Երեւան քաղաքի Սարալանջի 1 հասցեում գտնվող նախկին «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ հանձնված 31780,0 քմ ընդհանուր մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը կազմել է 805 մլն 623 հազար դրամ, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ, 2004 թվականի հունվարի 16-ին օտարվել է 62 մլն 973 հազար 405 դրամով:
ArmLur.am-ը Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ 2004 թվականի հունվարի 16-ին Երեւանի քաղաքապետը, խախտելով «Պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու եւ օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին»կառավարության որոշումը, ինչպես նաեւ Հողային օրենսգրքի պահանջները, պետական սեփականություն հանդիսացող նախկին «Երիտասարդական պալատ» ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված Սարալանջի 1 հասցեում գտնվող 31780,0 քմ մակերեսով հողամասը, որի կադաստրային արժեքը 805 մլն 623 հազար դրամ է, իսկ շուկայականին մոտարկված արժեքը՝ 4 մլրդ 430 մլն 926 հազար 500 դրամ, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքից էականորեն պակաս գնով՝ 62 մլն 973 հազար 405 դրամով, առանց օրինական հիմքերի, օտարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Բացի այդ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում առերեւույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով 2011 թվականին «Ավանգարդ Մոթորս» ընկերությանը կադաստրային արժեքով օտարվել են նաեւ Սարալանջի 1 հասցեում գտնվող 53.0 քմ եւ 4854.86 քմ մակերեսներով հողամասերը, մինչդեռ դրանցից 53.0 քմ մակերեսով հողամասը, համաձայն Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ-ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի 2005 թվականի գրության, ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում եւ ենթակա չի եղել օտարման:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց, նոտարի, ինչպես նաեւ այլ անձանց կողմից առերեւույթ հանցանք կատարելու դեպք, 2023 թվականի ապրիլի 20-ին դատախազի կողմից առերեւույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:
2023 թվականի ապրիլի 22-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք կատարելը) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի մայիսի 5-ին, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, հայց է ներկայացրել Վարչական դատարան:
ՕԲՅԵԿՏԻՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ՝ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼԻՍ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մի շարք որոշումներում եւ եզրակացություններում անդրադարձել է այն հարցին, թե զեղչի դեպքում որ գնից է իրականացվում ապրանքի գնի նվազեցումը՝ արձանագրելով հետեւյալը.
– ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման միջին գինն ակցիայի մեկնարկի պահին նախորդող մեկ ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գների միջին թվաբանականն է,
– եթե ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման համար ակցիայի մեկնարկի օրվան նախորդող ամսվա ընթացքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման գնի փոփոխություն տեղի չի ունեցել, ապա «միջին գնի» հաշվարկման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ նախորդող ամսվա ցանկացած օրվա վաճառքի գինը հենց ապրանքի միջին գինն է,
– կոնկրետ օրվա ընթացքում ապրանքի վաճառքի տարբեր գների առկայության դեպքում, հօգուտ ակցիա իրականացնողի, այդ օրվա վաճառքի գին է դիտարկվում ապրանքի տվյալ օրվա վաճառքի ամենաբարձր գինը,
– այն դեպքում, երբ ակցիայի մեկնարկի օրվան նախորդող ամսվա ոչ բոլոր օրերին է տվյալ ապրանքի վաճառք իրականացվել, ապա վաճառք չիրականացված օրվա համար, հօգուտ ակցիա իրականացնողի, վաճառքի գին է ընդունվում նախորդող կամ հաջորդող օրերի վաճառքի գներից ամենաբարձրը, եթե այդ օրերի վերաբերյալ գնի փոփոխության, այդ թվում՝ որեւէ ակցիայի իրականացման հիմքով գնի նվազեցման վերաբերյալ հանձնաժողովում տեղեկություններ առկա չեն,
– արձանագրված վաճառքի գինը չի դիտարկվում տվյալ օրվա ապրանքի վաճառքի գին, եթե ակցիա իրականացնողն ապացուցում է, որ այդ գնի կիրառումը պայմանավորված է ոչ խտրական, օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված առանձին խումբ անձանց հասցեագրված մարքեթինգային քաղաքականությամբ, եւ ակցիա իրականացնողն ակցիայի մեկնարկին նախորդող մեկ ամսվա ընթացքում ունեցել է ապրանքի դրանից բարձր գնով վաճառք կամ առնվազն վաճառքի առաջարկ։
ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԱՄԱՍԵՐ
Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ Տավուշի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողային հաշվեկշռի, կազմում են 110 665,6 հեկտար, որից վարելահող՝ 25 485,3 հեկտար, բազմամյա տնկարկներ՝ 1981,8 հեկտար, այդ թվում՝ խաղողի այգիներ՝ 1195,3 հեկտար, պտղատու այգիներ՝ 786,5 հեկտար, խոտհարքներ՝ 9400,6 հեկտար, արոտավայրեր՝ 63 006 հեկտար, այլ՝ 10791,8 հեկտար։ Մարզում ոռոգելի հողատարածքները կազմում են 6779,9 հեկտար, որից տնամերձեր՝ 1215,8 հեկտար։ 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանում ջրամբարաշինությանը հատկացվել է 22 միլիարդ դրամ, 2023 թվականի պետական բյուջեով այդ գումարը կիսվել է, ջրամբարների շինարարությանը հատկացվել է 11 միլիարդ դրամ։ 2017 թվականին Տավուշի մարզում գոյություն ուներ պետական բյուջեի միջոցներով Կողբի եւ Հախումի ջրամբարների շինարարության ծրագիր, նախատեսվում էր սահմանամերձ տարածքներում կառուցվելիք այդ ջրամբարներում կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր, սակայն այդ ջրամբարներն այդպես էլ չկառուցվեցին, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Տավուշի մարզում ոչ մի ջրամբար չկառուցվեց։ Տավուշի մարզի գետերը՝ Աղստեւը, Ոսկեպարը, Հախումը, Քարահանը, Վրաստանի տարածքով անցնելուց հետո հոսում են Ադրբեջան, այնտեղ կուտակվում ջրամբարներում, ոռոգում այդ երկրի հողատարածքները, այգիները։
ԾԵԾԵԼ Է ԿԱՊԻՏԱՆԻՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում շարունակվում է Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, 1990թ. ծնված Նվեր Հախվերդյանի դատավարությունը։ Ն. Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊՆ Ն զորամասի պայմանագրային զինծառայող, 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 17-ն անց 40-ի սահմաններում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ վիճաբանել է իր նկատմամբ պետ հանդիսացող կապիտան Նարեկ Պետրոսյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել Ն. Պետրոսյանի նկատմամբ՝ աջ ձեռքի բռունցքով երկու անգամ հարվածել է նրա կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ։ Ն. Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 519 հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Սույն քրեական գործով մեղադրանքը դատարանում պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ