ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 176

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանամերձ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շարունակում է իր հարազատներին, մտերիմներին «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով տեղավորել աշխատանքի: Բանն այն է, որ իշխանական պատգամավոր Հակոբյանն իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի: Հիշեցնենք, որ դեռեւս մայիսի 3-ի համարում գրել էինք, որ իշանական խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը պատգամավորի օգնականից պատգամավոր դառնալուց հետո հասցրել է հարազատ հորը՝ Արմեն Հակոբյանին տեղավորել ԱԺ-ում՝ աշխատանքի: Արմեն Հակոբյանը ԱԺ վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում է աշխատում: Իսկ մայիսի 5-ի համարում գրել էինք, որ Հասմիկ Հակոբյանի քրոջ ամուսինը՝ Վարոն եւս աշխատում է Ազգային ժողովում: Նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարորդն է: Պատգամավորը չէր հերքել, որ բարեկամներին գործի է տեղավորել: Հիշեցնենք, որ 2018-ի օգոստոսի 9-ին Նիկոլ Փաշինյանը, ոգեւորված հեղափոխությունից, հենց կառավարության նիստում հայտարարեց. «Կառավարման համակարգը ո՞նց է աշխատել մինչեւ հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել լցրել են պետական կառավարման համակարգ, իսկ հիմա նման խնդիր չկա դրված»: Փաստորեն, նաեւ այս հարցում է խաբել Նիկոլ Փաշինյանը, եւ հենց նրա ՔՊ-ական թիմակիցները իրենց ազգականներին եւ բարեկամներին «լցնում են» պե տական համակարգ:

Շարունակելի…

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սայաթ-Նովա փողոցում գտնվող կենտրոնական գրասենյակը տեղափոխվելու է Հանրապետության փողոց: Այս օրերին ՔՊ-ում վերանորոգման եւ տեղափոխման աշխատանքների հետ կապված եռուզեռ է: Մեզ հետ զրույցում ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանը հաստատեց գրասենյակի տեղափոխման մասին տեղեկությունը՝ նշելով, որ դեռ վերանորոգման աշխատանքներ են գնում, ուստի հայտնի չէ, թե երբ կտեղափոխվեն: «Չգիտենք՝ որքան կտեւի վերանորոգումը, հնարավոր է՝ մեկ տարի տեւի»,-ասաց նա: Ի դեպ, Հանրապետության փողոցի վրա է գտնվում նաեւ ՀՅԴ կենտրոնական գրասենյակը, որից մի փոքր այն կողմն էլ ՀՀԿ գրասենյակն է: Ստացվում է՝ ՔՊ-ն գալիս է իր սիրելի նախկիններին հարեւան: Իսկ ի՞նչ ճանապարհով է իշխանական կուսակցությունը ձեռք բերել գրասենյակը. գնե՞լ  են արդյոք, թե՞ էլի նվեր են ստացել, ինչպես նախորդ տարիներին, ինչի առիթով «Ժողովուրդ» օրաթերթը բացահայտում էր արել: Կոռուպցիան մերժող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի վերաբերյալ «ԹՄ աուդիտ» ՓԲԸ-ն եզրակացություն էր ներկայացրել, համաձայն որի՝ կուսակցությունը կատարել է 9 մլն 64 հազար դրամի կանխիկ դրամական վճարումներ։ Բացի այդ, ՔՊ-ն իրավաբանական անձանցից ստացել է 16 մլն 300 հազար դրամի աջակցություն, բայց պարզ չէ՝ ովքեր են խորհրդավոր նվիրատուները: Նաեւ երկու իրավաբանական անձանցից բնեղեն նվիրատվություններ է ստացել՝ տարածքի տեսքով, բայց էլի պարզ չէ, թե ովքեր են իշխող ՔՊ-ին նվերներ տվել: Բացահայտվել է նաեւ, որ 525 նվիրատուների մասով որեւէ տեղեկություն առկա չէ: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը թաղվել են կոռուպցիայի մեջ, նաեւ կուսակցության վարչության ընտրություններն են կեղծել:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 4-ին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը քրեական գործի շրջանակներում վերջապես ներկայացել է Շենգավիթի դատարան: Տեղեկացանք, որ նա դատավորին հարցրել է, թե իր ներկայությունը պարտադիր է արդյոք բոլոր նիստերին: Դատավորը պատասխանել է, որ կան նիստեր, որտեղ իր ներկայությունը պարտադիր է, ուստի ծանուցման դեպքում պետք է ներկայանա: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւան քաղաքի դատարանը մի քանի անգամ ծանուցում է ուղարկել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին՝ ներկայանալու իր գործով դատական նիստերին, սակայն իշխանական պատգամավորը չի ներկայացել եւ պատճառաբանել է, թե ծանուցում չի ստացել: Դատական համակարգը որոշել է Գաբրիելյանին ծանուցում ուղարկել ՀՀ Ազգային ժողովի միջոցով, որպեսզի նա ներկայանա դատարան, սակայն այդ անգամ էլ վերջինս չէր ներկայացել քանի որ գործուղման է եղել: Մայիսի 4-ին նա ներկայացել է: Իսկ ի՞նչ գործի մասին է խոսքը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, մասնակցելով 2020 թվականի դեկտեմբերի 28-ին` ժամը 09:00-ից մինչեւ 11:30-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքի Դեմիրճյան փողոցում` Ազգային ժողովի մոտ անցկացվող հավաքին, խոչընդոտել է աշխատանքի վայր ժամանող Ս. Գաբրիելյանի երթեւեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ: Այս գործը քննում է ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանի եղբորորդին՝ Ժորա Չիչոյանը:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական տվյալներից տեղեկացավ, որ Հայաստանում թմրամոլության ցուցանիշները վերջին տարիներին կտրուկ աճել են: Եւ այսպես, պաշտոնական տեղեկության համաձայն՝ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված գրանցված հանցագործությունների թիվը 2016թ.-ին եղել է 1088, 2017թ.-ին՝ 1271 դեպք, 2018թ.-ին՝ 877 դեպք, 2019թ.-ին՝ 1088 դեպք, 2020թ.-ին՝ 1226 դեպք, 2021թ.-ին՝ 1544 դեպք, իսկ 2022թ.-ին՝ 2268 դեպք: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխական իշխանության օրոք թմրանյութերի օգտագործման առիթով գրանցված հանցագործությունների թիվը կտրուկ աճել է: Սա նկատելի է նաեւ իշխանական շատ պատգամավորների վարքագծից: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը 2018թ.-ին կարճվել է: Իշխող ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր էլ՝ Էդուարդ Աղաջանյանը, ԱԺ-ում տարօրինակ հայտարարություն էր արել, թե այսօր որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում: Ստացվում է, որ թմրանյութի հետ կապված բոլոր հարցերն ու խնդիրները պետք է փնտրել իշխանության ներսում. փաստերն են դրա մասին վկայում: Հիշեցնենք՝ երեկ էլ պարզ դարձավ, որ Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում ռեկորդային քանակի կոկաին են առգրավել (2.7 տոննա): Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Կոկաինը նախատեսված էր Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար: ՊԵԿ-ը հայտարարել է, թե չգիտեն՝ ում անունով էր թմրանյութերով թաքնված բանանի բեռը Հայաստան մտնելու:




Լրահոս