ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 26-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը: Օրակարգում առաջինը ԱՀ նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման հարցն էր, որը ներկայացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ժ. Միրզոյանը:

 

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ նախագծով առաջարկվում է վերափոխել կառավարման համակարգը՝ կառավարման նախագահական համակարգից անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին՝ հաշվի առնելով ԱՀ անվտանգության ապահովման հրամայականը, ինչպես նաեւ ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունության ապահովման անհրաժեշտությունը:

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել բացառիկ դեպքերում հանրապետության նախագահի անուղղակի ընտրությունների հետ կապված հարաբերությունները: Առաջարկվում է նաեւ ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովին վերապահել հանրապետության նախագահ ընտրելու իրավունք՝ սահմանելով այդ լիազորությունների իրականացման կարգը:

4 կողմ ձայնով նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: Այն առաջին ընթերցմամբ  կներկայացվի  ԱԺ հերթական նիստին:

Ըստ գործող Սահմանադրության՝ նախագահի կողմից ծանր հիվանդության կամ լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տեւականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների իրականացումը, Ազգային ժողովը, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, որոշում է կայացնում Հանրապետության նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին, նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչեւ նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը:

«Պատերազմի կամ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել: Հանրապետության նախագահին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել նաեւ այն դեպքում, երբ հանրապետության նախագահը ռազմական դրության ժամանակ հրամանագիր է ընդունել ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ», – ասված էր Արցախի Սահմանադրության մեջ:

Դրանից մեկ ամիս առաջ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Արցախում սահմանադրական ճգնաժամ չկա:

«Չի կարելի նման բան թույլ տալ, քանի որ կա հստակ գիտակցում, որ մեր հիմնական օրակարգը ծագած հրատապ խնդիրները հաղթահարելն է ու Արցախն այս իրավիճակից դուրս բերելը», – ասել է նա՝ անդրադառնալով Արցախի ներքաղաքական կյանքի վերաբերյալ քննարկումներին:

Այդ համատեքստում նա շեշտադրել է, որ միայն շրջափակման հարուցած ճգնաժամի հաղթահարումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ ներքաղաքական հիմնախնդիրների համակարգային լուծման հարցերին:

Արայիկ Հարությունյանը կարեւորել է ներքին միասնականության պահպանումը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԵՐԿԿՈՂՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման թեմայով խորհրդակցություններ ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-ների միջեւ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը եւ Վահե Գեւորգյանը, ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը. տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Պաշտոնական Բաքվի սադրիչ հայտարարությունների եւ ագրեսիվ գործողությունների հետեւանքով տարածաշրջանում ձեւավորվող վտանգավոր իրավիճակի, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող միջանցքում անցակետի տեղադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում, ՀՀ ԱԳ նախարարի կողմից շեշտվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման ուղղությամբ Հայաստանի դաշնակիցների եւ գործընկերների կողմից հստակ արձագանքի եւ գործուն քայլերի անհրաժեշտությունը։

 

 

 

 

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Չինաստանը կարծում է, որ ուկրաինական ռազմական հակամարտության կողմերը պետք է օգնեն նվազեցնել լարվածությունը եւ կրակի վրա յուղ չլցնեն։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի խնդրանքին՝ մեկնաբանել Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինայի զինված ուժերին աղքատացված ուրանով տանկերի  արկերի մատակարարումները։

Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփփին, շոտլանդական «Ալբա» կուսակցությունից պատգամավոր Քենի Մաքասքիլի հարցերին գրավոր պատասխանելով, հաստատել է, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային հազարավոր արկեր է ուղարկել Challenger 2 տանկերի համար, այդ թվում՝ աղքատացված ուրանով: Միաժամանակ նա հավելել է, որ Լոնդոնը չի վերահսկում դրանց օգտագործումը եւ հակամարտության ավարտից հետո դրանց օգտագործման հետեւանքները վերացնելու պարտավորություն չունի։

 

 

 

 

 

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու՝ ադրբեջանական կողմի քայլի մասով:

Առավոտյան նա հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, մտքեր փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական եւ հումանիտար իրադրության շուրջ:

Փաշինյանը նշել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու եւ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետեւողական իրագործմանը: Նա նաեւ շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարեւորությունը եւ գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: Փաշինյանն ու Միշելը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի շուրջ, կարեւորել տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետեւողական ջանքերը։

Նկատենք, որ Շառլ Միշելը Նիկոլ Փաշինյանի եւ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույց էր ունեցել մեկ ամիս առաջ, ընդգծել Եվրամիության պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացին, նպաստելու տարածաշրջանում երկխոսությանն ու խաղաղությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նաեւ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Քննարկվել են Լաչինի միջանցքին եւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր:

Հավելենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, 2023-ի ապրիլի 23-ից էլ Ադրբեջանը փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը: Բաքվից հայտնել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս