ԿԱՍԵՑՐԵԼ Է ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն ապրիլի 21-ին Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել իր առարկությունները Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ՝ ստանալով նաեւ իր հայցադիմումի վերաբերյալ Ադրբեջանի առարկությունները։ Դատարանն, ըստ այդմ, կասեցրել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործերի քննությունը՝ մինչեւ ներկայացված առարկությունների վերաբերյալ որոշում կայացնելը։

 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։

«Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Արդարադատության միջազգային դատարանում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դատական գործերով Հայաստանն իր ամբողջական հայցադիմումը՝ ընդդեմ Ադրբեջանի, ներկայացրել է Դատարան այս տարվա հունվարի 23-ին՝ միաժամանակ ստանալով նաեւ Ադրբեջանի ամբողջական հայցադիմումը՝ ընդդեմ Հայաստանի։

Դատարանի կանոնների համաձայն՝ պետություններն իրավունք ունեն ներկայացնել նախնական առարկություններ (Preliminary Objections) մյուս կողմի ամբողջական հայցադիմումի վերաբերյալ այն ստանալուց հետո՝ 3 ամսվա ընթացքում։ Նախնական առարկություններով պետությունները բարձրացնում են Դատարանի իրավազորության բացակայության եւ հայցապահանջների անընդունելիության վերաբերյալ փաստարկներ եւ հիմնավորումներ։

Նախնական առարկություններ ստանալուց հետո Դատարանը, իր կանոնների համաձայն, կասեցնում է գործի ըստ էության քննությունը մինչեւ նախնական առարկությունների վերաբերյալ որոշում կայացնելը։

«Ապրիլի 21-ին Հայաստանը սահմանված ժամկետում ներկայացրել է նախնական առարկություններ Ադրբեջանի հայցադիմումի վերաբերյալ։ Հայաստանի կողմից ներկայացրած նախնական առարկությունները վերաբերում են Ադրբեջանի հայցադիումում տեղ գտած պահանջների մեծ մասին։ Միաժամանակ Հայաստանը ստացել է նաեւ Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Հայաստանի կողմից ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ։

Կողմերը հնարավորություն ունեն ներկայացնել իրենց դիտարկումները մյուս կողմի ներկայացրած նախնական առարկութունների վերաբերյալ Դատարանի կողմից սահմանվելիք ժամկետում»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

 

ՏՈՆՈՅԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱՐԱԾԵԼ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով ԱԺ քննիչ հանձնաժողովի (ՔՀ) նախագահի հայտարարությունը` հանձնաժողովի աշխատանքին իմ մասնակցության «վերապահման» վերաբերյալ, ինչպես նաեւ լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցադրումները, ներկայացնում եմ մոտեցումներս ՔՀ գործունեության եւ իմ մասնակցության վերաբերյալ:

 

Իրավունքներիս եւ ազատություններիս՝ անհեթեթ մեղադրանքով սահմանափակված լինելու պայմաններում ե՛ւ անձնապես, ե՛ւ իրավական առումով բացառում եմ մասնակցությունս ԱԺ ՔՀ աշխատանքներին:

Պատճառներից կարեւորագույնն այն է, որ 44-օրյա ռազմական գործողություններին վերաբերող, դրանց նախորդող, ինչպես նաեւ հաջորդող տեղեկատվությունը դասակարգված է, որին չեմ կարող տիրապետել անհիմն եւ ապօրինի կալանքի պատճառով:

Հանձնաժողովում հարցադրումներին ստույգ եւ լիարժեք փաստերով պատասխանելու համար անհրաժեշտ է լիարժեք տիրապետել նշված տեղեկատվությանը, որն ինձ հասանելի չէ, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 20-ից որեւէ առնչություն չունեմ ՊՆ գործունեության հետ, ինչպես նաեւ շուրջ 1 տարի 7 ամիս մեկուսացված եմ՝ շինծու քրեական գործով։

Արգելանք է դրված նաեւ լրատվամիջոցների հետ իմ անմիջական շփման վրա, այդպիսով սահմանափակված է անգամ թույլատրելիության սահմաններում լրագրողների միջոցով հանրության հարցադրումներին արձագանքելու հնարավորությունս:

Անկախ փորձագետների եւ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների բացակայությունը ՔՀ նիստերին ոչ միայն հարցեր է առաջացնում վերջինիս աշխատանքի անկողմնակալության վերաբերյալ, այլեւ պարարտ հող է հանդիսանում քաղաքական շահարկումների, զրպարտանքների եւ դիլետանտական բամբասանքների շարունակության համար:

Վերջապես, ՔՀ նախագահող անձը չի կարող անաչառ լինել իր գնահատականներում՝ հաշվի առնելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո իմ եւ Զինված ուժերի հասցեին իր կողմից արված անպատասխանատու հայտարարությունները, որոնց մասամբ արձագանքել էր Պաշտպանության նախարարությունը 2020թ. նոյեմբերի 17-ին եւ 2020թ. նոյեմբերի 19-ին։

2021 թվականի հունվարին «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում թույլատրելիի սահմաններում անդրադարձել եմ 44-օրյա պատերազմին վերաբերող հարցերին։

Ինչպես ասել եմ դեռեւս 2020թ. նոյեմբերի 20-ի իմ ուղերձում, պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը, ուստի առաջարկում եմ իմ եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանենք հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին»:

 

 

 

 

ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ

Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 287 նյութ, որոնց հիման վրա՝ նախաձեռնվել է 98 քրեական վարույթ։

Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 66 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 19-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների եւ յուրացումների, 33-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաեւ հարկերից

եւ տուրքերից խուսափումների, 10-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 4-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։

Թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 23 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 17-ը՝ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման կամ իրացման, 6-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման

վերաբերյալ։

Նշված ժամանակաշրջանում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության քննիչների վարույթում եղել են 524 քրեական վարույթներ, որոնցից վարչության քննիչների կողմից նախաձեռնվել է 140 քրեական վարույթ, 39 քրեական վարույթ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 53 քրեական վարույթ, իսկ թվով 292 քրեական վարույթ փոխանցվել է 2022 թվականից:

Հաշվետու ժամանակաշրջանում քննչական գլխավոր վարչության վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 30 քրեական վարույթ 46 անձանց նկատմամբ, կարճվել են 18-ը, 143 քրեական վարույթ ուղարկվել է՝ ըստ քննչական ենթակայության, 35 քրեական վարույթ միացվել է վարչությունում քննվող այլ քրեական վարույթների, 298 քրեական վարույթների նախաքննությունը շարունակվել է:

Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված եւ քննված քրեական վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 10.739.734.946 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 10.694.183.325 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 38.591.621 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանցը` 6.960.000 ՀՀ դրամ: Ընդ որում՝ նշվածներից նախաքննության փուլում վերականգնվել է պետությանը պատճառած վնասից 43.036.149 ՀՀ դրամը:

 

 

 




Լրահոս