Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը՝ միավորելով աշխարհահռչակ բժիշկների եւ գիտնականների։ Բժշկագիտական ոլորտի զարգացմանն աջակցելու եւ միջազգային մասնագետների հետ փորձի փոխանակմանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն հայտարարել է SIOP Asia 2023 XV Congress-ի հետ համագործակցության մասին։
Համաժողովի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը՝ ներկայացնելու իրենց հետազոտությունները, պատկերացումները եւ մանկական քաղցկեղի բուժման լավագույն փորձը ամբողջ աշխարհում:
Team Telecom Armenia-ի տնօրեն Հայկ Եսայանը, խոսելով համագործակցության մասին, նշեց, որ իրենց համար կարեւոր է աջակցությունն այնպիսի գիտական նախաձեռնությունների, որոնք Հայաստան են բերում միջազգային փորձը, ամենավերջին հետազոտություններն ու տեխնոլոգիաները. «Այս համաժողովը եւս մեկ առիթ է՝ հիշեցնելու, որ դարի հիվանդության՝ քաղցկեղի կանխարգելման համար յուրաքանչյուրս կարող ենք ունենալ ներդրում»։
Մայիսի 18-21-ն անցկացվող համաժողովի ընթացքում քննարկվելու են քաղցկեղի տարբեր տեսակների ախտորոշման եւ բուժման առանձնահատկությունները, դեղորայքային, ճառագայթային եւ վիրահատական բուժման նորագույն մոտեցումները, ուռուցքաբանական եւ արյունաբանական ծառայությունների կազմակերպումը, լինելու են առանձին սիմպոզիումներ եւ սեմինար- քննարկումներ արդի ամենակարեւոր ուղղությունների վերաբերյալ։
Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունն (SIOP) աշխարհում միակ կազմակերպությունն է, որն ամբողջությամբ նվիրված է մանկական եւ դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, ինչպես նաեւ այդ ոլորտում գիտելիքների ավելացմանն ու զարգացմանը։
SIOP Asia 2023 կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանն ասաց, որ Կոնգրեսը տարվա կարեւորագույն բժշկագիտական միջոցառումն է, որը կնպաստի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի տեսանելության բարձրացմանը. «Հյուրընկալելու ենք ոլորտի առաջատար կառույցների ու բուհերի ղեկավարների, ինչը եւս մեկ հնարավորություն է ներկայանալու միջազգային հանրությանը որպես լավագույն մասնագետներ եւ ներուժ ունեցող երկիր։ Ողջունելի է՝ այս պատասխանատու գործին
իրենց մասնակցությունն են ունենում գաղափարակից ընկերություններ՝ ի դեմս Team Telecom Armenia-ի, որոնք կիսում են մեր կարգախոսը՝ «Միասին քաղցկեղի դեմ»»։
Այս առաքելությանն է նվիրված լինելու նաեւ 2023 թվականին անցկացվելիք համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի մասնագետներ, կառույցների եւ գիտական հանձնաժողովների ղեկավարներ ողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից եւ այլ երկրներից։
Միջոցառման մանրամասները եւ ծրագիրը ներկայացված են պաշտոնական` www.siopasia2023.am կայքում։
Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի մասին տեղեկատվություն կարող եք գտնել սոցիալական մեդիայի էջերից:
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական կոնգրեսի մասին (SIOP Asia)
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական մայրցամաքային մասնաճյուղը հիմնել է իր սեփական միությունը, որը կոչվում է SIOP Asia կամ Asian Society of Pediatric Oncology (Մանկական ուռուցքաբանության ասիական միություն): SIOP
Asia-ն նպատակ ունի նպաստելու քաղցկեղով հիվանդ երեխաների եւ երիտասարդների բարձրորակ խնամքի կազմակերպմանը։ Այս միությունը նվիրված է մանկական քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացմանը, ախտորոշման եւ բուժման բարելավմանը:
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային եւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։
2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը:
Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաեւ շարժական կապի որակը։
ՄՐՑԱՐՇԱՎԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
ԿԳՄՍ նախարարությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ դպրոցականների շրջանում վազքի եւ առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի եւ սպորտի քարոզչության ապահովման նպատակով երկրորդ տարին անընդմեջ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհին, կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Միջոցառմանը կմասնակցեն հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում:
Մրցաշարին կմասնակցի 11 թիմ, յուրաքանչյուրի կազմում՝ 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը: Մրցաշարն այս տարի կանցկացվի երկօրյա ձեւաչափով մայիսի 19-ից 20-ը: Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը եւ մասնակիցները կպարգեւատրվեն ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով եւ դրամական պարգեւներով: Մասնավորապես, առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150-հազարական դրամ: Երկրորդ եւ երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100-հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի, եւ 75 հազարական դրամ՝ աշակերտների համար (հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները ներառված չեն):
Խճուղավազքի բոլոր մասնակիցներին կտրվեն մարզաշապիկներ, համարներ եւ հավաստագրեր: Հատկացված գումարով նախատեսվում է նաեւ մասնակիցների համար ապահովել սնունդ, մարզահագուստ (մարզաշապիկ, գլխարկ), ինչպես նաեւ հոգալ գիշերակացի եւ մի շարք այլ ծախսեր:
Միջոցառման անցկացման համար կիրականացվեն տարածքի ձեւավորում, նկարահանում, ուղիղ եթերի ապահովում եւ այլն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻՆ
ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է «Միջազգային կրոնական ազատության մասին 2022 թ. զեկույցը» Ադրբեջանի վերաբերյալ:
Փաստաթղթում հղում է արվում Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կազմակերպության կողմից սեպտեմբերին հրապարակված հետազոտությանը, որում ընդգծվում է, որ արբանյակային պատկերների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Նախիջեւանի հայկական 108 միջնադարյան եւ ժամանակակից վանքեր, եկեղեցիներ եւ գերեզմանատներ 1997-2011 թվականների ընթացքում ավերվել են։ Դրանցից մի քանիսը, ինչպես, օրինակ, Սուրբ Թովմասի վանքը, վերածվել են մզկիթների կամ այլ հասարակական շենքերի:
«Հոկտեմբերին Caucasus Heritage Watch-ը լրացուցիչ զեկույց է հրապարակել, որում ասվում է, որ մարտ-հուլիս ամիսներին ավերվել է 18-19-րդ դարերի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին։ Կազմակերպության տվյալով՝ Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերին կայացրած որոշման լուրջ խախտում է»,- նշված է պետքարտուղարության զեկույցում:
Փաստաթղթում անդրադարձ է կատարվում նաեւ կրոնական հաստատություններում անձնակազմի նշանակման նկատմամբ պետության կողմից վերահսկողության սահմանմանը: Նշվում է, որ իրավապաշտպան խմբերը եւ այլ կազմակերպություններ հայտարարել են, որ կառավարությունը շարունակում է քաղաքական դրդապատճառներով ֆիզիկական բռնություն գործադրել եւ ձերբակալել կրոնական ակտիվիստներին:
ԱԺ-Ն ՆՎԵՐՆԵՐ Է ԲԱԺԱՆՈՒՄ
ՀՀ Ազգային ժողովը 25 մլն 250 հազար դրամի պայմանագիր է կնքել«Վիդու Փրեզենթս» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրից ArmLur.am-ը տեղեկանում է, որ գնվել է 100 հատ նվեր տուփ, որի մեջ եղել է չիր եւ ուրցով թեյ։
Այլ մանրամասներ նշված չեն, միայն հայտնի է, որ ՀՀ Ազգային ժողովի կարիքների համար պատվիրակությունների ընդունման եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար է իրականացվել այս գնումը։ ՍՊԸ-ի մասին տվյալներ համացանցում եւս առկա չեն, միայն հայտնի է, որ տնօրենի անուն-ազգանունը Արամ Ավագյան է։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ