ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷԼ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ Է
«Բանակն իրականում» նախաձեռնության ակտիվիստներ Վարդգես Գասպարիին եւ Լալա Ասլիկյանին բողոքի ակցիային մասնակցելու համար բերման ենթարկելու փաստի հետ կապված` ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը  չի պատրաստվում ոչինչ անել, քանի որ  իրենք  որեւէ դիմում չեն ստացել: Միեւնույն ժամանակ Անդրեասյանը չի ցանկացել մեկնաբանել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի  այն հայտարարությունը, թե ինքը բողոքի ակցիաներն արգելել է, որովհետեւ դրանց  մասնակիցները վիրավորում են կառավարության ներկայացուցիչներին: Անդրեասյանն ընդամենը նկատել է. «Ակցիաները նրա համար չեն, որ փափուկ, հանդարտ, որեւէ մեկին նեղություն չտալով անցնեն: Ե՛ւ հասարակությունը, ե՛ւ պաշտոնյաները պետք է հասկանան, որ ակցիաները հենց անհանգստություն պետք է պատճառեն եւ ուշադրություն հրավիրեն բարձրացված խնդրին»:

ՄԱՐԱԶՄԱՏԻԿ ԵՆ
«Եթե մինչ այդ վարչախումբը սխալ քաղաքականություն էր վարում, վերջերս դա ստացել է սուր արտահայտված մարազմատիկ բնույթ»,-ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում նման գնահատական է հնչեցրել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Անդրադառնալով ատոմակայանի խնդրին` Բագրատյանն ասել է. «Ատոմակայան բացելը պակաս բարդ հարց չի եղել, քան Ղարաբաղն ազատագրելը: Հիմա մի քանի կոպեկ աշխատավարձի համար ատոմակայան են փակում, էդ ո՞ւմ են ուզում հաճոյանալ: Էդ ատոմակայանի ինքնարժեքն ավելի բարձր չէ, քան ֆրանսիական ցանկացած ատոմակայանինը, էդ ինչպե՞ս է, որ էնտեղի աշխատողը 5000 եվրո է ստանում»:

ՀԱՍԿԱՑԱՎ
«Օրենքում կան միջազգայնորեն թույլատրելի անհստակություններ, բայց, ինչպես պարզվեց մեր երկրում կիրառման ընթացքից, դրանք այդքան էլ ցանկալի չեն: Այդ անհստակությունները եվրոպական երկրներում որոշում է դատարանը, իսկ մեր երկրում այն մասերը, որոնք թողնված են դատարանի որոշմանը, ցավոք սրտի, սկսել են մտահոգիչ լինել եւ լրջորեն վտանգել խոսքի ազատությունը»,-խոսելով զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթների մասին` «Առաջին լրատվական»-ին ասել է ՀՀ ՄԻՊ  Կարեն Անդրեասյանը: Հիշեցնենք, որ Անդրեասյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` վերոնշյալ օրենքի մի շարք դրույթների հակասահմանադրականության խնդրով:

«Ա1+»-Ը ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ Է
«Մելտեքս» ՍՊԸ-ն` «Ա1+»  հեռուստաընկերությունը, նոյեմբերի 3-ին դիմելու է Վարչական դատարանի վերաքննիչ ատյան` բողոքարկելու հոկտեմբերի 3-ին վարչական դատարանի կայացրած որոշումը: Այդ որոշումով մերժվել էր «Մելտեքս»-ի հայցը չեղյալ համարելու` ՀՌԱՀ-ի 96Ա որոշումը, ինչպես նաեւ ընկերության խախտված իրավունքները վերականգնելու պահանջը:

ԿԱՇԱՌԱԿԵՐ ԲԺԻՇԿԸ
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Երեւանի «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ինստիտուտ» ՓԲԸ օրթոպեդիկ եւ ոսկրային պաթոլոգիաների բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Սերոբ Համբարձումյանը, ով առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինակոչիկին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար  պահանջել եւ ստացել է 1.500 ԱՄՆ դոլար գումար:

ԱԶԱՏԵԼ ԵՆ
ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալի հետ անթույլատրելի կապերի մեջ գտնվելու եւ դատապարտյալին լրացուցիչ սննդամթերք ու սպորտային կոշիկներ փոխանցելու համար «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Արտյոմ Պետրոսյանը երեկ ազատվել է ծառայությունից:




Լրահոս