ՄԱԿ֊ի միջազգային դատարանի 2010թ հուլիսի 22֊ին Կոսովոյի հարցով հրապարակած (նախադեպային) վճիռը Արցախի հարցի գրեթե կրկնօրինակն է այն բացառությամբ, որ Կոսովոն նույնիսկ ավելի ցածր կարգավիճակ ուներ Հարավսլավիայի կազմում լինելով ընդամենը երկրամաս, քան ԼՂԻՄ֊ը` որպես ինքնավար մարզ։ Իրականում ոչ մի օրենք, միջազգային հանրություն կամ իրավական նախադեպ Նիկոլ Փաշինյանին չի ստիպում ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Հակառակը, ՄԱԿ միջազգային դատարանի վճիռը օրինականացրել և հռչակել է մեր համար անչափ կարևոր ևս մի դրույթ.
֊Անկախություն հռչակած, ինքնորոշվող տարածքային միավորը պարտավոր չէ այդ քայլը համաձայնեցնել այն պետության հետ, որի կազմում ինքը գտնվում է։ Հետևաբար, չունենալով լայն ընտրության հնարավորություն, նպատակահարմար է, որպեսզի.
1. Արցախի Հանրապետությունը գտնի ՄԱԿ֊ի անդամ որևէ բարեկամ պետություն, որը Գլխավոր ասամբլեայի միջոցով կդիմի միջազգային դատարան` Արցախի անկախության հանրաքվեն ևս օրինական ճանաչելու հայցով։
2. ԱՀ֊ը պահանջի ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորել բացառապես արցախանպաստ վարքագիծ` պահպանելով ՀՀ֊ԼՂՀ հունիսի 14֊ի միջպետական պայմանագրի և ՀՀ ԳԽ հուլիսի 8֊ի` ԱՀ֊ը Ադրբեջանի կազմում լինելը բացառող որոշման նորմերը կամ ընդհանրապես մնալ չեզոք, բավարարվելով հումանիտար և վիճակագրական հարցերով։
Հ.Գ. Ի դեպ ՌԴ նախագահ Վլ. Պուտինը որպես Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ինքնորոշման իրավազորության հիմնավորում ՄԱԿ գլխավոր քարտուղար Ա. Գուտիերեշին հիշեցրել է հենց 22.07.2010թ վերոնշյալ ակտը։
Տիգրան Մուրադյան (տնտեսագետ)