Պետական-իրավական հարցերի եւ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 2-ի համատեղ նիստում քննարկվել են մի շարք կառույցների՝ 2022 թվականի պետական բյուջեի կատարողականները:
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը տեղեկացրել է, որ կառույցի՝ 2022 թվականի բյուջեն կազմված է եղել մեկ ծրագրից:
Նրա խոսքով նախորդ տարի «Սահմանադրական դատարանի գործունեության ապահովում» ծրագիրը ներառել է 2 միջոցառում՝ «Սահմանադրական դատարանի գործունեության եւ սահմանադրական արդարության ապահովում» եւ «Սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդը»:
Ըստ զեկուցողի՝ առաջին միջոցառման տարեկան հաստատված պլանը կազմել է 690 մլն դրամ, իսկ ճշտվածը՝ 729 մլն դրամ. պլանների տարբերության հիմքում «Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց մասին» օրենքում կատարված փոփոխությունն է, ըստ որի՝ Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսվել է պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով հավելավճար: Այդ ծախսերը սպասարկելու նպատակով բյուջեն ավելացվել է 42 մլն դրամով: Կատարողականը կազմել է 98,7 տոկոս:
Երկրորդ միջոցառման տարեկան ճշտված պլանը կազմել է 13 մլն 816 հազար դրամ, որից ընթացիկ տարում ծախսվել է 13 մլն 646 հազար դրամ: Կատարողականը կազմել է 98,8 տոկոս:
Բարձրագույն դատական խորհրդի՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Գալստյանի հավաստմամբ 2022 թվականի պետբյուջեով ԲԴԽ-ին նախատեսվել է 14 մլրդ 227 մլն դրամ, այնուհետեւ ավելացել է՝ կազմելով 15 մլրդ 89 մլն դրամ, փաստացի ծախսվել է 14.5 մլն դրամ: Կատարողականը՝ 96 տոկոս: 2021 թվականի համեմատ ավելի է 17տոկոսով:
Իրականացվել է մեկ ծրագիր, 22 միջոցառում: Ներկայացվել են որոշ միջացառումների կատարողականները: Կապիտալ ծախսերի համար հատկացվել է 349 մլն դրամ: Բոլոր միջոցառումների գծով տնտեսված գումարները փոխանցվել են պետական բյուջե:
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հավաստմամբ 2022 թվականին իրականացվել է 8 ծրագիր, 37 միջոցառում: Նախարարությանը նախատեսվել է 23 մլրդ 238 մլն դրամ, փաստացի հատկացվել է 24 մլրդ 500 մլն դրամ, կատարողականը 94.4 տոկոս, ինչը 18.1 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից:
Արդարադատության պատշաճ իրականացնումն ապահովելու համար կարեւորվել է դատարանների շենքային պայմանների եւ տեխնիկական հագեցվածության կատարելագործումը՝ պայմանավորված հատկապես դատավորների թվի ավելացմամբ: Այս առումով անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել դատարանները շենքային նոր պայմաններով եւ ենթակառուցվածքներով ապահովելու ուղղությամբ:
Էապես վերափոխվել է Պրոբացիայի ծառայությունը, զարգացման փուլում են ծառայության կարողությունները:
Որոշ քրեակատարողական հիմնարկներ վերազինվել են արդի ինժեներատեխնիկական եւ նյութակենցաղային սարքավորումներով, ինչպես նաեւ օպերատիվ կառավարման կենտրոնով: Կառուցվում է նոր, եվրոպական մոդելով քրեակատարողական հիմնարկ:
Դատարանների ծանրաբեռնվածության առնչությամբ նշվել է, որ միջազգային փորձի ուսումնասիրությամբ բնակչության թվաքանակով պայմանավորված՝ անհրաժեշտ է ունենալ 1000 դատավոր, սակայն, ըստ նախարարի, ունենք երեք անգամ պակաս:
Նշվել է նաեւ, որ շարունակվելու են արդարադատության բնագավառի բարեփոխումները:
Ըստ Գլխավոր դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանի՝ Գլխավոր դատախազությունը նախատեսված 3 ծրագրի փոխարեն իրականացրել է 2-ը եւ 8 միջոցառում: 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է 6 մլրդ 681 մլն դրամ, փաստացի՝ 7 մլրդ 267 մլն դրամ: 2022 թվականի կատարողականը 18 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից:
Գլխավոր քարտուղարի հավաստմամբ 2022 թվականին նախատեսված բոլոր աշխատանքները կատարվել են ամբողջությամբ:
Մհեր Ափրիկյանը նշել է, որ դատախազությունը պետական իշխանության կարեւորագույն կառույցներից մեկն է եւ իր նպաստն է բերում քաղհասարակության ձեւավորման, օրենքի գերակայության հաստատման, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետության կայացման գործին:
Հաջորդ զեկույցը վերաբերել է Պետական վերահսկողական ծառայությանը:
«2022 թվականի պետական բյուջեով ՊՎԾ կողմից իրականացվող երեք միջոցառումների ճշտված պլանը կազմել է 777,7 մլն դրամ, ծախսերը կազմել են 774 մլն դրամ՝ ապահովելով 90,5 տոկոս կատարողական»,- ասել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը:
Նրա խոսքով «Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովում» միջոցառման գծով պետական բյուջեից նախատեսվել է 756 մլն դրամ, ճշտված ծախսը կազմել է 752,6 մլն դրամ, ապահովել է 99,5 տոկոս կատարողական: Նախորդ տարվա համեմատ տվյալ միջոցառման ծախսերն ավելացել են 12 տոկոսով կամ շուրջ 81 մլն դրամով:
«Ճշտված պլանի եւ ծախսի 3 մլն 400 հազար դրամի չափով շեղումը հիմնականում կապված է էներգետիկ եւ կապի ծառայությունների գծով ծախսերի տնտեսմամբ»,- ասել է Ռոբերտ Բազիկյանը:
Հաջորդ՝ «Պետական վերահսկողական ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման գծով ծառայությանը հատկացվել է 16 մլն դրամ, ծախսը կազմել է 15,7 մլն դրամ, ապահովել է 97,8 տոկոս կատարողական: Տրամադրված միջոցներն ուղղվել են հակահրդեհային համակարգի, համակարգիչների ու գրասենյակային գույքի ձեռքբերմանը: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 10,6 մլն դրամով: Ճշտված պլանի ու ծախսի 350 հազար դրամի չափով շեղումը պայմանավորված է հաշվետու ժամանակահատվածում պահանջարկով ու տնտեսումներով: Երրորդ՝ «Պետական վերահսկողական ծառայության շենքային պայմանների ապահովում» միջոցառման գծով հատկացվել է 5,7 մլն դրամ՝ 2022 թվականին ծառայությանն ամրացված անշարժ գույքի հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպատակով: Այս մասով 100 տոկոս կատարողական ունենք»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ռոբերտ Բազիկյանը նշել է նաեւ, որ հաշվետու տարում ՊՎԾ-ն հիմնականում ուսումնասիրություններ ու մշտադիտարդումներ է իրականացրել, որոնք ընդգրկել են տնտեսական, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, պետաիրավական սոցիալական, գնումների ոլորտներ եւ այլ ուղղություններ: Ուսումնասիրություններն ու մշտադիտարկումներն իրականացվել են վարչապետի հանձնարարականների հիման վրա:
«2022 թվականի ընթացքում գերատեսչությունն իրականացրել է 31 ուսումնասիրություն եւ 201 մշտադիտարկում, ինչի արդյունքում վարչապետին է ներկայացվել 113 տեղեկանք, իրավապահ մարմիններին ուղարկվել է 78 տեղեկատվություն ու հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է 77 քրեական վարույթ»,- խորհրդարանականներին հայտնել է Ռոբերտ Բազիկյանը:
Պատգամավորների հարցերը վերաբերել են բարեխիղճ տնտեսվարողներին խրախուսելու տարբերակներին, ՊՎԾ՝ իրավապահ մարմիններին տեղեկատվություն ու հաղորդում տալու հիման վրա հարուցված 77 քրեական վարույթներին:
Բյուջեի կատարման մասին տարեկան հաղորդումը ներկայացրել է նաեւ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:
«Հաշվետու տարում ՔԿ-ն իրականացրել է 1 հիմնական ծրագիր, որի շրջանակում իրականացվել է 7 միջոցառում, ինչի համար գերատեսչությունը պետական բյուջեից ստացել է 9,7 մլրդ դրամ: Կոմիտեի ծավալած աշխատանքների արդյունքում կատարվել են շուրջ 9,6 մլրդ դրամի ծախսեր, ինչը կազմում է ծրագրային ցուցանիշի 99,4 տոկոսը»,- ասել է Արգիշտի Քյարամյանը:
Նա անդրադարձել է նաեւ որոշ ոչ ֆինանսական ցուցանիշների:
«Նախորդ տարի ՔԿ-ն բավարար աշխատանք է ապահովել հանցագործությունների բացահայտման, քննության որակի ու արդյունավետության բարելավման, մարդու իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաեւ իրավական ապահովման այլ ուղղությունների ոլորտներում: Ուզում եմ նշել նաեւ, որ 2022 թվականի ընթացքում Կոմիտեում քննվել է 59.830 քրեական վարույթ, մինչդեռ 2021 թվականի ընթացքում ցուցանիշը ցածր է եղել՝ 41.883: Հատկանշական է, որ 2023 թվականի առաջին եռամսյակում Կոմիտեում քննվել է 69.088 քրեական վարույթ»,- ասել է Արգիշտի Քյարամյանն ու հավելել, որ Քրեական օրենսգրքի փոփոխություններից հետո քրեական վարույթների թիվը գնալով ավելանալու է:
Պատգամավորները, զեկույցի ավարտից հետո, հարցեր են ուղղել Արգիշտի Քյարամյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ապրիլին Դիլիջանում ոստիկանի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու, ապա քրգործը փակելուն, Հանրային ծառայողների՝ մինչեւ պաշտոնին նշանակվելը բժշկական ստուգումներ անցնելու կարեւորությանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն էլ ներկայացրել է գերատեսչության թվային ցուցանիշները:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2022 թվականին ունեցել է 2 ծրագրային միջոցառում՝ «Կոռուպցիայի կանխարգելում եւ բարեվարքության համակարգի զարգացում» եւ «Հանձնաժողովի կարողությունների զարգացում»: Առաջին միջոցառման համար նախատեսված է եղել 333 մլն 580 հազար դրամ, ծախսվել 358 մլն 408 հազար դրամը, երկրորդ միջոցառումն արժեցել է 13 մլն 751 հազար դրամ»,- շեշտել է Հայկուհի Հարությունյանը:
«Հակակոռուպցիոն կոմիտեն 2022 թվականին իրականացրել է 1 ծրագիր եւ 4 միջոցառում: Տարեկան պլանը կազմել է 966 մլն դրամ, ճշտված պլանը՝ 1 մլրդ 739 մլն դրամ, փաստացի ծախսը՝ 1 մլրդ 508 մլն դրամ, կատարողականը՝ 86,7 տոկոս: Պլանի համեմատ ավելացումը պայմանավորված է եղել «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում եւ քննություն» միջոցառման գծով գումարների ավելացմամբ»,- նշել է Հակակոռուպցիան կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
Սասուն Խաչատրյանի խոսքով կոմիտեի հաստիքացուցակի համալրումը 50 տոկոսից պակաս է, դա պայմանավորված է աշխատանքի ընդունվելիս բարդ ընթացակարգերով, բացի այդ՝ աշխատավարձի ու աշխատանքային ծանրաբեռնվածության մասով աշխատանքն այդքան էլ գրավիչ չէ:
Գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ ոչ ֆինանսական ցուցանիշներին:
«2022 թվականին ընդհանուր վարույթում եղել է 1203 քրեական վարույթ, որից 97 վարույթ՝ 203 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 167-ը կարճվել է, 511-ը՝ մնացել անավարտ: 5 ամսվա ընթացքում արդեն իսկ քննվել է 1003 վարույթ, որից 61 գործ՝ 135 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել»,- հայտնել է Սասուն Խաչատրյանը:
Պատգամավորների հարցերը վերաբերել են ԱԺ-Հակակոռուպցիոն կոմիտե համատեղ աշխատանքի հնարավորությանն ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2022 թվականի կատարողականը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Նա նշել է, որ հաշվետու տարում հանձնաժողովին պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 268 մլն 369 հազար դրամ, որից դրամարկղային ծախսը կազմել է 854 մլն 895 հազար դրամ, մնացած 413,5 մլն դրամը վերադարձվել է պետբյուջե, որից էլ 320 մլն դրամը փոխանցվել է պահուստային ֆոնդին:
Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ 2022 թվականին ՀՀ 9 մարզերում տեղի են ունեցել 19 ՏԻՄ ընտրություններ, որոնցից որեւէ մեկի մասով ԿԸՀ-ն բողոք չի ստացել: