«Ժողովուրդ» օրաթերթն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ:
-Պարո՛ն Խաչատրյան, ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել էր Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհին գտնվող Հակարիի կամուրջը՝ արդեն ամբողջական շրջափակելով Արցախը, այնտեղ նաեւ անցակետ է տեղադրել:
Ինչպե՞ս կգնահատեք այս իրավիճակը, Հայաստանի իշխանություններն ի՞նչ քայլեր են անում այս ճգնաժամային իրավիճակի լուծման ուղղությամբ:
-Մեր արտգործնախարարությունը Հայաստանի վերաբերմունքի հետ կապված իր դիրքորոշումն արդեն հայտնել է: Ադրբեջանի քայլը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ հայտարարություն է տարածել, փորձում են Ադրբեջանին համոզել, որ այդ քայլն անթույլատրելի է։ Համբերենք, գուցե մեկ անգամ Ռուսաստանը հասնի հաջողության, չնայած ես թերահավատորեն եմ վերաբերվում դրան:
Այս իրավիճակը նաեւ Ռուսաստանի հեղինակության հարցն է, քանի որ ակնհայտ է՝ 5- կիլոմետրանոց գոտու պատասխանատուն Ռուսաստանն է, իսկ Ադրբեջանն անտեսում է Ռուսաստանի ներկայությունն այդտեղ:
Մենք էլ մեր հերթին պետք է փորձենք դիվանագիտական հարթակում համապատասխան ճնշումներով հաջողության հասնել, ինչը շատ դժվար է. ակնհայտ է, որ դա թեթեւ խնդիր չէ:
-Դուք միայն խոսում եք Ռուսաստանի պատասխանատվության մասին, բայց Արցախի անվտանգության առաջին երաշխավորը Հայաստանն է, ուստի առաջինը հենց նա պետք է քայլեր ձեռնարկի այս հարցը լուծելու համար:
-Նման դեպքերում ես ասում եմ՝ կարո՞ղ եք ասել՝ ինչ քայլ պետք է անի Հայաստանը, որ չի անում: Հայաստանը ինչ կարող է, դեռ մի բան էլ ավել անում է: Մեր միակ լծակը, որ կարող ենք գործի դնել, միջազգային ճնշումն է Ադրբեջանի վրա:
Մենք չենք կարող ստիպել Ռուսաստանին, որպեսզի կատարի իր պարտավորությունները. նա ինքն է որոշում՝ ինչ չափով կարող է կատարել դրանք: Մյուս կողմից՝ մենք պետք է մեր բանակը ուժեղացնելու մասին մտածենք. ռազմական բալանսը մեր ու Ադրբեջանի միջեւ շատ է խախտված, պետք է փորձենք վերականգնել այն:
-Պարո’ն Խաչատրյան, փորձագիտական շրջանակը, ինչպես նաեւ ընդդիմադիր դաշտն ասում են, որ Ադրբեջանին սադրանքներ իրականացնելու հիմք տալիս է Հայաստանի վարչապետն իր հայտարարություններով, երբ, օրինակ, ասում է, թե Հայաստանը Մադրիդյան սկզբունքներով ճանաչել է Արցախն Ադրբեջանի մաս, կամ խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին:
-Մարդ պետք է շատ հեռու լինի փորձագետի կարգավիճակից, որ հայտարարի, թե Ադրբեջանն իր քաղաքականությունը վարում է՝ ելնելով հայկական կողմի հայտարարություններից: Իհարկե դա այդպես չէ:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԵՐԵՎԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՒԹ ՊԱՀԱՆՋ ԿԱՏԱՐԻ
Երեւանը պետք է ութ պահանջ կատարի Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար, այդ թվում՝ վերադարձնի սահմանամերձ ութ գյուղեր: Երեկ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց քննարկմանը, նշել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիեւը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջովին դուրս բերի իր զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի սահմանամերձ դեռեւս օկուպացված ութ գյուղերը, դադարեցնի ու ձեռնպահ մնա տարածքային պահանջներից:
Ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհի սկզբնամասում անցակետ տեղադրելուն, նա ասել է, որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, եւ որ անցակետի տեղադրումը հիմնված է պետությունների տարածքային ինքնիշխանության եւ ամբողջականության հիմնարար սկզբունքների, անվիճարկելի իրավունքի, արտոնյալ եւ բացառիկ իրավասության եւ պարտականության վրա՝ ապահովելու իր սահմանների անվտանգությունն ու պաշտպանությունը։
Ի՞ՆՉ Է ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ ՊԵՏՆԱԽԱՐԱՐԸ
Արցախը Հայաստանին կապող մայրուղու վրա Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն եւ Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ: Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Նա նշել է, որ բնակիչները կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստան մեկնելու հնարավորությունից: Պետնախարարի փոխանցմամբ՝ մինչեւ անցկետի տեղադրումը եւ ճանապարհը փակելը Մեծ Շեն համայնքից երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը՝ երեք տարեկան, մեկնել էին Գորիս, եւ այժմ նրանք չեն կարողանում վերադառնալ ծնողների մոտ: Նույնպիսի իրավիճակ կա նաեւ Լիսագոր համայնքում. համայնքի մի քանի բնակիչներ մնացել են Հայաստանում։
Նշենք, որ Ադրբեջանն ապրիլի 23-ից փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է` ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվից հայտնել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ պարզաբանելով՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը մեղադրել է հայկական կողմին Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործման մեջ՝ նշելով, որ այն օգտագործվել է «զենքի եւ զինամթերքի տեղափոխումը, բնական ռեսուրսների եւ մշակութային պաշարների ապօրինի արտահանումը, ականների տեղադրումը» կազմակերպելու համար։
Իշխանություն-եկեղեցի պառակտումը: Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվել է ապականել եւ խեղել գրեթե բոլոր ոլորտները, ակնհայտ է. բազմիցս խոսվել է այս մասին: Թալանի վերադարձը թմբկահարելով՝ իշխանության եկածներին հաջողվել է խորը պառակտում մտցնել հանրության մեջ, բաժանել սեւերի ու սպիտակների, հատկապես հաջողվել է արցախցի-հայաստանցի բաժանարար ու կործանարար գծեր անել: Փաշինյանի իշխանությունը չի խորշում առաջին օրից ձեռնոց նետել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն: Սրա մասին են վկայում իշխող ֆրակցիայի պատգամավորների եւ անձամբ Փաշինյանի կողմից խորհրդարանի ամբիոնից պարբերաբար հնչող հայտարարությունները եկեղեցու վերաբերյալ: Ի դեպ, եկեղեցու դեմ արշավի առաջին ծիլերը երեւացել են հենց 2018թ.-ին, երբ պարբերաբար Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջով հրահանգավորված ակցիաներ էին իրականացվում Երեւանի փողոցներում։ Հատկապես արցախյան 44-օրյա պատերազմից հետո քաղաքական ղեկավարությունն ու եկեղեցականները միասին չեն ներկայանում տարբեր արարողությունների: Դրա վառ ապացույցը նաեւ երեկ Ծիծեռնակաբերդ այցելությունն էր: Առավոտյան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար հուշահամալիր էին այցելել ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Նրանց հեռանալուց հետո միայն Գարեգին Բ-ն եկեղեցու սպասավորների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հիշատակի կարգ անցկացրեց: Նախկինում՝ մինչեւ հեղափոխությունը, բարձրաստիճան եկեղեցականները Ծիծեռնակաբերդ կամ այլ վայրեր այցելում էին միասին: