Հայաստանը եւ Ադրբեջանը տեւական ժամանակ է՝ ինտենսիվ բանակցություններ են վարում: Շուրջ չորս օր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները բանակցեցին Վաշինգտոնում, իսկ արդեն մայիսի 14-ին Բրյուսելում է սպասվում հանդիպում՝ երկրների ղեկավարների մակարդակով: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքագետ Հրանտ Մելիք-Տեր Շահնազարյանի հետ ամփոփել է վաշինգտոնյան բանակցությունների արդյունքները: Քաղաքագետի հետ զրուցել ենք նաեւ Բրյուսելում սպասվող հանդիպման մասին:
-Պարո՛ն Մելիք-Տեր Շահնազարյան, ի՞նչ սպասել այս բանակցություններից, Բրյուսելում սպասվող հանդիպման արդյունքում նոր փաստաթուղթ կլինի՞:
-Լավ բան պետք չէ սպասել այդ հանդիպումներից. ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանն անկեղծ չէ հանրության հետ, մի բան հայտարարում, մեկ այլ բան անում է: Վաշինգտոնում հայտարարեցին, թե կարեւոր հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, բայց դրան հետեւում է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում. սա նշանակում է, որ արտգործնախարարներն արդեն ինչ-որ բան պայմանավորվել են եւ նախապատրաստել են երկրների ղեկավարների հանդիպումը: Իմ կարծիքով՝ Ալիեւը շտապում է հիմա, հասկանում է, որ Թուրքիայի նախագահական ընդրությունների արդյունքները զգալիորեն կարող են ազդել իր դիրքերի վրա, եւ հիմա փորձում է մինչ այդ օրը հնարավորինս շատ զիջումներ պոկել Հայաստանից: Մեր իշխանություններն էլ մեծ հաճույքով սպասարկում են Ալիեւի շահը, ամեն ինչ անում են, որ Ադրբեջանի իշխանությունները հանկարծ իրենց օրակարգից հետ չմնան, ամեն ինչ ժամանակին հասցնեն անել: Ուստի սպասելիքը հերթական հանդիպումից բացասական է միայն. ինչ պայմանավորվում են Երեւանը եւ Բաքուն, հօգուտ Ադրբեջանի են բանակցում եւ ի վնաս Հայաստանի: Այս ընթացքում որեւէ պայմանավորվածություն չի եղել, որտեղ հայկական շահ լինի. այսքանից հետ էլ ի՞նչ սպասենք հանդիպումներից, սպասենք պետության թուլացման, մեր միջազգային դիրքերի ավելի թուլացման, Ալիեւի ագրեսիվ քաղաքականության ակտիվացման. այլ սպասելիքներ Նիկոլ Փաշինյանի կամ իր թիմակիցների հանդիպումներից չկան: Նրանք չեն սպասարկում Հայաստանի շահը, այլ նվագակցում են Ադրբեջանին եւ օգնում են, որ Ադրբեջանն իր խնդիրները լուծի:
-Իսկ ո՞րն է Ադրբեջանի պահանջների մաքսիմալ սահմանը:
-Դժվար հարց է. կա տրամաբանական սահման, այդ սահմանն Ադրբեջանը վաղուց անցել է, կան նաեւ անտրամաբանական սահմաններ՝ ընդհուպ մինչեւ տարածքային պահանջներ Հայաստանից՝ Սյունիքում, Տավուշում կամ Գեղարքունիքում: Այսինքն՝ Ալիեւը սահմաններ չի տեսնում, քանի որ իրեն դիմադրող չկա: Եթե նա կարողանում է առաջ գնալ, ու որեւէ մեկը չի դիմադրում, ի՞նչը պետք է նրան ստիպի կանգ առնել՝ բարոյական սահմաննե՞րը, թե՞ հագեցվածության զգացումը: Իրենք առավելագույնն են փորձում առաջ գնալ: Այս պահին Ադրբեջանը մի քանի խնդիր է փորձում լուծել՝ առաջինը՝ որ Արցախի հարցը վերջնականապես փակվի, ընդ որում՝ Հայաստանի հետ լուծել են այս հարցը, հիմա բուն Արցախում կամ միջազգային հանրության ընկալումներն են փորձում փոխել, որպեսզի կարողանան դա որպես խաղաղթուղթ օգտագործել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ բանակցություներում: Փորձում են նաեւ Սյունիքով միջանցքի հարցը լուծել եւ ավելի բարենպաստ դիրք գրավել բանակցային գործընթացում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՔՆՆԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն առաջիկա օրերին նիստեր կանցկացնեն: Այս շաբաթ երկու հանձնաժողովներում են նիստեր սպասվում: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Իսկ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կրկին երկրորդ ընթերցմամբ քննարկվելու է «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Հաջորդ շաբաթ եւս խորհրդարանում հանձնաժողովների նիստեր կլինեն:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մայիսի 15-ին նիստ կլինի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Այդ օրը կքննարկվի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխության արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական կարգավորումներ պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման ծառայողի կողմից իր պարտականությունները պատշաճ կատարելու համար: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը եւս մայիսի 15-ին նիստ կանցկացնի: Օրակարգում առկա երեք հարց կքննարկվի առաջին ընթերցմամբ, երեք նախագիծ էլ՝ երկրորդ: Դրանցից մեկով՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով, առաջարկվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին տալ հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Նշենք, որ ՔԿ նախագահի պաշտոնային դրույքաչափը կազմում է 998 հազար 200 դրամ, եթե գումարենք 92 տոկոս ամսական հավելավճարը՝ 918 հազար դրամը, ապա ստացվում է, որ նա կստանա 1 մլն 916 հազար դրամ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԵՂԱՐԿԵԼ Է ԱՅՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը վերացնելու վերաբերյալ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Ռուսաստանը Վրաստանի քաղաքացիների համար այցագրային ռեժիմը սահմանել է 2000 թվականին, սակայն Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստան մեկնելու համար այցագրեր հարկավոր չեն. Վրաստանն այցագրային ռեժիմը միակողմանի կարգով վերացրել է 2012 թվականի սկզբին։
Հրամանագրի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կկարողանան մուտք գործել եւ մեկնել Ռուսաստանից առանց այցագրերի ձեւակերպման, իրենց ինքնությունը հաստատող վավերական փաստաթղթերի հիման վրա (Վրաստանի քաղաքացու անձնագիր, դիվանագիտական անձնագիր, ծառայողական անձնագիր, նավաստու գրքույկներ, ուղեւորության փաստաթուղթ՝ Վրաստան վերադառնալու համար):
Պուտինի հրամանագրի համաձայն՝ բացառություն են հանդիսանում այն քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում աշխատանքային գործունեություն իրականացնելու կամ 90 օրից ավելի ժամկետով բնակվելու, այդ թվում՝ կրթություն ստանալու նպատակով։
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: Վրացական կողմը խզել է դրանք 2008 թ.-ի օգոստոսյան հակամարտությունից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի եւ Ցխինվալի տարածաշրջանի (Հարավային Օսիա) անկախությունը։