ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է խաղաղության պայմանագրի նախագծի մի քանի հարցերի շուրջ առաջընթացի մասին։ «Այն հարցերում, ինչպիսիք են հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումը, փոխըմբռնում է զգացվում: Իհարկե, մենք պետք է աշխատենք այս գործընթացի պարամետրերի հետագա հստակեցման ուղղությամբ»,- ասել է նա Մոսկվայում Ադրբեջանի եւ Ռուսաստանի գործընկերների հետ բանակցություններում: Միրզոյանն ընդգծել է հետագա էսկալացիայի կանխարգելման եւ ուժի կիրառումից զերծ մնալու կարեւորությունը։ «Հայաստանը հավատարիմ է մնում մեր ղեկավարների բոլոր եռակողմ հայտարարություններին։ Մենք աշխատելու ենք կառուցողական»,- եզրափակեց նա։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույնպես հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները այլընտրանք չունեն։ «Ռուսաստանը լիովին շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ եւ կանի ամեն ինչ, որպեսզի իրավիճակի կայունացման որոշումները իրականացվեն»,- ասել է նա։

 

Լավրովը նշել է, որ, Ղարաբաղում եւ սահմանին իրավիճակի կայունացմանը զուգահեռ, անհրաժեշտ է լուծել հումանիտար խնդիրները, ապաշրջափակել տնտեսական եւ տրանսպորտային կապերը եւ համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստը։ Ավելի վաղ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը ՌԴ ԱԳՆ ղեկավարը երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունն անվանել էր «հայ-ռուսական հարաբերությունների իրական լոկոմոտիվ»։ «Հույս ունենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին Մոսկվայում կմասնակցի Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։ Մենք շահագրգռված ենք նպաստել Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միեւ բոլոր պայմանավորվածություններին»,- ընդգծել է նա։

Միրզոյանն իր հերթին մատնանշել է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը Լաչինի միջանցքի նկատմամբ։ Նա հիշեցրել է այնտեղ Բաքվի անցակետի տեղադրման մասին։ «Թեեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ միջանցքը պետք է մնա Ռուսաստանի վերահսկողության տակ, ցավոք, դա հիմա չի կարելի ասել»,- ընդգծեց Միրզոյանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նախորդ բանակցությունները ԱՄՆ-ում կայացել են մայիսի 1-4-ը։

Վաշինգտոնում նրանք հանդիպել են Էնթոնի Բլինքենի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Երեւանն ու Բաքուն առաջընթաց են գրանցել, սակայն որոշ հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները դեռեւս տարբերվում են։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ում կայացած բանակցություններում կողմերին հաջողվել է համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի որոշ կետերի շուրջ՝ ընդգծելով, որ բավարար տարաձայնություններ են մնացել։ Բլինկենը նշել է, որ Երեւանն ու Բաքուն «շոշափելի առաջընթաց» են գրանցել, իսկ վերջնական համաձայնությունը «հասանելի է»։

 

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ։

Քննարկվել են Արցախի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները, շեշտվել է ստեղծված իրավիճակում ներքին կայունության պահպանման անհրաժեշտությունը։

Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկայում լսելու է բոլոր շահագրգիռ կողմերի տեսակետները, քննարկելու է առաջարկները։

«Քաղաքական խորհրդակցությունների ավարտին ընդունվելու են որոշումներ, որոնք հնարավորություն կտան խուսափել ներքաղաքական ճգնաժամից եւ չխարխլել պետականության հիմքերը»,- նշել է ԱՀ նախագահը։

 

 

 

 

ԽՈՍՏՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է, որ մտադիր է աշխատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի դեպքում:

«Անկասկած, ես կաշխատեմ պարոն Բայդենի հետ»,- ասել է նա՝ պատասխանելով CNN հեռուստաալիքի հաղորդավարուհու համապատասխան հարցին։

Էրդողանը նշել է, որ Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալու դեպքում «կաշխատի նրա հետ, ով կփոխարինի Բայդենին»։

 

 

 

 

ՔԱՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի եւ Իրանի պատվիրակությունների հանդիպումը՝ համապարփակ բանակցությունների համար, հնարավոր է հունիսի վերջին։

«Արտաքին գործերի նախարարների վճռական հանդիպումից հետո Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում հաջորդ շփումը նախատեսվում է փոխնախարարների միջեւ։ Որպես համապարփակ բանակցությունների ժամկետ՝ նշվել է հունիսի վերջը»,- գրել է պարբերականը։

Պարբերականի ունեցած տեղեկության համաձայն՝ ԱԳՆ ղեկավարների քառյակի հանդիպումը Մոսկվայում ավելի չափավոր էր, քան տեխնիկական պատվիրակությունների նախորդ հանդիպումները։

«Թուրքիայի առաջնահերթությունների շարքում առավել նկատելի թեման պայքարն է ահաբեկչության դեմ։ Այդ հարցի մասին տեղեկացվել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Միկդատ Ֆեյսալին բոլոր ասպեկտներով։ Առաջարկվել է «նախաձեռնել համատեղ քայլեր ահաբեկչության դեմ պայքարում»։ Հայտարարվել է, որ Քրդական աշխատավորական կուսակցության՝ YPG-ի (արգելված է Թուրքիայում) ներկայությունը Թել Ռիֆաաթում եւ Մանբիջում՝ Եփրատից արեւմուտք, կարող է մաքրվել համատեղ գործողությունների ընթացքում, եւ որ այդ շրջանները կարող են վերադարձվել Սիրիայի վերահսկողության տակ։ Սիրիական կողմը եւս հասկանալ է տվել, որ կարող է համատեղ գործել ահաբեկչության դեմ պայքարում»,- նշել է թերթը։

Թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ Թուրքիան բանակցություններ է վարում նաեւ սիրիական ընդդիմության հետ՝ քաղաքական գործընթացում փոխզիջման հասնելու համար։

«Ինչ վերաբերում է փախստականների վերադարձին, ապա հիմնական սկզբունքը կամավոր, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձն է։ Այդ նպատակով օրակարգում դրված է այդ գործընթացում Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ներգրավման հարցը՝ որպես երաշխավորների»,- տեղեկացրել է թերթը։

 

 

 

ՌԴ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարության տրանսպորտի անվտանգության վարչության պետ Անատոլի Դեմյանովի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ռուսական կողմի հետ տրանսպորտի ոլորտում առկա համագործակցությունը։

Խոսելով տրանսպորտի ոլորտում անվտանգության ապահովման մասին՝ կողմերը խոսել են ճանապարհային քարտեզի քննարկման եւ ընթացիկ հարցերի ավելի համակարգային ուսումնասիրության մասին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ավիացիոն ու ավտոմոբիլային հաղորդակցությանը, հանրային տրանսպորտի ենթակառուցվածքներին, երկուստեք կարեւորվել է փորձի փոխանակումն ու միջգերատեսչական ակտիվ աշխատանքի շարունակությունը:

 

 

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԸ

ՀՀ գլխավոր դատախազությունը 570 հազար դրամի ծաղկային կոմպոզիցիաներ է գնել։ Armlur.am-ը տեղեկացավ, որ դատախազությունը մեկ անձից գնումների ընթացակարգով պայմանագիր է կնքել «Էլվա գոլդ» ընկերության հետ։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ դատախազությունը 13 հատ ծաղկային կոմպոզիցիա է գնել եւ այդ ամենի համար վճարել 570 հազար դրամ։ Հավելենք, որ այս ընկերության մասին այնքան էլ տեղեկություններ հայտնի չեն, սակայն նշվում է, որ ընկերության տնօրենը Անուշ Վիրաբյանն է։

 

 

 

 

 

2022Թ.-Ի ՀԱՐԿԵՐԸ

Մայիսի 29-ին խորհրդարանում մեկնարկելու են 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կատարման հաշվետվությունը։ Այն կսկսվի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում։

Armlur.am-ը տեղեկացավ, որ մայիսի 29-ին նախատեսված է նաեւ Նիկոլ Փաշինյանի այցը խորհրդարան։ Այդպիսով, տեղեկացանք, որ ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ պետական բյուջե է մուտքագրվել 1,819.0 մլրդ դրամի հարկ եւ 106.8 մլրդ դրամի տուրք: 2013-2022թթ. ԱԱՀ եւ եկամտային հարկի գծով վճարները կազմել են պետական բյուջեի եկամուտների հիմնական մասը: Այդ երկու հարկատեսակների գծով մուտքերը 2013-2021թթ. կազմել են հարկերի եւ տուրքերի 60.4-67.4 տոկոսը: 2022թ. վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ ԱԱՀ եւ եկամտային հարկի գծով մուտքերը հարկերի եւ տուրքերի 60 տոկոսից պակաս են եղել։

 

 




Լրահոս