ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՆ ՍՏԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի տեղեկատվության վարչությունից տեղեկացավ, որ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ:

 

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը: Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ: Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երեւան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանում գտնվող ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի շենքին (1950-ական թթ.), որը կառուցվել է 1950-ական թթ. որպես վարչական շենք: Այստեղ տեղակայվել է ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը: 1973 թ. տրամադրվել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտին: Հաջորդը Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի «ԽԱՉՔԱՐ» (1309 թ.) քարակոթողն է, որը նախկինում եղել է վիշապաքար եւ, ըստ խաչքարի հորինվածքի մաս կազմող ծավալուն թվակիր արձանագրության, խաչքարացվել է 1309 թ., տեղահանված է եւ ընկած: Խաչքարի հորինվածքի կենտրոնում հիմնախաչն է, իսկ խաչաթեւերի միջակայքում առկա են մեկական փոքր խաչեր, որոնք նվիրված են ընտանիքի առանձին հանգուցյալ անդամներին: Առանձին փոքր, փորագիր խաչեր պատկերված են հորինվածքի չորս անկյուններում եւ հիմնախաչի տակ:

Նշենք որ, Հայաստանում խաչքարացված վիշապաքարեր փաստագրվել են նաեւ Գեղամա լեռներում (Աժդահա յուրտ), Սառնաղբյուրում (Շիրակի մարզ), Գառնիում (Կոտայքի մարզ), Վայոց ձորի մարզի Ռինդ, Կարմրաշեն, Թառաթումբ գյուղերում եւ այլուր: Որպես խաչքարային արվեստի ինքնատիպ օրինակ՝ արժեւորվել է Սյունիքի մարզի Խոտ գյուղի «Ովաննեսի խաչքար»-ը (XV-XVI դդ.)։ Այն մոխրագույն բազալտե ուղղանկյուն սալ է, որի դիմային հարթության վրա կամարաձեւ վերնամասով խորադիր խորշում քանդակված է երկճյուղ թեւերը հյուսկեն, եռաբողբոջ զարդերով հարդարած հիմնախաչ։ Խաչաթեւերի վերնամասում խաղողի ողկույզներ են, իսկ ներքեւում մեկական փոքր խաչաքանդակներ։ Նույն գյուղի «Մուրատ Ակոբճանի» արձանագիր տապանաքարը (1552 թ.) նույնպես ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ: Վերջինս սրբատաշ բազալտե ուղղանկյուն սալ է, որի աջ կողային հարթության վրա պահպանվել է երկու տող արձանագրություն. «ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՄԱՆՈՅ ՔՅՈԽՎԻ ՈՐԴԻ ՊԷՅ ՄՈՒՐԱՏ ԱԿՈԲՃԱՆԻՆ ԹՎ ՌԱ (1552)»:  Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել նաեւ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի «ՀՆՁԱՆ» (XII-XIV դդ.) նոր հայտնաբերված պատմամշակութային օբյեկտին, որի ուղղաձիգ կտրվածքը պատահականորեն բացվել էր 2022թ.՝ հողաբաժանման աշխատանքների ժամանակ: Քննարկվել են նաեւ ՀՀ տարբեր մարզերում գտնվող պատմության եւ մշակույթի անշարժ 28 հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը, որոնք, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների եւ տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը: Ներկայացվել եւ հանձնաժողովի անդամների հավանությանն է արժանացել ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր բնակավայրի ԱՄՐՈՑ «Քյոշկ», Ք. ա. V դ.- Ք. հ. VII դ., XVII դդ. (պետ. ցուցիչ՝ 9.1.2) (Հ) հուշարձանը զբոսաշրջային ենթակառուցվածքներով ապահովելու ծրագիրը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

Հ. ՄԱԼՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԸ ԿՓԱԿՎԻ՞

Քիչ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս անգամ էլ որոշել է նախարարության օպտիմալացման ծրագրի շրջանակներում փակել Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը:

 

Այս առնչությամբ ArmLur.am-ը դիմեց ԿԳՄՍ նախարարության հասարակայնության եւ տեղեկատվության կապերի վարչություն, որտեղից հայտնեցին, որ այս պահին ԿԳՄՍ նախարարությունում նման նախագիծ չի  շրջանառվում: Ավելի վաղ ArmLur.am-ը խոսեց Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի տնօրեն Վարդուհի Ռուշանյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ԿԳՄՍ նախարարությունից նման ծրագրի մասին իրենց չեն հայտնել: Վարդուհի Ռուշանյանի խոսքով՝ թատրոնի շուրջ տարատեսակ լուրեր լսել են, բայց հստակ տեղեկություններ չունեն:

Լ.  ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

«ԵՍ ՉԳԻՏԵՄ՝ ԻՐԱԿԱՆ Է, ԹԵ ՈՉ»

Նիկոլաս Քեյջը պնդում է, որ իր առաջին հիշողությունը ձեւավորվել է դեռեւս ծնվելուց առաջ՝ մոր արգանդում։ Այս մասին հայտնի դերասանը կիսվել է Սթիվեն Կոլբերտի շոուի ժամանակ։

«Ես չգիտեմ՝ դա իրական է, թե ոչ, բայց երբեմն մտածում եմ, որ կարող եմ վերադառնալ արգանդ եւ զգալ, որ մթության մեջ դեմքեր եմ տեսնում կամ նման բան», – ասել է Քեյջը: «Ես գիտեմ, որ դա շատ վերացական է հնչում, բայց ինչ-որ կերպ թվում է, որ դա եղել է»:

Հարցին, թե արդյոք այդ դեմքերը իսկապես նրա հետ են եղել արգանդում, թե նա կարծում է, որ դրանք ինչ-որ բան են ստեղծել իր նախածննդյան ուղեղի կողմից, դերասանը նշել է, որ «գուցե դա ձայնի թրթիռներն էին, որոնք ռեզոնանսվում էին ինձ հետ այդ փուլում»: «Ես նույնիսկ չգիտեմ, թե արդյոք հիշում եմ ինձ մորս արգանդում, բայց այս միտքը եկավ իմ գլխում»:

Աստղը հայտնի է իր էքսցենտրիկությունը ցուցադրելով եւ իր հետաքրքիր տեսությունների ու կյանքի փորձի մասին բաց խոսելով։ Քեյջը նախկինում պատմել է այն մասին, թե ինչպես է մանուկ հասակում համոզված եղել, որ այլմոլորակային է։ «Ես շոկի մեջ էի այն օրը, երբ մանուկ հասակում գնացի բժշկի եւ պարզեցի, որ ունեմ նորմալ օրգաններ ու նորմալ կմախք, քանի որ վստահ էի, որ այլ մոլորակից եմ», – ասաց նա Rampstyle ամսագրին։

 

 

 

 

 

ՆՈՐ ՄՈԴԵԼ

52-ամյա գրող, ակտիվիստ, դերասանուհի, բարերար եւ հեռուստահաղորդավարուհի Պադմա Լակշմին դարձել է Sports Illustrated Swimsuit Issue-ի մոդել։

«Jimmy Kimmel Live!»-ի վերջին դրվագում նա խոստովանել է, որ «խելագարվել», երբ ստացել է առաջարկը։ «Ես կսպանեի դրա համար, երբ 20 տարեկան էի եւ մոդել էի, քանի որ դա սուրբ Գրալն է»:

Նրա խոսքով՝ առաջարկը ստանալուց հետո չի կարողացել հավատալ ականջներին, իսկ հետո խելագարվել է ու շտապել մարզասրահ։ Նա նաեւ խոստովանել է, որ իր՝ «Լավագույն խոհարարը» շոուի նկարահանումների ժամանակ ստիպված է եղել ավելի ինտենսիվ քրտնել եւ ավելի ինտենսիվ մարզվել չափից շատ ուտելու պատճառով։

Նորաձեւության լուսանկարիչ Յու Ցայն այս թողարկման համար կատաղի կադրեր է նկարահանել, որոնցում Լակշմին կեցվածք է ընդունել լողազգեստներով: Sports Illustrated Swimsuit Issue-ի գլխավոր խմբագիր Մջեյ Դեյը բացատրել է, թե ինչու է ընկերությունը 2023 թվականի շապիկի համար ընտրել հնդկաամերիկյան գեղեցկուհի:

«Պադմայի այստեղ գտնվելու կարեւորությունը բազմակողմանի է: Նա այստեղ է, քանի որ նա իրեն ավելի լավ է զգում, քան երբեւէ, ինչպես ներքուստ, այնպես էլ արտաքուստ», – ասվում է Դեյի հայտարարության մեջ:




Լրահոս