Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցություններից հետո այս շաբաթվա վերջին Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը եռակողմ ձեւաչափով։ Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակն է այս տեղեկությունը տարածել, սակայն առանց հստակեցնելու, թե կոնկրետ ինչ հարցերի շուրջ են ընթանալու Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունները։
«Նախագահ Միշելը շարունակում է սերտ կապի մեջ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Հարավային Կովկասում կայունությունը խթանելու եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Եվրամիության ջանքերն առաջ մղելու համար», – այս մասին հայտնել են եվրոպական կառույցից: Նաեւ տեղեկացրել են, որ արդեն կա պայմանավորվածություն հունիսի 1-ին նաեւ հնգակողմ հանդիպում անցկացնել՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:
Միշելը նաեւ մտադրություն է հայտնել հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդներին երկրորդ հանդիպումն անցկացնել արդեն հոկտեմբերին Իսպանիայում Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հավաքի շրջանակում: «Միշելը, Փաշինյանը եւ Ալիեւը նաեւ պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է տեղում ընթացող զարգացումներին եւ բրյուսելյան հանդիպումների օրակարգային հարցերին անդրադառնալու համար», – հայտնում է Եվրոպական խորհուրդը: Երեկ հարց է հնչել, թե արդյոք Բրյուսելում շարունակվելու են վաշինգտոնյան բանակցությունները, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է. «Բոլոր հանդիպումներն էլ, կարծում եմ, ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի բանակցություններին, միմյանց շարունակություն են, որովհետեւ հարցերը եւ հարցերի շրջանակները հայտնի են, թե ինչ հարցեր են քննարկելու»։ Ամերիկյան կողմը Վաշինգտոնում կայացած բանակցությունները կառուցողական է որակում, խոսում զգալի առաջընթացի մասին, մինչդեռ Երեւանն ու Բաքուն նույնաբովանդակ աղորդագրություններով շեշտել էին առկա տարաձայնություների մասին։ Արմեն Գրիգորյանը երեկ շեշտեց՝ բանակցություններում ամենակարեւոր հարցերի շուրջ Բաքվի հետ համաձայնության հասնել չի հաջողվում։ «Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի ստեղծումն է, ինչպես նաեւ միջազգային երաշխիքի ստեղծումն է, նայեք, նույնիսկ այսօրվա իրավիճակը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տարրերի պահպանումը չի հաջողվում, որովհետեւ, օրինակ, Լաչինի միջանցքը, ըստ եռակողմ հայտարարության, Ադրբեջանն այնտեղ ներկա չպետք է լինի, բայց այս պահին ներկա է», – հավելեց նա։ Արմեն Գրիգորյանը վերստին հայտարարեց՝ Երեւանը կարեւորում է միջազգային երաշխավորների ինստիտուտի անհրաժեշտությունը, որ կողմերն իրենց պայմանավորվածություններին հավատարիմ մնան։
Հավելենք, որ շաբաթվա վերջին սպասվող բրյուսելյան բանակցություններից հետո կրկին եռակողմ ձեւաչափով Մոսկվայում հանդիպում կլինի: Այդ մասին էլ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիյանը՝ չհստակեցնելով, սակայն, առաջնորդների թե արտգործնախարարների մակարդակով։ Արտգործնախարարների հաջորդ բանակցությունները, ըստ հայտարարությունների, Ռուսաստանում կանցկացվեն մայիսին, բայց օրը հայտնի չէ։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՉԵՆ ԱՅՑԵԼԵԼ «ԵՌԱԲԼՈՒՐ»
Իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները Շուշիի ազատագրման 31-ամյակի առթիվ երեկ՝ մայիսի 9-ին, չեն այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայրենական պատերազմի հաղթանակի 78-ամյակի միջոցառումների համար այժմ Ռուսաստանի Դաշնությունում է, սակայն երեկվա ընթացքում նույնպես նա չի այցելել պանթեոն։ Փաշինյանը նաեւ ավանդական ուղերձ չի հղել Շուշիի ազատագրման առթիվ։
Պանթեոն չեն այցելել նաեւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
Հավելենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակի առթիվ այցելել էին «Հաղթանակ» զբոսայգի։
ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
ԵՄ-ն աշխատում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմի խստացման ուղղությամբ. հաջորդ փաթեթը վերջինը չի լինի։ Այս մասին հայտարարել է Գրեմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ասուլիսում։ Հեռարձակումն իրականացրել է գերմանական N-tv հեռուստաալիքը։
Մենք արդեն պատժամիջոցների բարելավումը (ֆունկցիոնալությունը) քննարկելու ճանապարհին ենք, եւ հաջորդը վերջինը չի լինի։ Սա մշտական աշխատանք է», -ասել է նա։
Մայիսի 8-ին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ ավարտել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի մշակումը եւ այն փոխանցել համայնքի երկրներին համաձայնեցման համար։
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայում պետական ծառայողների աշխատավարձը կբարձրանա 45%-ով, իսկ նվազագույն աշխատավարձը կկազմի 15000 լիրա։ Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է 2023 թվականի՝ Հանրային կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ։
«Այս կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում մենք 45 տոկոսով բարձրացնում ենք աշխատավարձերը՝ ներառյալ սոցիալական ապահովության բաժինը. այսպիսով, քաղծառայողի ամենացածր աշխատավարձը կլինի 15 հազար լիրա»,- հայտնել է Էրդողանը։
ԳԻՏԱԿՑՎԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
Արդեն մի քանի օր է՝ շարունակվում է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքը:
Երեկ լրագրողների հետ զրույցում Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ արդեն 150.000-ից ավել ստորագրություն հավաքվել է, իսկ ստորագրահավաքի արդյունքները ներկայացնելու է միջազգային տարբեր կազմակերպությունների. «Քաղաքացիները մտահոգված են Արցախի ճակատագրով. մարդիկ կան, որ գալիս են, մեքենան կանգնեցնում, ստորագրում, հետո նորից հետ գնում, կա` գալիս են տրանսպորտով, ասում են՝ շուտ ստորագրեմ, որ նույն տրանսպորտով հետ եմ գնալու։ Սա գիտակցված ընտրություն է։ Ինչքան շատ ստորագրություն հավաքենք, այնքան միջազգային ատյաններում մեր դիրքերը կամրանան»։
ՇՈՒՇԻԻ ԳՈՐԳԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Շուշիի գորգերի թանգարանի եւ «Արցախկարպետի» գորգերը երեկ Երեւանի կենտրոնում էին: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ երեկ Շառլ Ազնավուրի հրապարակում Շուշիի գորգերի թանգարանի եւ «Արցախկարպետի» գորգերի ցուցադրություն է կազմակերպվել: Արցախից բերված գորգերը տեսնելու համար բազմաթիվ քաղաքացիներ էին եկել:
Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը եւս մասնակցում էր միջոցառմանը:
«Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ շարունակվում է նաեւ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած ստորագրահավաքը՝ հանուն Արցախի:
ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԻՐԱՎԻՃԱԿ Է
Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի ստեղծման օրը: Մեծ հայրենականում տարած հաղթանակը եւ Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են: ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաները, իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները երեկ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի եւ հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին: Իսկ թե ինչպես են երեկ նշել մայիսյան հաղթանակի տոներն Արցախում, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը նշեց՝ քանի որ այս տարի յուրահատուկ իրավիճակ է, առանձին միջոցառումներ չեն կազմակերպվել: «Յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել, բայց պետք է պինդ լինենք, չհուսահատվենք, քանի որ թշնամու նպատակը հենց դա է՝ մեզ հուսահատեցնել, որպեսզի գաղափարապես մեզ հաղթեն, քանի որ ֆիզիկականը խնդիր չէ: Մենք պետք է սա հասկանանք: Առանձին միջոցառումն այն է, որ մարդիկ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին, ծաղիկներ են խոնարհել»,- ասաց Բաբայանը: