«Ադրբեջանի կողմից լրացուցիչ սահմանափակումները հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության»,- երեկ հրավիրված խորհրդակցությանն ասել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Պետնախարարն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ արդեն ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների եւ վառելիքի ներկրումը, ինչը լրացուցիչ դժվարություններ եւ սահմանափակություններ է առաջացրել բնակչության կարիքների բավարարման աշխատանքներում։
«Արդյունքում չենք կարողացել մատակարարել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը դրանցում նշված ժամկետում, որի պատճառով մենք հետաձգելու ենք կտրոնների գործունեության ժամկետը, որպեսզի մեր բնակչությունը կարողանա օգտվել այդ հնարավորությունից», – նշել է նա։
Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնափոխադրումներին՝ պետնախարարը տեղեկացրել է, որ արդեն երրորդ օրն է` դրանք նույնպես կասեցված են՝ հավելելով, որ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով Արցախի քաղաքացիների հրատապ տեղաշարժի սկզբունքների մասով լրացուցիչ հստակեցումներ պետք է կատարվեն, որից հետո՝ նորություն լինելուն պես, կհայտարարվի. փոխանցում են պետնախարարի աշխատակազմից։
Ադրբեջանցիները կիրակի օրը փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է` ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը եւ ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։
ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրները առանձին-առանձին մտահոգություն են հայտնել անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա խաթարում է խաղաղության գործընթացը։
Միեւնույն ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի նիստից հետո նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե
քննարկման մասնակիցները որոշել են դիմել եռակողմ հայտարարության կողմերին եւ, հատկապես, Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման եւ Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
«Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջեւ ծագած անվտանգային եւ հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները»,- նշել է Հարությունյանը։
Պաշտոնական Բաքուն, մինչդեռ, հայտարարում է, թե այլեւս ավարտել է անցակետի տեղադրումը: Ադրբեջանական կողմն այս քայլը բացատրում է ճանապարհը վերահսկելու անհրաժեշտությամբ: Մինչ այդ՝ երեկ, Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե, իբր, Շուշիի շրջանում ադրբեջանցի զինվորներ են տուժել հայկական կողմի տեղադրած ականների հետեւանքով: Հայկական կողմը հերյուրանք էր որակել այդ տեղեկությունը:
Ն.Հ.
Ի՞ՆՉ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլի 26-28-ը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան:
Այդ մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքից։
Այցի շրջանակներում դիվանագետը կքննարկի Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը:
Նախարարը Երեւանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նա կայցելի Ջերմուկում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։
Ֆրանսիացի դիվանագետը Բաքվում կհանդիպի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ապրիլի 28-ին Կ. Կոլոննան կայցելի Վրաստան: Թբիլիսիում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի եւ արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ:
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանում մի շարք նոր նշանակումներ են արվել։ Այս մասին ապրիլի 25-ին՝ Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նոր փոփոխություններով՝ Սիրեկան Օհանյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական, Լիլիթ Յավուրյանը՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Դավիթ Կարապետյանը՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Բացի այդ, Անդրանիկ Սեդոյանը նշանակվել է «Երեւան նախագիծ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ
Բունդեսթագի մարդու իրավունքների եւ մարդասիրական օգնության հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցագրային կետի տեղակայումը՝ այն որակելով միջազգային իրավունքի խախտում։
«Լեռնային Ղարաբաղում՝ Հակարի կամրջի վրա ադրբեջանական նոր անցակետը հակասում է միջազգային իրավունքին եւ դժվարացնում է մարդկանց ազատ տեղաշարժն ու մատակարարումները տարածաշրջան։ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքներն ու անհապաղ կյանքի կոչի ԱՄԴ-ի պահանջները»,- գրել է նա։
ՆԵՐԿՐՈՒՄԸ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Արցախի Հանրապետության կառավարության եւ ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում երեկ հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանի Հանրապետությունից:
Այս մասին իրազեկում է ԱՀ տեղեկատվական շտաբը:
Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, եւ քաղաքացիները կարողանալու են գնումներ կատարել:
Շտաբի գրառման մեջ նաեւ ասված է.
«Ինչ վերաբերում է առ այսօր չիրացված կտրոնների գործունեության ժամկետին, ապա հաշվի առնելով պետական նախարարի հանձնարարությունը խնդրին լուծում տալու մասին՝ լրացուցիչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ, եւ դրա վերաբերյալ հանդես կգանք առանձին հայտարարությամբ:
Հայցում ենք մեր հայրենակիցների ներողամտությունն ու ըմբռնումը՝ նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալի պարենը նշված ժամկետում չմատակարարելու համար, ինչը պայմանավորված է անգամ հումանիտար բեռների փոխադրման հանդեպ ադրբեջանական կողմի հարուցած լրջագույն խոչընդոտներով»:
ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ Կառավարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է 2023թ. առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքը:
Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել է ամփոփ հաշվետվություն՝ նշված ժամանակահատվածում պետական բյուջեի ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսական կատարողականի վերաբերյալ: Անդրադարձ է եղել ըստ գերատեսչությունների տրամադրված հատկացումներին եւ կատարված կապիտալ ու ընթացիկ ծախսերին: Զեկուցվել է 2023թ. առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտների եւ ծախսերի ծավալի, ինչպես նաեւ ՀՆԱ-ի աճի գնահատականի մասին:
Նշված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում: Արծարծվել են մակրոտնտեսական զարգացումներին, 2023թ. պետական բյուջեի արդյունավետ իրականացմանը, ընթացակարգերի եւ օրենսդրական դաշտի լավարկմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել հետագա անելիքների շուրջ: Վարչապետը կարեւորել է պետական բյուջեի՝ պատշաճ մակարդակով կատարումը եւ հանձնարարել հետեւողական լինել նախատեսված կապիտալ ու ընթացիկ ծախսերի, պետական առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի իրականացման հարցում: