Ապրիլի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 122 «կողմ» ձայներով բանաձեւ է ընդունել ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի համագործակցության մասին, որտեղ հիշատակվում է նաեւ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան»։ Ի թիվս այլ երկրների՝ բանաձեւին աջակցել է նաեւ Հայաստանը: Բանաձեւին աջակցել են Ղազախստանը, Չինաստանը եւ Թուրքիան, դեմ են արտահայտվել Ռուսաստանը, Բելառուսը, Նիկարագուան, Սիրիան եւ Հյուսիսային Կորեան։ Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ 15 այլ երկիր ձեռնպահ են մնացել։ Բանաձեւը, մասնավորապես, կոչ է անում փոխհատուցել ռուսական ագրեսիայի հետեւանքով հասցված վնասը եւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեղավոր են միջազգային իրավունքի նորմերի խախտման համար: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:
-Պարո՛ն Բադալյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ ՄԱԿ-ում ՌԴ-ի դեմ Հայաստանի քվեարկությունը, արդյոք այն որեւէ կերպ կանդրադառնա՞ հայ-ռուսական հարաբերությունների վրա:
-Դա ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի համագործակցության մասին բանաձեւ է, որին շատ երկրներ կողմ են քվեարկել: Այստեղ մի խնդիր կա, որի վերաբերյալ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը բացատրություն է տվել, որ ընդհանուր բանաձեւը նորմալ է եղել, խնդրահարույց չի եղել, ուղղակի այդտեղ մի կետ են մտցրել, որտեղ նշված է, որ Ռուսաստանը ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի եւ Վրաստանի նկատմամբ, իսկ այն երկրները, որոնք կողմ են քվեարկել, նշել են, որ ընդհանուր բանաձեւին կողմ են քվեարկել, բայց կոնկրետ ՌԴ-ին վերաբերվող կետին կողմ չեն քվեարկել: Այնպես որ, միանշանակ չէ, որ հատուկ կողմ են քվեարկել բանաձեւին՝ Ռուսաստանին ագրեսոր ճանաչելու համար: Հայաստանից բացի, հարյուրից ավել երկրներ կողմ են քվեարկել այդ բանաձեւին՝ Բրազիլիան, Չինաստանը, Ղազախստանը, այսինքն՝ երկրներ, որոնք ՀԱՊԿ-ի կամ «Բրիքս»-ի ձեւաչափով Ռուսաստանի դաշնակիցներն են եղել: Նրանք կողմ են քվեարկել ընդհանուր նախագծին, վերջին պահին ՌԴ-ին վերաբերվող այդ կետը մտցվել է բանաձեւ, ստացվել է, որ Ռուսաստանին ագրեսոր ճանաչելուն են կողմ քվեարկում, իրականում այդպես չէ: Դրա համար էլ կարծում եմ, որ որեւէ հետեւանք դա չի ունենալու
-Ըստ Ձեզ՝ Ռուսաստանն ինչպե՞ս կարձագանքի Հայաստանի այս քայլին:
-Ռուսաստանն էլ պաշտոնապես դիտարկում է, որ սա սադրանք էր Արեւմուտքի կողմից: ՌԴ-ն շատ լավ հասկանում է՝ 9-րդ կետը մտցվել է ընդհանուր բանաձեւի մեջ՝ իրեն վնաս տալու համար, դրա համար էլ այն երկրները, որոնք կողմ են քվեարկել բանաձեւին՝ առանց 9-րդ կետի, կողմ քվեարկած երկրներն էլ հայտարարել են, որ այդ կետին կողմ չեն: Ուստի բանաձեւին կողմ քվերակելը ՌԴ-ն չի դիտում որպես թշնամական արարք, եւ հետեւանքներ, որպես այդպիսին, չեն լինի:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՓՈՐՁՈՒՄ Է ԱԶԱՏՎԵԼ ՀԱՅ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ
Լաչինում անցակետի տեղակայումից հետո Ադրբեջանը փորձում է ազատվել Դադիվանքի հայ հոգեւորականներից: Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել է, որ հայ հոգեւորականները պետք է լքեն Դադիվանքի վանական համալիրը։
ArmLur.am-ի հետ զրույցում Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը նշում է՝ Նիկոլ Փաշինյանն է իր հայտարարություններով հիմք տվել, որ Ադրբեջանը նման պահանջներ դնի Արցախի առջեւ: «Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ասում, որ Արցախն Ադրբեջանի տարածք է. հենց Արցախի մեջ են գտնվում եւ՛ Դադիվանքը, եւ՛ Ամարասը, եւ՛ Գանձասարը: Ինքը 2020թ-ին ստորագրեց Արցախը Ադրբեջանի կազմի մեջ, բայց փուլ առ փուլ է տալիս, որ ժողովուրդը չբողոքի, ոտքի չկանգնի: Այսօր Նիկոլ Փաշաեւը անում է այնպես, որ մինչեւ վերջ Արցախը տա Ադրբեջանին եւ հանգստանա. այսօր 120,000 զտարյուն հայ ապրում է Արցախում եւ պատրաստ է Արցախը պաշտպանել մինչեւ վերջ »,-ասում է նա:
«ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՉԻ ՓՈԽՎԵԼ»
Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ. նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Թուրք նախարարն օդային տարածքի փակումը բացատրել է Երեւանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ: «Անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնենք մեր երկիր, բայց թույլ չենք տա օդանավերի եւ մասնավոր ինքնաթիռների անցումը մեր տարածքով, քանի դեռ սադրանքները կան Հայաստանի կողմից Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ։ Եթե դրանք չդադարեցվեն, մենք այլ միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։ ArmLur.am-ի հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասում է՝ նման անակնկալները Հայաստանի համար շարունակական կլինեն, Թուրքիան ամեն պահի կարող է փակել օդային սահմանը, հետագայում ավելի ագրեսիվ քայլերի գնալ: «Թուրքիան շարունակում է մնալ Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված պետություն, եւ որեւէ դրական տենդենց հայ-թուրքական հարաբերություններում չկա: Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ չի փոխվել, միայն փոխվել է Հայաստանի դիմադրողականությունը, ՀՀ իշխանությունների մտածողությունն է անհիմն փոխվել Թուրքիայից բխող սպառնալիքների նկատմամբ»,-ասում է Մելքոնյանը:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ՝ ԱՊՕՐԻՆԻ ԱՆՑԱԿԵՏԻ ՀԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօրվանից ստորագրահավաք է իրականացնում՝ Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով:
Պատգամավորն իր ակցիայով նպատակ ունի աջակցություն հայտնել Արցախում ստորագրահավաք սկսած մեր հայրենակիցներին, ինչպես նաեւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ապօրինությունների, ու նաեւ նրա կողմից վարվող ցեղասպան քաղաքականության վրա:
Բերձորում Ադրբեջանի կողմից ապօրինի տեղադրված անցակետը հանելու պահանջով ստորագրահավաքը կշարունակվի մի քանի օր՝ մինչեւ բավարար քանակով ստորագրություններ հավաքվեն:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ