ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանը ճանաչում է 86.600 ք/կմ տարածք ունեցող Ադրբեջանի ամբողջականությունը, Ադրբեջանն իր հերթին հայտարարել է, որ ճանաչում է 29,800 ք/կմ տարածքով ՀՀ ամբողջականությունը»,- մայիսի 17-ին՝ Ռեյկյավիկում ընթացող ԵԽ գագաթնաժողովում ելույթի ժամանակ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Երկար տարիներ ԼՂ հակամարտության առկայությունը արդարացում էր Հայաստանում ժողովրդավարության բացակայության համար: 2018-ին մեր թավշյա հեղափոխությունը պայմաններ ապահովեց ժողովրդավարական զարգացումների համար, բայց 2020-ի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց ԼՂ-ի վրա, եւ Հայաստանը ստիպված էր ներգրավվել պատերազմի մեջ:

2020թ.-ի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի եռակողմ հայտարարությունը, որը պատճառ դարձավ Հայաստանում պետական ինստիտուտների վրա հարձակումների համար, բայց մենք ունակ եղանք պահպանել ժողովրդավարական կարգը»,-նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ 2021թ.-ի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ՝ մայիսի 12-ին,  Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի տարածք: Փաշինյանը նկատեց, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններում իրենք առաջ մղեցից խաղաղության օրակարգը եւ հաջողության հասան, բայց այդ խաղաղության օրակարգը եւս հարձակման ենթարկվեց. Ադրբեջանը  2021-ի նոյեմբերին եւ 2022-ի սեպտեմբերին կրկին ներխուժեղ Հայաստանի տարածք:

Փաշինյանի խոսքով՝ 2022-ի հոկետեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ հմաձայնություն է կայացել, ըստ որի՝ կողմերը կարգավորում են իրենց հարաբերությունները՝ հիմք ընդունելով 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Նա հավելեց, որ երեք օր առաջ Բրյուսելում ավելի են առաջ գնացել, եւ նշվել է, որ Հայաստանը ճանաչում է 86.600 ք/կմ տարածք ունեցող Ադրբեջանի ամբողջականությունը, Ադրբեջանն իր հերթին ճանաչում է 29,800 ք/կմ տարածքով ՀՀ ամբողջականությունը:

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով ԼՂ-ի հայերը 5 ամիս կտրված են աշխարհից, եւ այնտեղ հումանիտար ճգնաժամ է հասունացել, եւ ԼՂ եւ Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելը խիստ անհրաժեշտություն է:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է՝ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ միջազգային մեխանիզմների ներքո բանակցություններ սկսվեն՝ նպատակ ունենալով ապահովել  ԼՂ հայերի անվտանգությունը եւ մարդու իրավունքները:

Ըստ ՀՀ վարչապետի՝ Եվրոպայի խորհուրդը, օգնելով հասցեագրել այս հարցերը, կնպաստի Հարավային Կովկասում կայունությանն ու ժողովրդավարությանը։

 

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունիսի 19-23-ը Հայաստան կժամանի Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուսենի գլխավորած պատվիրակությունը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող պատվիրակությանը կդիմավորի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին:

 

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆտվանին։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կարեւորել է պարեկների վերապատրաստումներն ու քաղհասարակության հետ փոխգործակցությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաեւ պարեկային ծառայության՝ վերջին չորս մարզերի ընդունելության, ստորաբաժանումում կանանց ներգրավվածության խթանման, օգտագործվող տեխնիկայի, սպառազինության, ոստիկանների ատեստացիային եւ վերապատրաստումներին վերաբերող այլ հարցեր։

 

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի ժամանակավոր նախագահ է նշանակել Դեւլեթ Բահչելիին։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ խորհրդարանում ամենաավագ պատգամավորը «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին է, ուստի խորհրդարանի ժամանակավոր նախագահի պարտականությունները կկատարի նա։

 

 

 

ՄՆՈՒՄ Է ԹՂԹԻ ՎՐԱ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդների առաքելության տեղակայման փաստաթուղթը ստորագրելով՝ Երեւանն ավելի կայուն իրավիճակ կունենար. այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքի հարցազրույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի դիվանագիտական գերատեսչության կայքում։

«2022թ. աշնանը Երեւանում ՀԱՊԿ գագաթաժողովում պատրաստվել էր փաստաթուղթ հայկական տարածքում, մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների առաքելություն տեղակայելու մասին,- ասել է Լավրովը։ – Եթե Երեւանը հաստատեր այն, ինչն արդեն համաձայնեցված էր եւ պատրաստ ստորագրման եւ ուժի մեջ մտնելու համար, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր եւ կունենար ավելի կայուն իրավիճակ»։

ՌԴ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ փաստաթուղթը լիովին համաձայնեցված էր արտաքին գործերի նախարարների մակարդակով։ «Հետո՝ վերջին պահին, հենց գագաթաժողովում հայ բարեկամները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչեւ հիմա այն մնում է թղթի վրա եւ չի կարող իրականացվել»,- ավելացրել է նախարարը։

 

 

 

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 17-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական վերջին զարգացումները եւ համարժեք միջոցների ձեռնարկման հարցը:

Զեկուցումներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, ուժային կառույցների ղեկավարները:

Նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան կառույցների ղեկավարներին՝ ուղղված Արցախի Հանրապետության անվտանգության եւ բնակչության կենսագործունեության ապահովմանը:

 




Լրահոս