ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԱԴԱՊՏԱՑՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա-Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ 29,8 հազար ք/կմ սահմաններում, եւ Ադրբեջանինը` 86,6 հազար ք/կմ-ի: «Ժողովուրդ» օրաթերթը բրյուսելյան հանդիպման եւ Շառլ Միշելի հանդիպման վերաբերյալ զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:

 

-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ է ենթադրում Միշելի հայտարարությունը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Բրյուսելում Հայաստանը համաձայնել է ճանաչել Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս:

-Ընդհանուր առմամբ, ինձ համար ոչ մի լուրջ անակնկալ չկար բրյուսելյան հանդիպումից, Շառլ Միշելի հայտարարության մեջ եւս նոր բան չկար: Կարծում եմ՝ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը, մասնավորապես՝ Արցախի շուրջ, վարում են մոտավորապես «Արցախը՝ Հայաստանի դիմաց» բանաձեւով: Ժամանակ կար, որ ասում էին՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց», նմանատիպ կարճ ֆորմուլաներ էին առաջ բերում՝ «խաղաղություն՝ տարածքների դիմաց»: Այժմ, իմ կարծիքով, պարզ բանաձեւ է դրված սեղանին. Փաշինյանն ասում է, որ Արցախը մենք տալիս ենք, բայց դրա դիմաց Ադրբեջանը պետք է ճանաչի Խորհրդային Հայաստանի 29.800 ք/կմ տարածքը: Այս տրամաբանությունից ելնելով՝ Բրյուսելում, ըստ էության, ասվել է, որ ես ճանաչում եմ քո ամբողջ տարածքը՝ Ալմա-Աթայի հռչակագրով: Ադրբեջանի տարածքը հաշվարկել են Արցախը ներառյալ 86.600 ք/կմ: Այսինքն՝ երբ հայտարարում են, որ Հայաստանը ճանաչում է 86. 600 ք/կմ տարածքը, դա նշանակում է, որ Արցախը մեխանիկորեն Ադրբեջանի մեջ են ներառում, իսկ Ալիեւն էլ հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի 29. 800 ք/կմ, այսինքն այն բաղձալի տարածքը, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի, կարմիր գիծն է:

-Պարո՛ն Հակոբյան, այսինքն՝ ըստ Ձեզ՝ բրյուսելյան հանդիպմանը որեւէ նոր պայմանավորվածություն ձեռք չի բերվել, այլ քննարկվել է այն, ինչի մասին մինչ այս խոսել է Փաշինյանը, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

-Այս առումով նորությունը այն էր, որ հանրային տիրույթում հայտնվեց թիվ՝ 86 .600 ք/կմ-ն, բայց չեմ կարծում, որ դա հանդիպմանը առաջին անգամ է քննարկվել բանակցային գործընթացում: Իմ կարծիքով՝ այդ ամենը նախկինում էլ է քննարկվել: Երբ Փաշինյանը օրումեջ հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար հարց է առաջանում՝ ո՞րն է այդ տարածքը, այսինքն՝ այդ հարցը մշտապես քննարկվել է: Հիմա հանրությանը ադապտացնում են այն մտքին, որ այլեւս Արցախը Հայաստանի անվտանգային ճարտարապետության հետաքրքրությունների մեջ չէ, աստիճանաբար սովորեցնում են, որ Արցախը հանձնվում է Ադրբեջանին: Պաշտոնապես չեն ասում, որ հանձնում են, այլ ասում են, որ, ըստ քննարկվող փաստաթղթի, Արցախը ճանաչում են՝ որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՇԱՆՏԱ՞Ժ Է ԱՆՈՒՄ ԼԱՎՐՈՎԻՆ

ԱԺ ՔՊ իշխող խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը երեկ՝ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ, քննադատել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, ու սա՝ այն դեպքում, երբ Մոսկվայում ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսված: Այսինքն՝ ստացվում է, որ իշխանության ներկայացուցիչներն անգամ դիվանագիտական էթիկա պահել չգիտեն ու միայն խոսում են շանտաժի լեզվով:

 

Հիշեցնենք, որ Վիգեն Խաչատրյանը խորհրդարանում հայտարարել էր. «Ի տարբերություն Արեւմուտքի՝ Մոսկվայի պարագայում ունենք միջնորդ, որը ստանձնել է որոշակի պարտավորություններ, եւ, հետեւաբար, իմ սպասելիքները նրանից ավելի շատ է»:

Նրա խոսքով՝ երբ «էկոակտիվիստները» փակել էին դեպի Արցախ ճանապարհը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ միջանցքի բացումն օրերի հարց է: «Մտածում էի՝ հիմք ունի, որ այդպես է ասում, բայց, դրա փոխարեն, անցակետ տեղադրվեց։ Նույն Լավրովն ասում էր՝ բացառվում է անցակետը։ Չեմ կարող հասկանալ ՌԴ պահվածքը»,- ասել է Խաչատրյանը: Հետարքրիր է մի բան՝ արդյոք ինքնագլուխ է Խաչարյանն անում այս հայտարարությունը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցված է. երկու դեպքում էլ նրա արածը որեւէ տրամաբանության մեջ չի տեղավորվում:

 

 

 

 

 

 

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները Արցախից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է ընդառաջ գնալ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջարկին եւ, ամենայն հավանականությամբ, առաջիկա մեկ ամսում վստահության հանրաքվե անցկացնել Արցախի Հանրապետությունում: Նշենք, որ մինչեւ հանրաքվե նշանակելը պետք է Արցախի խորհրդարանն իր հաստատումը տա այն անցկացնելու համար: Այս հանրաքվեով Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ կա՛մ «կընտրի» Արայիկ Հարությունյանին, կա՛մ նրան կմերժի: Մեր իրազեկ աղբյուրները նշում են, որ դա տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Թովմասյանի այն առաջարկին, թե պետք է Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարար, կամ Ռուբեն Վարդանյանին ինչ-որ ձեւով ներգրավել Արցախի կառավարման հարցերին, ապա այդ թեմաները ընդհանրապես չեն քննարկվում Արցախում: Այսինքն՝ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը կշարունակի պաշտոնավարել, իսկ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման հարցը կորոշի արդեն արցախցին, բայց, ամենայն հավանականությամբ, Հարությունյանը հանրաքվեի միջոցով կշարունակի կրկին պաշտոնավարել:

 

 

 

 

ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՐԵՑ

Կառավարությունն իր վերջին նիստում հավանության արժանացրեց նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման եւ ֆինանսավորման մասին որոշման նախագիծը։ Հետայսու ոչ միայն այդ երեք բարձրաստիճան պաշտոնյաները, այլեւ նրանց կանայք, երեխաներն ու ծնողները բուժում կստանան մեր վճարած հարկերի հաշվին։ Թե քանի միլիոնավոր դրամներ կհոսեն այդ նպատակով, ցույց կտա ժամանակը, բայց այս որոշումը աչքի է ընկնում մեկ այլ իրողության ֆոնին. մայիսի 17-ին՝ ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիայի ժամանակ, մահացու վիրավորում էր ստացել ոչ միայն զինծառայողը, այլեւ ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել էր վիրավորին օգնության հասած շտապօգնության մեքենայի վրա՝ վիրավորելով բուժակին։ Ինչպես նկարներից պարզվեց, այդ մեքենան հնամաշ մեքենա էր, մինչդեռ իշխանությունները կարող էին այդ գումարներն ուղղել ոչ թե սեփական բարեկեցությանը, այլ զրահապատ շտապօգնության մեքենաներ ձեռք բերելուն։ Դրա հնարավորությունը կա։ Փոխարենը կառավարությունը որոշում է ընդունում պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների անվճար բուժօգնության մասին, մարդկանց, որոնք այսօր փոխադրվում են զրահապատ մեքենաներով։

 




Լրահոս