ՔԵՐՈԲՅԱՆԸ՝ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանը կողմ է ցանկացած ենթակառուցվածքի զարգացմանը։

 

Այս մասին նա երեկ ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ որ կազմակերպություններն են իրականացնելու մաքսային ծառայության վերահսկողություն Նախիջեւանով երկաթուղային գծի բացման դեպքում, որի մասին խոսել էր Շառլ Միշելը՝ ասելով՝ երկաթգծի բացման դեպքում դիմելու են միջազգային մաքսային կազմակերպություններին:

«Աշխարհում կան շատ հայտնի կազմակերպություններ. դրանցից մեկը նախատեսված էր Վրաստանի եւ Աբխազիայի դեպքում կարգավորումներ իրականացնելու համար, շվեյցարիական ընկերություն էր, բայց կան նաեւ ֆրանսիական եւ մի շարք այլ ընկերություններ, որոնց տրված փաստաթղթերը մեծ վստահություն են վայելում ամբողջ աշխարհում։ Այդ ընկերություններից պետք է լինի։ Աբխազիայի դեպքում սխեման հետեւյալն էր. ելքի ու մուտքի հատվածում պետք է ընկերության զննման կետեր դրվեին, որոնք կփոխարինեն մաքսատան ֆունկցիային, եւ իրենք կատարեին ամբողջ ընթացքը, բայց դա չաշխատեց, ու մենք հիմա չենք կարողանում երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացնել Աբխազիայի տարածքով»,- ասաց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանի համար կարեւոր է, քանի որ 30 տարի թե՛ ֆիզիկական առումով, այսինքն՝ դպրոցներ, ճանապարհներ, թե՛ ոչ ֆիզիկական՝ գիտություն, կրթություն, մշակույթ, որեւէ ներդրումներ չի արվել։

«Մենք բավական մեծ պոտենցիալ ունենք այս մասով եւ չնայած մասշտաբային ներդրումներ ենք անում ենթակառուցվածքների մեջ, բայց նախորդ 30 տարում դրանք չեն եղել։ Հիմա խոշոր ներդրումների կարիք ունենք, շտապում ենք բոլոր ուղղություններով ներդրումներ անել եւ անում ենք»,- ընդգծեց նախարարը:

Հարցին՝ եթե Աբխազիայի օրինակը չի աշխատել, դա կգործի արդյոք Հայաստանի դեպքում, նա նշեց. «Եթե հույս չլիներ, որ կաշխատի, այդ մասով բանակցություններ չէին իրականացվի»։

Քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողները էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից մեկնաբանություն խնդրեցին նաեւ այսօրվա ու երկվա բացահայտումների վերաբերյալ։ «Դեռեւս ավելի շատ բան, քան Դուք, չգիտեմ։ Ներողություն, բայց սա պրոֆիլային հարց չէ, ես այս հարցին չեմ կարող պատասխանել։ Կարող եմ ասել, որ մենք շատ անհանգստացած ենք թե՛ այս նորություններով, թե՛, ընդհանուր առմամբ, Հայաստանում թմրանյութերով պայմանավորված ստեղծված իրավիճակի համար։ Ինձ հարց մի՛ տվեք, ես դրա մասնագետը չեմ ոչ մի առումով»,- ասաց Քերոբյանը։ «Ես այս հարցի մասին գիտեմ այնքան, ինչքան Դուք։ Ի՞նչն է մեր տիրույթում. թմրամիջոցները Էկոնոմիկայի նախարարության տիրույթու՞մ են։ Մրգերի կազմակերպության հետ կապված կարող եմ ասել, որ ես անգամ չգիտեմ՝ որ կազմակերպությունն է»,- հավելեց նա։

 

 

 

 

ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԵՐ

Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ Տավուշի մարզի սահմանամերձ, չօգտագործվող հողերը կազմում են 11 412 հեկտար, որից վարելահող` 7210.7 հեկտար, խոտհարք` 462 հեկտար, արոտավայր` 2852.4 հեկտար, այլ՝ 831.9 հեկտար, տնամերձ՝ 55 հեկտար։ Սահմանամերձ, չօգտագործվող հողերի մի զգալի մասը մոտ երեք տասնամյակ գտնվում է Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ, մի մասը ականապատ է, այլ մասը գտնվում է Ադրբեջանի զինուժի ուղիղ նշանառության տակ։ Տավուշի մարզպետարանից պատասխանել են, որ Տավուշի մարզի Իջեւան, Բերդ, Նոյեմբերյան համայնքների սահմանամերձ 23 բնակավայրերի սեփականաշնորհված հողատարածքների սեփականատերերն օգտվում են «Հողի հարկի արտոնությունների մասին»   ՀՀ օրենքով  սահմանված արտոնությունից։ Ականապատված եւ չօգտագործվող հողատարածքների հողի հարկն ամբողջությամբ փոխհատուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ համապատասխան համայնքին լրացուցիչ դոտացիա հատկացնելով։ Ըստ համայնքների փոխհատուցումը  կատարվում է հետեւյալ կերպ.  Իջեւան համայնքին տարեկան  հատկացվում է 13 միլիոն 682 հազար 200 դրամ (Այգեհովիտ, Բերքաբեր, Ներքին Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն  սահմանամերձ բնակավայրեր)։ Բերդ համայնքին հատկացվում է  15 միլիոն 231 հազար 900 դրամ (Այգեձոր, Արծվաբերդ, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Չորաթան, Պառավաքար սահմանամերձ բնակավայրեր)։ Նոյեմբերյան համայնքին հատկացվում է 15 միլիոն 65 հազար 100 դրամ (Նոյեմբերյան, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Ոսկեվան, Կողբ, Ոսկեվան, Կողբ, Ոսկեպար սահմանամերձ բնակավայրեր): Տավուշի մարզի սահմանագոտում գտնվող, Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ գտնվող կամ սահմանամերձ, վտանգավոր գոտում լինելու պատճառով չմշակվող    11 հազար 412 հեկտար հողերի  պարագայում  մարզի  4 խոշոր համայնքները որպես պետական բյուջեից փոխհատուցում են ստանում տարեկան  ընդհանուր 43 միլիոն 979 հազար 200 դրամի չափով, ինչն անբավարար է։

 

 

 

 

50-ԻՑ ՊԱԿԱՍ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ

Տավուշի մարզի սահմանամերձ, փոքր գյուղերից արտագաղթի, նաեւ Հայաստանի այլ բնակավայրեր  վերաբնակման հետեւանքով բազմաթիվ դպրոցներ քիչ թվով աշակերտներ ունեն։ Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ մարզի հանրակրթական 76 դպրոցներից 11-ն ունեն 50-ից քիչ թվով աշակերտ։ Դրանք են Աղավնավանքի (38 աշակերտ), Լուսաձորի (37 աշակերտ), Լուսահովտի (29 աշակերտ), Աճարկուտի (13 աշակերտ), Դիտավանի (36 աշակերտ), Կիրանցի (41 աշակերտ), Ակնաղբյուրի (31 աշակերտ) Գոշի (39 աշակերտ), Իծաքարի (27 աշակերտ), Չինչինի (46 աշակերտ), Բարեկամավանի (14 աշակերտ) դպրոցները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս