Արաբկիրի նախկին թաղապետ, այժմ «Հանրային ձայն» կուսակցության համախոհ Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Ինչպես Հովհաննես Շահինյանն էր «Ֆեյսբուք»-ում հայտնել, Ոստիկանության Երեւան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են իր ծնողների բնակարան, որպեսզի, քննիչի որոշման համաձայն, ձերբակալեն Շահինյանին, թեեւ վերջինս, արդեն տեւական ժամանակ է, բացակայում է երկրից:
«Ոստիկանության Երեւան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են ծնողներիս բնակարան՝ պատճառաբանելով, որ, իբրեւ թե, ցանկանում են ինձ հետ զրուցել, բայց ինչպես ընդունված է մեր օրերում, այդքան մեծ կազմով բնակարան այցելում են միայն ձերբակալման նպատակով: Քանի որ մեր իրավապահները հետեւում են իմ էջին, ուստի ցանկանում եմ նշել, որ այս պահին գտնվում եմ ՌԴ Մոսկվա քաղաքում, եւ վերադառնալուն պես անպայման կայցելեմ իրենց»,- ապրիլի 19-ին գրել էր նա:
ArmLur.am-ը այս առիթով զրուցել է նրա պաշտպան Արսեն Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, ինչո՞ւ է Շահինյանին ձերբակալելու որոշում կայացվել, ո՞րն է կոնկրետ առաջադրված մեղադրանքը:
-Հովհաննես Շահինյանին ձերբակալելու որոշում է կայացվել նրան հետագայում կալանավորման տանելու նպատակով, բայց կալանքի միջնորդությունը դատարանը մերժել է: Մեղադրանքը փողերի լվացման հոդվածով է, ձերբակալության նպատակն ազատության մեջ գտնվող մեղադրյալին կալանավորման ներկայացնելն է, որը Հակակոռուպցիոն դատարանի կողմից մերժվել է, կալանավորման որոշում չի կայացվել: Նման անհեթեթ մեղադրանք է առաջադրվել:
-Ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը:
-Հաշվի առնելով նախաքննության գաղտնիքը՝ շատ չեմ կարող մանրամասնել, բայց բոլորին հայտնի գործի մասին է, որի մասին Քննչական կոմիտեն հայտարարություն էր արել, եւ քրեական հետապնդումը դադարեցվել էր:
-Պարո՛ն Բաբայան, Հովհաննես Շահինյանը հայտարարել էր, որ իրեն ձերբակալելու որոշումը կապված է իր՝ Սերժ Սարգսյանի մասին հայտարարությունների հետ, ակնարկել էր, որ Սերժ Սարգսյանն է իր նկատմամբ իրականացվող հետապնդումների պատճառը: Որպես նրա պաշտպան՝ ի՞նչ կասեք այս հայտարարության մասին:
-Իր քաղաքական նախասիրությունների եւ մտքերի մասին մեկնաբանություն չեմ անում. ես նրա փաստաբանական պաշտպանությունն եմ ստանձնել: Նրա ասածը կապ չունի պաշտպանության հետ, քրեական նյութերում չկա տվյալ, որ երրորդ նախագահի մասին իր արած հայտարարության հետ է կապված գործը: Այդ հայտարարությունը իր քաղաքական նախասիրություններին վերաբերող հայտարարություն է, որը փաստաբանության, իրավաբանության հետ կապ չունի: Այն, որ իր նկատմամբ կա քաղաքական հետապնդում, դա ակնհայտ էր նյութերին ծանոթանալու պահից: Այն, որ քննիչը անընդհատ ձգձգում էր ինձ՝ որպես պաշտպան ճանաչելը, դա էլ է խոսում քաղաքական հետապնդման մասին. քաղաքական հետապնդում իրականացնում են, ընդհանրապես, իշխանությունը եւ պետական մարմինները: Նրա հայտարարությունները՝ կապված նախկին նախագահների հետ, դրանք իր քաղաքական դիրքորոշումն է, որոնք իմ հետ քննարկելու շրջանակներից դուրս են: Այս պահին առկա նյութերում հանրապետության որեւէ նախագահի հետ կապված տվյալ չկա:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԱԿՑԻԱՆ
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը այսօր կշարունակի իր ստորագրահավաքը Շառլ Ազնավուրի հրապարակում եւ հանդես կգա նաեւ յուրօրինակ ակցիայով: Թագուհի Թովմասյանը նշում է, որ այս ձեւով իր աջակցությունն է հայտնում «ՈՉ Արցախի էթնիկ զտմանը» երիտասարդական շարժմանը։
«Մենք պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի կողմից Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը հեռացվի, եւ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը վերջ տրվի։ Մենք պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այդ հստակ իրողությունների վրա։ Նպատակ ունենք ավելի շատ ստորագրություններ հավաքել, որպեսզի համայն աշխարհին ապացուցենք, որ Հայաստանը եւ Հայաստանի քաղաքացին միասնական են, եւ մենք չենք կարող երբեւէ պատկերացնել կամ ընդունել այն տեսակետը, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում էթնիկ փոքրամասնություն։ Մենք այդ անհամաձայնությունն ենք հայտնում նաեւ փաստարկված՝ թղթի վրա։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի առնվազն պատասխանատվությունն է, որպեսզի իր դժգոհության ձայնը բարձրացնի մեր հայրենակիցների նկատմամբ տեղի ունեցող իրավունքների խախտումների վերաբերյալ»,-նշում է Թովմասյանը:
Պատգամավորը հիշեցնում է, որ Արցախի 120 հազար քաղաքացի 4 ամսից ավելի գտնվում են պատանդի վիճակում, խախտված է նրանց ազատ տեղաշարժի իրավունքը, կենսական ամենակարեւոր իրավունքները, մատակարարումները պատշաճ տեղի չեն ունենում։
«Նույնիսկ թերսնման խնդիր կա երեխաների, ծերերի եւ հղի կանանց շրջանում, ինչը խայտառակ իրողություն է 21-րդ դարում։ Մենք պետք է շարունակենք մեր բողոքի ձայնը բարձրացնել՝ ի լուր աշխարհի»,- եզրափակեց Թովմասյանը։ Այսօր արդեն յուրօրինակ ակցիա տեղի կունենա, եւ Շառլ Ազնավուրի հրապարակում կցուցադրվեն Շուշիից բերված գորգերը:
ՈՒՇԱԳՐԱՎ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Բանն այն է, որ կալանավորներն այնքան շատ են, որ նրանց դատարան ուղեկցող ոստիկանները չեն հասցնում նրանց բերել դատարան։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բանը հասել է այնտեղ, որ անգամ Հակակոռուպցիոն դատարանի դատավորներն են դիմում ոստիկանության ուղեկցող խմբի հրամանատարին՝ խնդրելով լուծում տալ իրավիճակին, քանի որ, կալանավորներին դատարան չբերելով, նիստերն են հետաձգվում:
ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՍՏԵՂԾՎԻ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացրել: Որոշման հիմնավորման մեջ նշվում է՝ աշխատանքային խումբը ստեղծվել է միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկման եւ իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը ղեկավարելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարը, որը նաեւ աշխատանքային խմբի ղեկավարն է: Այդ կազմում ընդգրկված են նաեւ վարչապետի խորհրդական, արտաքին գործերի նախարարի տեղակալներ, էկոնոմիկայի նախարարի տեղակալը եւ այլք: