ԱՄԵՆԱՇԱՏ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն այս տարվա առաջին եռամսյակում արտահանել է 1մլրդ  664 մլն 789.9 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 2.3 անգամ: Արտահանման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերին, թանկարժեք մետաղներին ու դրանցից պատրաստված իրերին:

 

ArmLur.am-ն այս մասին տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Իսկ ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այն կազմել է 2 մլրդ 583 մլն 263.3 հազար դոլար. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը 89.1 տոկոս է: Ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին եւ փոխադարձ առեւտրաշրջանառությունը տարվա առաջին եռամսյակում կազմել է 4 մլրդ 248 մլն 53.2 հազար դոլար, ինչը 2 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ամենաշատ արտահանումն արվել է դեպի Ռուսաստան՝ 838 մլն 777.9 հազար դոլարի. սա 4.5 անգամ ավելի շատ է, քան 2022-ի հունվար-մարտին արտահանվածը: Արտահանման ծավալներով երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն է: Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 288 մլն 774.9 հազար դոլարի արտադրանք. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 13.2 անգամ է: Հաջորդը Նիդերլանդներն է: Հայաստանից Նիդերլանդներ արտահանումը 2023-ի հունվար-մարտին կազմել է 100 մլն 128.9 հազար դոլար. նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճը 80.5 տոկոս է:

Ընդհանուր առմամբ, Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալը կազմել է 878 մլն 138.2 հազար դոլար, իսկ ԵՄ երկրներ՝ 185 մլն 436.7 հազար դոլար:

Ինչ վերաբերում է արտահանված ապրանքներին, ապա առաջին եռամսյակում արտահանման ծավալներում ամենամեծ բաժինն ունեն թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները եւ դրանցից իրերը՝ 382 մլն 445.4 հազար դոլարի. սա 2022-ի հունվար-մարտի նկատմամբ ավելացել է շուրջ 4 անգամ: Այնուհետեւ Հայաստանից ամենաշատն արտահանվել են մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ՝ 270 մլն 988.6 հազար դոլարի. աճը 16.9 անգամ է: Երրորդ տեղում պատրաստի սննդի արտադրանքն է. Հայաստանից հունվար-մարտին արտահանվել է 208 մլն 456.6 հազար դոլարի պատրաստի սննդի արտադրանք. 2022-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճը 53.3 տոկոս է:

 

 

 

 

 

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Անվճար կրթական ծրագիր՝ պատերազմից տուժած ընտանիքների երեխաների համար Team Telecom Armenia-ն սկսում է երկարաժամկետ համագործակցություն  Smart Armenia-ի հետ՝ աջակցելու կազմակերպության բոլոր կրթական նախաձեռնություններին։

Համագործակցության շրջանակում Team-ը Smart Armenia-ին տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ նորագույն համակարգիչներ, իսկ դասասենյակներն ապահովել է բարձր թողունակությամբ ինտերնետ հասանելիությամբ, ինչը մեծապես կնպաստի կազմակերպվող դասընթացների որակի բարձրացմանը։

Ապրիլին Smart Armenia-ն մեկնարկել է ռոբոտաշինության անվճար դասընթացներ 44-օրյա պատերազմից տուժած ընտանիքների 10-ից 16 տարեկան եւ ինժեներությամբ հետաքրքրված պատանիների համար։

Դասընթացի մասնակիցները ստանում են գիտելիքներ ինժեներական ծրագրավորման, 3D մոդելավորման եւ ռոբոտաշինության բնագավառներում, իսկ արդեն դասընթացի ավարտին ստեղծում սեփական խելացի լուծումը:

Առաջին ու երկրորդ խմբերի դասընթացները սկսվել են, եւ այժմ ընթանում է երրորդ փուլի մասնակիցների հավաքագրումը: Ծրագիրը մեկնարկելու է մայիսի 12-ին եւ տեւելու է 6 ամիս:

Ծրագրին գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ձեւաթուղթ, իսկ հարցերի դեպքում զանգահարել 033 555996 կամ գրել նամակ [email protected] էլ. հասցեին: Վերջնաժամկետը մայիսի 10-ն է: Մասնակիցների ուսուցումը անվճար է դարձել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորման միջոցով:

 

 

 

ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆմ ԱՃ

Ռուսաստանում առաջնային ճարպակալմամբ հիվանդացությունը 2022 թվականին աճել է 10,7 տոկոսով. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ առողջապահության նախարարության զեկույցը։

Ռուսաստանի Դաշնությունում առաջնային ճարպակալման դեպքերի առավելագույն աճը պետք է կազմեր 8,7տոկոս, բայց դեպքերի իրական աճը գերազանցել է այն եւ կազմել 10,7 տոկոս: Առողջապահության նախարարությունը նման ավելցուկը համարում է «չափազանց տագնապալի միտում»։

Զեկույցում ընդգծվում է, որ ճարպակալումը սրտանոթային, օնկոլոգիական հիվանդությունների, շաքարային դիաբետի զարգացման եւ պտղաբերության նվազման ռիսկի գործոն է:

 

 




Լրահոս