ՀԱՄԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոն այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի հետ։

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը եւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԹ դպրոցների հարցերով պետնախարարին հանդիպման համար՝ կարեւորելով հայ-բրիտանական երկկողմ կապերի զագացումը կրթության ոլորտում։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգում մեկնարկած լայնածավալ փոփոխությունները՝ ընդգծելով, որ կրթության բոլոր աստիճաններն ընդգրկող բարեփոխումների շղթայում առավել դինամիկ են հանրակրթության փոփոխությունները։ Նախարարը նշել է, որ ՀՀ դպրոցներում առաջիկա ուսումնական տարվանից ներդրվելու է Հանրակրթության նոր չափորոշիչը, որը մեծ պատասխանատվություն եւ հավելյալ ջանքեր է պահանջում։ «Բարեփոխումների գլխավոր նպատակը կրթության որակի բարելավումն է»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Այս համատեքստում քննարկվել է երկկողմ համագործակցության հնարավորությունը հանրակրթական դպրոցների ուսուցիչների եւ տնօրենների մասնագիտական զարգացման, կրթության տեսչության՝ որպես վերահսկող մարմնի գործունեության բարելավման, ինչպես նաեւ գնահատման նոր մոտեցումների արդյունավետ կիրառման ուղղություններով։ Անդրադարձ է եղել նաեւ արտադպրոցական ծրագրերի զարգացմանը՝ կարեւորելով համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

 

 

 

 

ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉՈՒՆԵՆՔ

«Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագրի բանակցություններում՝ ամենակարեւոր հարցերում, առաջընթաց չունենք»,- մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն 29 800 քառակուսի կմ-ի արձանագրումն է, Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմի, ինչպես նաեւ միջազգային երաշխիքների ստեղծումն է», – ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի տարրերի պահպանումն այսօր չի հաջողվում. «Օրինակ՝ ըստ եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքում ներկա չպետք է լինի, բայց այս պահին ներկա է։ Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի ունենանք միջազգային երաշխավորների ինստիտուտ, որով կլուծենք նման հարցերը»։

ԱԽ քարտուղարը նշեց, թե այս պահին բանակցությունները, ընդհանուր առմամբ, երկկողմ են. միջնորդները փորձում են օգնել, որպեսզի առաջընթաց գրանցվի. «Հայաստանի համար տարբերություն չկա, թե որ կողմում են դրանք ընթանում»։

Հարցին, թե հայկական կողմի համար արեւմտյան, թե ռուսական հարթակում են ավելի շահավետ պայմաններ եւ առաջարկներ ներկայացվում, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Պայմաններ եւ առաջարկներ արեւմտյան կողմում չեն ներկայացվում: Խաղաղության պայմանագրի վերաբերյալ նախկինում ռուսական կողմն է առաջարկություններ ունեցել: Դրանք հրապարակային հայտնի են, որից մեկը վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետաձգմանը: Ընդհանուր առմամբ, այս պահին բանակցությունները ավելի շատ երկկողմ են. միջնորդները փորձում են օգնել, որպեսզի առաջընթաց գրանցվի: Հայաստանի համար տարբերություն չկա, թե որտեղ են այդ բանակցություններն ընթանում: Այս պահին դեռեւս չի հաջողվում որեւէ տեղում առաջընթաց գրանցել»:

 

 

 

 

 

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Դուք արդեն ծանոթացել եք պաշտոնական հայտարարություններին թե՛ ԱՄՆ-ի, թե՛ մասնակից երկրների կողմից, տեսաք, որ բոլոր ջանքերն էին գործադրվել բոլոր կողմերից հնարավորինս առաջ մղել խաղաղության օրակարգը»,- մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը: «Վաշինգտոնում բանակցությունները 4 օր տեւեցին, եւ այդ առումով այն աննախադեպ էր: Արդեն իսկ դրական փաստ էր մեր փորձերը՝ առաջ տանելու խաղաղության գիծը: Մյուս կողմից՝ ոչ ոք չէր ակնկալում հրաշքներ, բոլոր խնդիրների լուծում: Աշխատանքը շարունակվելու է: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն հայտարարել է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում, այնուհետեւ կշարունակվի Մոսկվայում եռակողմ ձեւաչափով»,-ասաց նա: Հարցին՝ կան արդյոք հարցեր, որոնց շուրջ կողմերն ընդհանուր հայտարարի են եկել, փոխնախարարը պատասխանեց. «Հարցերը շատ են: Հիմա բարդ է առանձնացնել 1-2 հարց: Փաստը, որ բանակցությունները շարունակվում են այդպիսի ինտենսիվությամբ, արդեն լավ նշան է»:

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ

Չինաստանը, ի պատասխան այն բանի, որ իր դիվանագետը վտարվել է, բողոքի նոտա է հանձնել Շանհայում Կանադայի հյուպատոսին. նա պետք է հեռանա երկրից։ Այս մասին նշվել է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Հայտարարությունում նշվել է, որ կանադացի դիվանագետ Ջենիֆեր Լին Լալոնդը պարտավոր է հեռանալ Չինաստանից մինչեւ մայիսի 13-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադան անցանկալի անձ էր հայտարարել չինացի դիվանագետին՝ Տորոնտոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակցին, եւ վտարել էր նրան երկրից։

Կանադայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ չինացի դիվանագետը՝ Չժաո Վեյը, զբաղվել է մի գործունեությամբ, որը կապված է եղել Կանադայի ներքին գործերին միջամտության հետ։

Չինաստանի դեսպանությունն իր հերթին խիստ դատապարտել է Կանադայի իշխանությունների գործողությունները։ Օտտավան մեղադրվել է  միջազգային իրավունքի հիմնական նորմերի խախտման եւ չին-կանադական հարաբերությունների սաբոտաժի մեջ։

Չինաստանի դեսպանությունն իր դիվանագետին վտարելը համարել է «ստոր» արարք, որը կատարվել է որոշ քաղաքական գործիչների եւ ԶԼՄ-ների հրահրած «չինական միջամտության» մասին ասեկոսեների հիման վրա։

 

 

 

 

 

ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԱՃ՝ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ուկրաինայում եւ Սուդանում ռազմական հակամարտությունները տուբերկուլյոզով հիվանդացության աճ են առաջացրել աշխարհում. հայտնում է Associated Press-ը (AP):

Գործակալության տվյալներով՝ առանձնահատուկ խնդիր են ներկայացնում փախստականները, որոնք կարող են հիվանդությունը հասցնել Եվրոպա։ Իրավիճակը կքննարկվի ՄԱԿ-ի լսումների ժամանակ:

«Կանգնեցնել տուբերկուլյոզը» գործընկերության գործադիր տնօրեն դոկտոր Լուչիկա Դիտիուն նշել է, որ Եվրոպական տարածաշրջանում ամենամեծ թվով տուբերկուլյոզով հիվանդները Ուկրաինայում են` 34,000 մարդ, ինչպես նաեւ մեծ թվով մարդիկ՝ դեղակայուն տուբերկուլյոզով:

«Ուկրաինացիներն իրականում ցույց են տալիս զարմանալի տոկունություն՝ անելով հնարավոր ամեն ինչ տուբերկուլյոզի բուժման ծառայությունների աջակցության համար… Բայց բոլորին մտահոգում է այն, որ Ուկրաինայում մարդիկ բուժում ստանալու հնարավորություն ունենան», – ասել է Դիտիուն:

 




Լրահոս