Կուսակցությունների, լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության մասին խոսող, պահանջներ ներկայացնող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հերթական սկանդալի մեջ է ընկել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անկախ աուդիտորական եզրակացություն է ուղարկվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվին՝ հայտնաբերելով աղաղակող ֆինանսական խախտումներ: Իշխող կուսակցությունը թուլատրելի չափից շատ անդամավճար է հավաքել, շուկայականից ցածր գնով կուսակցական գրասենյակներ վարձակալել եւ նվեր ստացել գրասենյակի տարածքներ, որոնք պարզ չէ՝ ով է տվել, ինչ ծառայության դիմաց եւ ինչ իրական նպատակներով: Կոռուպցիան մերժող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի վերաբերյալ «ԹՄ աուդիտ» ՓԲԸ-ն եզրակացություն է ներկայացրել՝ համաձայն որի՝ կուսակցությունը կատարել է 9 մլն 64 հազար դրամի կանխիկ դրամական վճարումներ։ Եվ այստեղ էլ հենց կանոններ են խախտվել, քանի որ, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն, կուսակցությունները բոլոր դրամական միջոցները պետք է կատարեն անկանխիկ եղանակով: Բացի այդ, ՔՊ-ն իրավաբանական անձանցից ստացել է 16 մլն 300 հազար դրամի աջակցություն, բայց պարզ չէ՝ ովքեր են խորհրդավոր նվիրատուները: Իշխող կուսակցությունը երկու իրավաբանական անձանցից նաեւ բնեղեն նվիրատվություններ է ստացել՝ տարածքի տեսքով, բայց էլի պարզ չէ, թե ովքեր են իշխող ՔՊ-ին նվերներ տվել: Բացահայտվել է նաեւ, որ 525 նվիրատուների մասով որեւէ տեղեկություն առկա չէ, չկա տվյալ՝ ով, ինչու է նվեր տվել իշխող թիմին: Սա էլ դեռ ամենը չէ. կուսակցությունը մեկ անձից ստացել է 4 մլն 992 հազար դրամի նվիրատվություն այն դեպքում, երբ տարեկան մեկ անձի կողմից 2 մլն 500 հազար դրամ պետք է կազմի այն, այսինքն՝ ՔՊ-ն ստացել է նաեւ թուլատրելիից ավելի նվիրատվություն՝ գումարի տեսքով:
Նկատենք, որ ՔՊ-ի վարչության կեղծված ընտրություններից հետո այս բացահայտումները երկրորդ խոշոր սկանդալն է իշխող ՔՊ-ի շուրջ: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թաղվել են կոռուպցիայի մեջ:
ՔՊ խմբակցությունը զբաղված է ԱԺ միակ ընդդիմադիր պաշտոնյայի՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնանկ անելու հարցով:
Հայաստանի Հանրապետության լինելիության հարցն է քննարկում Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում, Մոսկվայում եւ, գուցե, նաեւ Բրյուսելում, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակում է մնալ պասիվ դիտորդ: ԱԺ իշխանական 71 պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, խորը անտեղյակության մեջ է: 1-2 հոգի են որոշակի տեղեկության տիրապետում, թե Նիկոլ Փաշինյանն ինչեր է քննարկում Հայաստանի Հանրապետության մասին: Արցախի Հանրապետության հարցը վաղուց փակված է ՔՊ-ականների համար: ՔՊ-ում հույս ունեն, որ Փաշինյանը Մոսկվայից վերադառնալուց հետո կհանդիպի իրենց եւ կլուսավորի՝ ինչ է կատարվում: Բանն այն է, որ ՔՊ-ում վաշինգտոնյան բանակցություններից հետո դեռ չեն էլ հասցրել հանդիպել Փաշինյանի հետ, չեն քննարկել արդյունքները, տեղյակ չեն՝ մի քանի օր շարունակ ինչ են բանակցել ԱՄՆ-ում Միրզոյանը եւ Բայրամովը, միայն ԱԺ հարցուպատասխանի ժամանակ են որոշ կցկտուր բաներ լսել Փաշինյանի կողմից: Արեւմտյան մամուլը գրում է, որ մայիսի 14-ին նոր բանակցություն է սպասվում արդեն Փաշինյանի ու Ալիեւի մասնակցությամբ, այս անգամ էլ՝ Բրյուսելում: Հիմա ՔՊ-ում շունչները պահած սպասում են Փաշինյանին, որը մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար մեկնել է Մոսկվա: Փաշինյանի վերադարձից հետո՝ մինչ նրա՝ Բրյուսել մեկնելը, ՔՊ-ականները կհավաքվեն, որպեսզի Փաշինյանից տեղեկանան վաշինգտոնյան բանակցությունների մասին եւ հասկանան՝ ինչ օրակարգով է նա մեկնում Բրյուսել՝ Ալիեւի հետ հանդիպման: Մի բան հստակ է. ՔՊ-ականները վախեցած են եւ միայն թաքուն հույս են փայփայում, որ Փաշինյանը հերթական անգամ նոր փաստաթուղթ չի ստորագրի ինքնագլուխ, որի տակից հետո ամբողջ խմբակցությունով չեն կարողանա դուրս գալ:
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: Ավանդաբար Հայաստանում ու Արցախում մայիսի 9-ին մի շարք միջոցառումներ են տեղի ունենում՝ պաշտոնական մակարդակով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա եւ այնտեղ է մասնակցելու միջոցառումների, հետեւաբար նա «Հաղթանակ» զբոսայգում ներկա չի լինի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս անգամ պաշտոնական միջոցառումը կազմակերպել է ՀՀ նախագահի աշխատակազմը, ներկա են լինելու պաշտոնյաներ, հյուրեր:
Ազգային ժողովի աշխատակազմը մեկ ամսից ավելի է՝ ծառայողական քննություն է իրականացնում՝ պարզելու համար, թե ինչպես է Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի մասնակցությամբ միջադեպից հետո տեսանյութը հայտնվել իշխանական պատգամավորների հետ առնչություն ունեցող լրատվամիջոցներում: Ո՞ւմ հրահանգով եւ ո՞ւմ կազմակերպմամբ է դա տեղի ունեցել: Ինչպես հայտնի է, մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: ԱԺ տեղեկատվության ազատության պատասխանատու Լաուրա Անտոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, թե ապրիլի 3-ից ծառայողական քննություն է սկսվել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար կրկին դիմեց Լաուրա Անտոնյանին, որն ի պատասխան հայտնեց. «Միջադեպի հանգամանքները լիարժեք եւ ամբողջական պարզաբանելու նպատակով վարույթը դեռ ընթացքի մեջ է»։ Ամեն դեպքում, նկատենք՝ այդքան երկար ծառայողական քննություն իրականացնելու պատճառ թերեւս չկա. պետք է ընդամենը հասկանալ՝ ով է մտել անվտանգության տեսախցիկների սենյակ, կամ ով է հրահանգել կրիչով դուրս հանել օրվա տեսաձայնագրությունը: Սա անելու համար մեկ ամիս ժամանակ վստահաբար պետք չէ: