«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչության վերջին նիստի օրակարգում եղել է երկու հարց: ՔՊ-ամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջին հարցը եղել է ՀԱՊԿ-ի թեման, իսկ երկրորդ հարցը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելու մասով նախագծի քննարկումը: ՀԱՊԿ-ից դուրս գալ-չգալու մասով Փաշինյանը թիմակիցներին հրահանգել է այլեւս փակել թեման, հանել այդ հարցն օրակարգից, որեւէ հայտարարություն չանել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով՝ պատճառաբանելով, որ, ճիշտ է, ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտականությունները, բայց այդ կազմից դուրս գալը շատ թանկ գին կնստի ՀՀ-ի վրա: Ինչ վերաբերում է Թագուհի Թովմասյանին պաշտոնից զրկելուն, ապա տեղեկացանք, որ վարչության անդամներից մի քանիսն ասել են, որ հիմնազուրկ է Թովմասյանին պաշտոնանկ անելու նախագիծը: «Չենք կարող պաշտոնից հեռացնել հանձնաժողովի նախագահին՝ նիստի անդամների խոսքը չսահմանափակելու հիմքով: Թույլ հիմքեր են ներկայացվում. խայտառակ կլինենք»,- ներկաներից մեկը մոտավորապես այսպես է արտահայտվել: Հնչել է նաեւ տեսակետ, որ այս փուլում դա ամենակարեւոր հարցը չէ, որով պետք է իշխանությունը զբաղվի: Ի վերջո, որոշվել է Թովմասյանի պաշտոնանկության հարցը այդ պահի դրությամբ հանել օրակարգից, համենայնդեպս, երեքշաբթի մեկնարկող ԱԺ նստաշրջանում չի լինի այդ հարցը: ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցեցին նաեւ, որ ԱԺ միակ ընդդիմադիր պաշտոնյային հեռացնելու հարցն օրակարգից չի հանվել. պայմանավորվել են Թովմասյանի հարցին անդրադառնալ՝ հունիսի վերջին քառօրյային ընդառաջ: Այսինքն՝ հարցը վերջնականապես փակ չէ, ՔՊ-ն այն թողել է օդում կախված:
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԺ-ում երեկ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ականների դռնփակ հանդիպումը, որը տեւել է երկու ժամից ավելի: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Փաշինյանի եւ ՔՊ-ականների փակ հանդիպումից: Նախ տեղեկացանք, որ ՔՊ-ականների համար անակնկալ է եղել Փաշինյանի՝ ԱԺ գալը. վերջին պահին են իմացել, որ վարչապետի հետ հանդիպում է նախատեսված, եւ շտապել են ԱԺ: Հանդիպմանը, բացի պատգամավորներից, ներկա են եղել նաեւ դեռեւս ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: ՔՊ-ականները ոչ ամբողջ կազմով են ներկա եղել վարչապետի հետ հանդիպմանը, քանի որ մի մասը գործուղումների են: Հանդիպման հիմնական օրակարգը եղել է կիրակի օրը Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումը եւ մյուս շաբաթ մեկնարկելիք ԱԺ քառօրյան: Փաշինյանը նախ ներկայացրել է բրյուսելյան հանդիպման մանրամասները, ամփոփել է արդյունքները, իսկ ՔՊ-ականները հիմնականում լսողի դերում են եղել, միայն նրանցից մի քանիսն են հարցեր ուղղել Փաշինյանին: Թեեւ Փաշինյանն ասել է, որ մի շարք կարեւոր հարցերի շուրջ չի հաջողվում Ադրբեջանի հետ համաձայնության գալ, բայց, ընդհանուր առմամբ, Փաշինյանը եւ ՔՊ-ականները դրական են գնահատել Բրյուսելում հանդիպումը: Առաջիկայում Մոսկվայում եւ Քիշնեւում սպասվող հանդիպումներին Փաշինյանը չի անդրադարձել: Նիստի վերջում քննարկվել են ներքաղաքական, կուսակցության գործունեությանը եւ քառօրյային առնչվող ընթացիկ հարցեր:
ՀՀ նախագահի լիազորությունների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են մեծ գումարներ, սակայն Վահագն Խաչատուրյանի աշխատանքի արդյունավետությունն այդպես էլ չի երեւում։ Խոսենք թվերով. 2022 թվականին նախագահի լիազորությունների իրականացման համար ծախսվել է 1.2 մլրդ դրամ, ընդ որում՝ կատարողականը 92 տոկոս է եղել, այսինքն՝ նախագահը սիրով ծախսել է իր կառույցին բաժին հասած գումարը, մեկնել գործուղումների, հյուրասիրություններ կազմակերպել: Ինչպես հայտնի է, 2022 թվականի մարտի 3-ին 71 կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Այս ընթացքում դժվար է մատների վրա հաշվել, թե ինչ հանրօգուտ աշխատանք է կատարել Վահագն Խաչատուրյանը: Միակ բանը, որով թերեւս կարող ենք հիշել Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման մեկ տարին, սկանդալն էր, որում նա հայտնվեց նախորդ տարվա սեպտեմբերին: Խոսքը դրվագի մասին է, երբ Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվել էր՝ մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված է։ Ամբողջ մայիս ամսվա նրա գործունեությունը սահմանափակվել է միայն շնորհավորական ուղերձներ հղելով, օրինակ՝ մայիսի 3-ին, 5-ին, 17-ին։ Ապրիլ ամսվա ընթացքում եւս շնորհավորական խոսքերը բազմաթիվ են եղել, օրինակ՝ ապրիլի 17-ին, 24-ին, 25-ին։ Նա ապրիլին եղել է նաեւ Դիլիջանում, մեկնել արտերկիր, Մատենադարանում միջոցառման մասնակցել։ Թե ինչ օգուտ են տվել այս այցերն ու ընդունելությունները Հայաստանին, դժվար է ասել, բայց որ սուղ բյուջեից 3 մլն 200 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել ըստ էության ոչինչ չանելու համար, փաստ է:
ՀՀ արդարադատության նախարարությունը բավականին ակտիվ է մեկ անձից կատարվող գնումների հարցում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 4 մլն 117 հազար դրամ ընդհանուր արժողության պայմանագիր է կնքված եղել՝ ապրիլի 18-20 «Հոլիդեյ ինն» հյուրանոցում ճաշի եւ սուրճի հյուրասիրության համար։ Մեկ այլ պայմանագրով՝ 138 հազար դրամ է տրամադրվել պատվիրակության անդամների՝ օդանավակայանից դեպի հյուրանոց եւ հակառակ ուղղություններով։ Եւս 56 հազար դրամ է ծախսվել նախարարության կողմից 8 շարֆ գնելու համար։ 362 հազար էլ տրամադրվել է պաշտոնական ճաշի մատուցման համար: Այսինքն՝ ստացվում է՝ նախարարությունը բավականին ակտիվ է հյուրեր ընդունելու ու ճանապարհելու հարցում. մնում է՝ այդպես արագ եւ արդյունավետ կարողանա աշխատանքները կազմակերպել: