«ԱՆԲԱՎԱՐԱՐ» ՍՏԱՑՈՂՆԵՐԸ ԿԶՐԿՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն իր նիստում հաստատեց ՊՆ համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական եւ շարքային պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձեւաչափը եւ դրա հիման վրա հավելավճարների նոր չափերը:

 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ ատեստավորման արդյունքում «անբավարար» ստացած զինծառայողները կզրկվեն հավելավճարից։

«Ատեստավորման արդյունքներով հաշվարկված հավելավճարի չափը ենթակա չէ վճարվելու, եթե ֆիզիկական, շարային եւ կրակային պատրաստվածության գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստվածության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների եւ ծառայողական պարտկանությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական» ,- ասաց նախարարը։

Պապիկյանը հստակեցրեց, որ յուրաքանչյուր ստուգման ժամանակ «անբավարար» ստանում է այն զինծառայողը, ով առնվազն 21 հարցի սխալ է պատասխանում։ 30-34 հարցերի ճիշտ պատասխանողը կստանա «բավարար», 35- 44 ճիշտ պատասխանի դեպքում` «լավ», իսկ 45 եւ ավելի հարցերի ճիշտ պատասխանողները կստանան «գերազանց» գնահատական։

Ընդհանուր ատեստավորումից «գերազանց» է ստանում այն զինծառայողը, ով պատրաստվածության բոլոր ձեւերից ու ծառայողական գիտելիքներից ստանում է միայն «գերազանց»։ «Լավ» կգնահատվի այն զինծառայողը, ով բոլոր ստուգարքներից կստանա «գերազանց» եւ միայն մեկից` «լավ»։ «Բավարար» կգնահատվի, եթե մեկ ստուգարքից ստանա «բավարար», մյուսներից` «լավ» եւ «գերազանց»։

Ինչ վերաբերում է հավելավճարների չափերին, «գերազանց» ստացող սպաները կստանան 470 000 դրամ, «լավ» ստացողերը` 420 000, «բավարար» ստացողները` 230 000 դրամ հավելավճար։

Զինվորական մյուս կազմերը «գերազանցի» դեպքում կստանան` 395 000 դրամ, «լավի» դեպքում` 345 000, «բավարարի» դեպքում` 205 000 դրամ։

Նշենք, որ հավելավճարները տրվելու են ամեն ամիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե սպայական կազմից «գերազանց» ստացողը, եթե ստանում է 350 հազար դրամ, ատեստավորման դեպքում կստանա 700 հազար դրամ, եթե ստանում է 400 հազար՝ կստանա 800 հազար դրամ։

Սուրեն Պապիկյանն ավելի մանրամասնեց. դիցուք՝ շարքային կազմը ատեստավորման «բավարար» գնահատական ստանալու  պարագայում, մարտական հերթապահությունը ներառյալ, կստանա 321 հազար 910 դրամ, «լավ»-ի դեպքում՝ 439 հազար 910 դրամ, «գերազանց»-ի դեպքում՝ 470 հազար 910 դրամ։

«Սա շարքային կազմի ամենաբարձր կոդն է, ունենք ավելի ցածր կոդեր։ Օրինակ՝ գնդապետը «բավարար» գնահատականի դեպքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասում կստանա 737 հազար 760 դրամ, իսկ «գերազանց»-ի դեպքում՝ 923 հազար 260 դրամ»,- հավելեց նախարարը։

 

 

 

 

ԻՆՉ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ԴՐՎԵԼ

Կառավարությունն իր մայիսի 11-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2023թ. ապրիլի 4-ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92,300,000 եվրո արժողությամբ:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

Կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում եւ շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,

Հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում,

Հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում։

Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2023թ. ապրիլի 4-ին ստորագրված «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ:

 

 

 

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվական հարցում է ուղարկել՝ հարցնելով, թե Տավուշի մարզի սահմանամերձ  ո՞ր բնակավայրերում որքա՞ն են կազմում հակառակորդի զինուժի կողմից վերահսկվող, դրա նշանառության տակ գտնվող, ականապատ, չօգտագործվող հողերը: Որքա՞ն է կազմում այդ տարածքների հողի հարկը, այդ հարկի համար պետական բյուջեից տարեկան որքա՞ն գումար, ո՞ր համայնքներին է փոխհատուցվում։ Տավուշի մարզպետարանից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանել են, որ Տավուշի մարզի Իջեւան, Բերդ, Նոյեմբերյան համայնքների սահմանամերձ 23 բնակավայրերի սեփականաշնորհված հողատարածքների սեփականատերերն օգտվում են  «հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքով  սահմանված արտոնությունից։ Ականապատված եւ չօգտագործվող հողատարածքների հողի հարկն ամբողջությամբ փոխհատուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ համապատասխան համայնքին լրացուցիչ դոտացիա հատկացնելով։ Ըստ համայնքների՝ փոխհատուցումը կատարվում է հետեւյալ կերպ։ Իջեւան համայնքին հատկացվում է 13 միլիոն 682 հազար 200 դրամ(Այգեհովիտ, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան,Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն սահմանամերձ բնակավայրեր)։ Բերդ համայնքին հատկացվում է 15 միլիոն 231 հազար 900 դրամ (Այգեձոր, Արծվաբերդ,Մովսես,Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար սահմանամերձ բնակավայրեր)։ Նոյեմբերյան համայնքին հատկացվում է 15 միլիոն 65 հազար 100 դրամ (Նոյեմբերյան, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեվան, Կողբ, Ոսկեվան, Կողբ, Ոսկեպար սահմանամերձ բնակավայրեր):

 

 

 

 

ՀԻՆ  «ԳԱԶԵԼ»-ՆԵՐՈՎ

Երեւան-Իջեւան, Երեւան-Դիլիջան եւ հակառակ ուղղություններով հասարակական տրանսպորտում աշխատում են հին «Գազել»-ներ։ Երեւանից մինչեւ  Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաք հեռավորությունը 136 կիլոմետր է, որը  «Գազել»-ները հաղթահարում են մոտ երկու ժամում։ Հակառակ ուղղությամբ՝ Իջեւանից Երեւան մեկնելիս  հասարական տրանսպորտ «Գազելները» Սեւան քաղաքի ավտոգազալիցքավորման  ճնշման կայաններում գազով լիցքավորում են, որի համար մոտ 15 րոպե ժամանակ է ծախսվում: Դիլիջան քաղաքից Երեւան մեկնող միկրոավտոբուսները իրենց ուղերթն ավարտում են քաղաքի հյուսիսային ծայրին՝ ռադիոկայմի մոտ, ինչը Դիլիջանից Երեւան մեկնածների համար դժվարություններ է առաջացնում ռադիոկայմից մայրաքաղաքի տարբեր հատվածեր  հասնելու համար։ Այս խնդիրներն են պատճառը, որ Երեւան-Իջեւան, Երեւան-Դիլիջան եւ հակառակ ուղղություններով  հասարակական տրանսպորտին զուգահեռ, հասարակական տրանսպորտից առավել ակտիվ աշխատում են տաքսի ծառայությունները եւ մասնավոր տաքսիները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս