Գ.-ի (որպես վաճառող) եւ «Ն եւ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության (որպես գնորդ) միջեւ կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի եւ գրավի պայմանագիր, որի համաձայն՝ գնորդին է հանձնվել Եղվարդի խճուղի 22 հասցեում գտնվող հողամասը՝ 1.5023 հա մակերեսով, եւ Դավթաշենի Երեւան-Եղվարդ խճուղի 22 հողամասը՝ 2 հա մակերեսով: Դրանցից առաջինի գինը կազմել է 887 մլն 722 հազար դրամ, իսկ երկրորդինը՝ 1 մլրդ 295 մլն 424 հազար դրամ:
Երեւան քաղաքի դատախազությունում իրականացված ստուգումների ընթացքում ուսումնասիրվել է օտարման պահին գործած քաղաքաշինական համապատասխան փաստաթուղթը: Պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքները հանդիսացել են հասարակական նշանակության կանաչ գոտիներ (ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ «Արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք` (…) բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ) (…)»):
Նշված արարքների հետեւանքով, նախնական հաշվարկով, պետությանը պատճառվել է 2 մլրդ 929 մլն 762 հազար 28 դրամ գումարի գույքային վնաս։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից առերեւույթ չարաշահման դեպք՝ 2023 թվականի ապրիլի 3-ին դատախազի կողմից առերեւույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի ապրիլի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ
Ապրիլի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Թիվ 46 խցում պահվող դատապարտյալ, 34-ամյա Խաչատուր Պետրոսյանը ժամը 02։00-ի սահմանում այդ օրվա հերթապահ խմբի պատասխանատու Վարանցով Ղ.-ին խնդրել է շտապ ընդունելու յուն։ Նրա խնդրանքը կատարվել է։ Ընդունելու նպատակով բացվել է խցի դուռը, ինչից հետո Խ. Պետրոսյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող մետաղյա առարկայով հարձակվել է Վարացնով Ղ.-ի, նույն հիմնարկի հերթափոխի 1-ին խմբի մասնագետներ Տիգրան Պ.-ի եւ Արտակ Մ.-ի վրա ու պատճառել մարմնական վնասվածքներ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բանտի աշխատակիցներին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
ՎԻՃԱՐԿՎԵԼՈՒ Է ՄԻՊ-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Դատական կարգով վիճարկվելու է Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու Ազգային ժողովի որոշումը. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Իմ կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել եւ վերացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 11.04.2023 թվականի «Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու մասին» թիվ ԱԺՈ-69-Ա որոշումը։
Որոշումն անվավեր ճանաչելու համար մատնանշված են հինգ խումբ գործոններ.
-որոշումը կայացվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ,
– ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել եւ ընտրվել է ՀՀ Սահմանադրությամբ եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու,
-Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրման եւ ընտրվելու ընթացքում զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը՝ խախտելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին դատախազը կարող է մասնակցել միայն որպես ընտրող (քվեարկող), տվյալ դեպքում նա պետական մարմնի ընտրությանը մասնակցել է որպես թեկնածու,
-ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 4-ի նիստը, որի ժամանակ քննարկվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովին թեկնածու առաջադրելու մասին հարցը, ըստ էության տապալվել է՝ նիստի մի հատվածի ընթացքում քվորումի բացակայության, իսկ մյուս հատվածում ընդիիմության կողմից առաջադրված թեկնածու նկատմամբ ֆիզիկական բռնությունների սպառնալիքների, անձնական վիրավորանքների, հոգեբանական ճնշումների, ելույթի, հարցուպատասխանի հնարավորությունից զրկելու եւ այլ դրսեւորումներով՝ խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը եւ հանձնաժողովի նիստի հատուկ ընթացակարգը,
-Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում փաստացի ընտրվել է ոչ թե Ազգային ժողովի, այլ իրեն առաջադրող խմբակցության կողմից՝ ըստ էության խախտելով քվեարկության գաղտնիությունը, քանի որ ընտրությանը մասնակցել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 69 պատգամավորներ, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել նրա թեկնածությանը, այսինքն` փաստացի տեղի է ունեցել ոչ թե գաղտնի, այլ անվանական քվեարկություն»,- գրել է նա։