ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԶԱՎԹՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում նախաձեռնված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեի կամ հասցեի հարեւանությամբ գտնվող հողամասերը հանդիսանում են պետական եւ համայնքային սեփականություն, որոնք զավթվել են դեռեւս չպարզված անձանց կողմից, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց:

 

Ուսումնասիրության համար հիմք է հանդիսացել 2022 թվականի մայիսի 24-ին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից գրությամբ ստացված «Հարավկովկասյան երկաթուղու» օտարման շերտի տեղամասերում ինքնակամ զբաղեցված հողամասերի վերաբերյալ տեղեկատվությունը: Վերոնշյալ տեղեկության հիման վրա՝ դատախազությունը 2022 թվականի հուլիսի 12-ին ներկայացված հարցում է ուղարկել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել նշված հասցեներում առերեւույթ հողազավթումների վերաբերյալ քաղաքապետարանում առկա տեղեկատվությունը: Քաղաքապետարանից ստացված գրության համաձայն՝ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության, ինչպես նաեւ «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեի կամ հասցեի հարեւանությամբ գտնվող շինության տարածք՝ նշված տարածքը փաստացի օգտագործող Երեւանի «Ալրաղաց» ԲԲ ընկերության ներկայացուցիչների կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով: Մուտքը խոչընդոտելու պատճառով վերոնշյալ աշխատակիցների կողմից հնարավոր չի եղել իրականացնել գեոդեզիական չափագրումներ շինություններով ծանրաբեռնված հողամասերի իրավական կարգավիճակը պարզելու նպատակով: Ոստիկանության աշխատակիցների ներգրավման արդյունքում եւս չի հաջողվել իրականացնել գեոդեզիական չափագրումներ նույն պատճառով։

Դատախազությունը, ուսումնասիրելով Երեւանի գլխավոր հատակագիծը, Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանում առկա իրադրության հատակագիծը եւ Google Map-ում առկա տեղանքի պատկերը, 2023 թվականի փետրվարի 9-ին դիմել է Կադաստրի կոմիտե՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ վերոնշյալ տարածք(ներ)ի, ինչպես նաեւ երկաթգծի վրա կառուցված շինության իրավական կարգավիճակի վերաբերյալ։ Կադաստրի կոմիտեից ստացված գրության համաձայն՝ տարածք(ներ)ը հանդիսանում են պետական եւ համայնքային սեփականություն, որի վրա առկա է 2 շինություն՝ առանց իրավունքի պետական գրանցման, իսկ երկաթգծի վրա գտնվող շինության կարգավիճակի վերաբերյալ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային արխիվում եւ քարտեզում տեղեկություններ չեն հայտնաբերվել:

Հաշվի առնելով, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համատեքստում նախաձեռնված ուսումնասիրության ընթացքում առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի փողոց հ.2 հասցեում կամ հասցեի հարեւանությամբ գտնվող հողամասերը հանդիսանում են պետական եւ համայնքային սեփականություն, զավթվել են դեռեւս չպարզված անձանց կողմից, իսկ երկաթգծի վրա կառուցված շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց, Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն վարչական շրջանի համապատասխան պաշտոնատար անձինք, որոնց վրա օրենսդրությամբ դրված է եղել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, միջոցներ չեն ձեռնարկել հողամասի ինքնակամ զավթումը կամ շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու համար, ինչպես նաեւ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառել հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառուցապատում իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ, 2023 թվականի մարտի 21-ին դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։

2023 թվականի մարտի 28-ին Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

 

 

 

 

ՎԱՐԿ՝ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ

Կառավարության երեկվա նիստում փոփոխություն կատարվեց 2023 թվականի բյուջեի մասին օրենքում: Դրանով Լեռնային Ղարաբաղի կառավարությանը միջպետական վարկ կտրամադրվի:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացվող նախագծի նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածությունը մեղմելն ու դրա համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելն է։

Նախագծով մասնավորապես նախատեսվում է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 3.5 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆՎԵԼ

«Արցախցիները պատրաստ են զինվել ու պայքարել, բայց դրսի անտարբերությունը հուսահատեցնում է մարդկանց»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որն այս օրերին գտնվում է շրջափակված Արցախում: Ազգային ժողովի նախկին պատգամավորը պատմում է՝ սնունդը եւ առաջին անհրաժեշտության իրերը մասնակի են հասնում Արցախ, լուրջ խնդիր կա հատկապես սննդի հետ կապված: Նրա խոսքով՝ մատակարարները շատ դեպքերում անորակ ապրանք են հասցնում Արցախ. «Լարվածությունն ավելի է մեծացել, դրսի անտարբերությունը արցախցիների վրա շատ է ազդում: Մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչպես կարող է թե՛ հայրենակիցների, թե՛ աշխարհի կողմից անտարբերության մատնվել 120,000 մարդ»:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

ԳԱՅԼԵՐԸ ԱԳՐԵՍԻՎԱՑԵԼ ԵՆ

Տավուշի մարզի սարերում, անտառներում գայլերի քանակը շատացել է, դրանք բազմացել են։ Տավուշցի որսորդներն ասացին, որ նախկինում գայլ որսալու համար պետությունը  խրախուսում, 100 հազար դրամ գումար էր հատկացում որսորդներին, այժմ օրենքով գայլի որսն արգելված է, ավելին՝  անօրինական կերպով գայլ որսալու համար տուգանքը կազմում է  100 հազար դրամ։ Բնապահպանական խիստ օրենքներ են գործում. տուգանք է սահմանված նույնիսկ կանաչ մողես սպանելու դեպքում։ Հայաստանի տարածքում երեք տեսակի գայլեր են տարածված՝ գորշ, կարմրավուն եւ սեւ: Տարիներ առաջ որսորդները Լոռու մարզի տարածքում՝ Վանաձորի մոտ, որսացել են ամբողջությամբ սեւ գայլ։ Գայլերի թիվը  մեծացել է, վերջին տասնամյակների ընթացքում այդ խելացի կենդանիներն ավելի խելացի եւ զգույշ, նաեւ ագրեսիվ են դարձել, գիշերները  մտնում են Տավուշի մարզի անտառամերձ բնակավայրեր, սարերում գտնվող անասնապահների կացարանների տարածքներ, ոչնչացնում ընտանի կենդանիների։ Դրա պատճառն այն է, որ նախկինում սարերում, անտառներում գայլերի որսը հերիքում էր, այդ գիշատիչները որսում էին  առանց հսկողության մնացած, արածող ընտանի  կենդանիներ, նապաստակներ եւ այծյամներ, հիմա անտառներում, սարերում շատ քիչ են առանց տերերի հսկողության  մնացած ընտանի կենդանիները, նապաստակների զանգվածային հիվանդության հետեւանքով շատ քիչ նապաստակ է մնացել, այծյամներն էլ նախկին տարիներին որսագողերի զոհ են  դարձել։ Որսորդներն ասում են, որ գայլերը շատ զգույշ են դարձել. տարիներ առաջ որսորդների ավտոմեքենաների լուսարձակի լույսի տակ հայտնված գայլը շփոթվում, կուչ  էր գալիս, որսորդները սպանում էին  գիշատչին, հիմա գայլը, ավտոմեքենայի լուսարձակի լույսի մեջ հայտնվելով, փախչում-հեռանում է։

 

 

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԸ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԵԼ Է ԱԱԾ-ԻՆ

Պետական գույքի կառավարման կոմիտեն խնդրանքով դիմել է Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին, որպեսզի Իջեւան քաղաքի Անկախության փողոցի թիվ 10/31 հասցեում  գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող գույքը՝ 37.5 քառակուսի մետր մակերեսով հողամասը նվիրվի  Հայաստանի Հանրապետությանը։ Իջեւան համայնքի ավագանին մարտի 31-ի նիստում միաձայն՝ 17 կողմով որոշել է նշված հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը։ Իջեւանի համայնքապետարանից տեղեկացա, որ այդ հողամասը գտնվում է ԱԱԾ Տավուշի մարզային վարչության շենքի հարեւանությամբ, այդ հողամասը հարկավոր է ԱԱԾ-ին։ Հավելեմ, որ Անկախության փողոցը Տավուշի մարզկենտրոն Իջեւանի կենտրոնական փողոցներից է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս