ՍՏԻՊԵԼ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԻՐԵՆՑ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի ապրիլի 23-ից Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին (Լաչինի միջանցքում), որի հետեւանքով Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ` կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

 

«Ապրիլի 23-ից Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղցահող եւ Լիսագոր համայնքների բնակիչների հումանիտար վիճակն օր-օրի վատթարացել է, փորձ է արվել Կարմիր խաչի արցախյան գրասենյակի միջոցով այդ համայնքներին սնունդ եւ դեղորայք մատակարարել, սակայն այդ ջանքերը արդյունք չեն տվել: Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկզբնական օրերին ծնողների մոտ են վերադարձվել Գորիս քաղաքում մնացած երեք անչափահաս երեխաները, իսկ մնացածների վերադարձն Ադրբեջանը արգելել էր:

Լիակատար ու երկկողմանի շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչների հրատապ հումանիտար խնդիրները լուծելու համար մի խումբ բնակիչներ դիմել են տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին, որոնց կողմից թույլատրվել է առանց զննության մասնավոր մեքենաներով անցնել Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետով` նախապես հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից որեւէ հսկողական միջամտություն չի լինելու: Մեր քաղաքացիները խաղաղապահների աջակցությամբ միակողմանի ու անխափան կերպով անցել են ճանապարհը, սակայն անցակետի տեղադրման պատճառով Գորիսում մնացած հայրենակիցների հետ իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների: Վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը հերթական բեմականացումը ցուցադրելու համար:

Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական ապօրինի անցակետը խոչընդոտում է Արցախի քաղաքացիների, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժը՝ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Արցախի Հանրապետության ժողովուրդը սպասում է Լաչինի միջանցքի` եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմի վերականգնմանը` 5 կմ լայնությամբ միջանցք՝ բացառապես ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ»,- գրել է նա։

Արձագանքելով ադրբեջանցիների տարածած այն տեսանյութին, որում տեսանելի է, թե ինչպես են արցախցիները Հակարի գետի վրա տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետն անցնում` անձնագրային ստուգմամբ եւ մեքենայի զննությամբ, Արցախի պետնախարարը նշել է, թե ՀՀ-ից «իրենց բնակավայր վերադարձի ճանապարհին անցակետում նրանք հանդիպել են ադրբեջանցիների. վերջիններս, մեր քաղաքացիներին դնելով անելանելի վիճակում, ստիպել են կատարել իրենց պահանջները, տեսանկարահանել այդ գործընթացը հերթական բեմականացումը ցուցադրելու համար»:

Facebook-ի իր էջում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է. «Միանգամից ասեմ, որ պետնախարարի այս մեկնաբանությունը համոզիչ չէ հենց միայն այն տեսանկյունից, որովհետեւ մեկ շաբաթ է՝ մամուլում, սոցիալական ցանցերում հազարավոր նյութեր, տեսանյութեր եւ ֆոտոշարքեր էր շրջանառվում ադրբեջանցիների տեղակայած անօրինական անցակետի վերաբերյալ, եւ դժվար թե այդ հատվածով երթեւեկած քաղաքացիները նախապես դրա մասին չիմանային:

Եվ ամենակարեւորը՝ ՀՀ-ից Արցախ մուտք գործելիս` մինչեւ ադրբեջանական անցակետ, ծառայություն են կրում արցախցի ոստիկանները, հարակից հատվածներում, սահմանագծի պահպանությամբ ծառայություն են կրում ՀՀ սահմանապահ զորքերը, որոնք, բնականաբար, տեղյակ էին իրավիճակից:

Այս ամենը ցույց է տալիս, որ խնդիրը ոչ թե ադրբեջանական ծուղակում հայտնված արցախցիներն են, այլ Արցախի իշխանությունները, առանց որոնց թույլտվությամբ կամ համաձայնությամբ բացառված է Արցախի կամ Հայաստանի գրանցում ունեցող անձանց անցումը դեպի Արցախ կամ միջանցքի այն հատված, որտեղ տեղակայված է ադրբեջանական անցակետը:

Արցախի իշխանությունը, իսկ այս դեպքում կոնկրետ պատասխանատուն` նախագահը, պետք է պարզաբանեն, թե ինչ պայմանավորվածության, ինչ քաղաքական որոշման հետեւանքով է տեղի ունեցել այս գործընթացը, որովհետեւ սա խաղաթուղթ է դառնալու ադրբեջանցիների համար՝ միջազգային հարթակներում «հիմնավորելու», որ միջանցքը, իբր, բաց է, շրջափակում չկա, իսկ արցախցիները պատրաստ են ապրել ադրբեջանական օրենքների շրջանակներում»։

 

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑՈՎ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի՝ ապրիլի 30-ին, հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։

Ինչպես նշված է Պետդեպի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, Ալիեւի հետ զրույցում Բլինկենն ընդգծել է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցությունների կարեւորությունը եւ խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։

«Պետքարտուղար Բլինկենը համոզմունք է հայտնել, որ հնարավոր է խաղաղության հասնել։ Նա նաեւ Միացյալ Նահանգների խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղակայման կապակցությամբ՝ նշելով, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, եւ ընդգծել Լաչինի միջանցքը հնարավորինս շուտ բացելու կարեւորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 

 

ՄԻՋԱԴԵՊ՝ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ՝ ապրիլի 30-ին Քարելիի մունիցիպալիտետի Դվանի գյուղի մոտ ռուսական ուժերի ներկայացուցիչները ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։

«Ալիք»-ը հայտնում է, որ տեղաբնակները հայտնել են՝ երկու քաղաքացիներն էլ ձերբակալման պահին անասուններ արածեցնելիս են եղել։

«Պետական անվտանգության ծառայությունը, նշված միջադեպի մասին տեղեկությունը ստանալով, ակտիվացրել է ԵՄ դիտորդական առաքելության կողմից գործարկվող թեժ գիծը։ Միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել են միջազգային գործընկերները եւ Ժնեւի միջազգային քննարկումների համանախագահները։

Գործարկվել են բոլոր գործող մեխանիզմները՝ ապօրինի բերման ենթարկված անձանց հնարավորինս սեղմ ժամկետներում ազատ արձակելու համար»,- նշված է ՊԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

 

 

 

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգներում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին։ Երեւանն ու Բաքուն այլ մանրամասներ չեն հաղորդել։

Մինչ այդ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, հղում անելով ԱՄՆ-ում իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնը փորձելու է հասնել տարաձայնությունների հաղթահարմանն ու խաղաղության «ճանապարհային քարտեզի» մշակմանը։ Անգամ նշվել էր, որ Միրզոյանի եւ Բայրամովի հանդիպումը կարող է տեւել «մի քանի օր»։

Միրզոյանի ու Բայրամովի նախորդ հանդիպումը նոյեմբերի 7-ին էր, դարձյալ՝ Վաշինգտոնում։

Օրեր առաջ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ կա համաձայնություն Ռուսաստանում անցկացնել Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպում։ Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել էր, որ «կան հանդիպումների առաջարկներ, հիմա նաեւ՝ պայմանավորվածություններ», բայց հանդիպման ամսաթիվը կհաղորդվի լրացուցիչ։

Հայաստանի արտգործնախարարը հրաժարվել էր անցած դեկտեմբերին Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպումից։

 

 

 

 

 

ԱԺ 5-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏ

Այսօր՝ մայիսի 2-ին, խորհրդարանը կվերսկսի իր աշխատանքը: Կմեկնարկեն ԱԺ 5-րդ նստաշրջանի հերթական նիստերը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ԱԺ մեկնարկելիք նստաշրջանի օրակարգում 16 հարց է ընգրկված:

Նախատեսվում է, որ այս շաբաթ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւս կգա խորհրդարան՝ ներկայացնելու դատախազության 2022թ.-ի գործունեության մասին հաղորդումը:

Պատմել է համայնքապետը

Ապրիլի 23-ից Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Արցախ-Հայաստան սահմանագծին՝ Լաչինի միջանցքում, ինչի հետեւանքով Շուշիի շրջանի համայնքները մնացել են լիակատար շրջափակման մեջ՝ կտրվելով ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ ՀՀ-ից:

Շուշիի շրջանի չորս համայնքների բնակիչները, որոնք անցակետի տեղադրման պատճառով մնացել էին Գորիսում, երեկ ռուս խաղաղապահների աջակցությամբ փորձել են վերադառնալ իրենց բնակավայրեր, սակայն ադրբեջանցիները Լաչինի միջանցքում կանգնեցրել են նրանց:

ArmLur.am-ի հետ զրույցում Շուշիի շրջանի Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը պատմում է՝ ադրբեջանցիները կանգնեցրել են Գորիսից Արցախ վերադարձող արցախցիներին, տեսանկարահանել նրանց, ստուգել նրանց անձնագրերը, նաեւ ծաղրի են ենթարկել նրանց, հարցրել են՝ Խանքենդի՞ եք գնում: «Ռուսն էլի խաբել է, ասել է՝ իրենք են ստուգելու, ադրբեջանցիները չեն ստուգելու, մարդիկ գնացել են, պարզվել է՝ ադրբեջանցին է ստուգում »,-ասում է Դավթյանը:

 

 




Լրահոս