ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆՎԵՐ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ:

 

-Պարո՛ն Դանիելյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այս օրերին Հայաստանում տեղի ունեցածը, ինչպե՞ս եք տեսնում ելքը:

-Ծնողների հետ կապված նորից չպատմեմ դեպքը, թե ինչ է կատարվել այս 3 օրերի ընթացքում: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում տիկին Գայանեն է, եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ առողջական վիճակը շատ խնդրահարույց է, ունի առողջական լուրջ խնդիրներ, օր առաջ պիտի ազատության մեջ լինի: Այս պահին ծնողների պահանջը եւ պայքարը րոպե առաջ տիկին Գայանեի՝ ազատության մեջ լինելն է, եւ պայքարը տարվում է այդ ուղղությամբ: Գիտենք, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել, սակայն այդ գործընթացը երկար կտեւի. իմ տեղեկությունների համաձայն՝ մոտ 23 օր կտեւի այդ գործընթացը: Ես առանձնապես հույսեր չունեմ՝ այս իշխանությունների հետ կապված: Դատական գործընթացի ընթացքում մենք էլ՝ որպես երաշխավոր, հանդես եկանք դատարանում, ելույթ ունեցանք եւ երաշխավորեցինք: Կարծես թե ամեն ինչ գնում էր նրան, որ ամենախիստ պատիժը, որ կլինի, տնային կալանքն է, բայց ստացվեց այնպես, որ այդ որոշումը չկայացվեց, եւ այսօր իշխանությունը բիրտ ուժ է կիրառում, եւ առանձնապես հույսեր չկա այս իշխանություններից: Խնդիրն այն է, թե մեր հասարակությունը արդյոք դուրս կգա այդ թմբիրից եւ կկարողանա իր մեջ այդ ուժը գտնել, ժամանակ տրամադրել, զոհված մեր հերոսածին ընտանիքների կողքը կանգնել ու աջակցել: Այսօր այդ մի քանի տասնյակ մարդիկ, որ հավաքված են, պետք է առնվազն մի քանի հարյուր կամ հազար մարդ լինեին այստեղ, որպեսզի կարողանային իշխանությունների վրա ճնշում գործադրեն, գոնե որոշակի չափով իշխանությունը զգար, որ կա այդ պահանջը:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այդ թմբիրից դուրս չեն գալիս:

-Այս օրերի ընթացքում տարբեր մարդիկ տարբեր ժամերի գալիս են եւ աջակցում են: Ես, կողքից նայելով, զգում եմ այդ աջակցությունը, բայց մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով, առօրյա հոգսերով եւ ժամանակ են տրամադրում այն ժամանակ, երբ իրենց հարմար է: Նրանց, որ իրենց ժամանակից կտրեն եւ գան ու կանգնեն այս ընտանիքների մոտ, ես չեմ տեսնում, եւ ամենամեծ խնդիրն այն է, որ ցանկացած հայ կարողանա այդ ժամանակը տրամադրել, գալ եւ կանգնել այս ընտանիքների կողքին:

-Եթե ամփոփենք տեսանյութերը, որոնք առկա են եղել, իրավապահ մարմինների հայտարարությունները, Դուք այդ դեպքերի առնչությամբ ինչպիսի՞ պատկերացում ունեք:

-Ինչպես գիտենք, Աշոտ Փաշինյանն իր կամքով նստել է մեքենան, եւ այդ ընթացքում, ինչքանով որ ես եմ տեղյակ, գնացել են դեպի Եռաբլուր: Այնտեղ տիկին Գայանեն առաջարկել է գնալ եւ միասին այցելել իր տղայի շիրիմին, եւ որքանով որ ես տեղյակ եմ, տիկին Գայանեն ամեն օր՝ առավոտյան եւ երեկոյան, առանց բացառության, գնում է որդու շիրմին, եւ պատահական հանդիպել են դատարանի մոտ, որտեղ կարմիր բերետավորների հարցն էր քննարկվում: Հանդիպելուց հետո միգուցե էմոցիոնալ ֆոնի վրա առաջարկել է նստել մեքենան, եւ առաջարկը չի մերժվել: Ծիծաղելի է, որ տիկին Գայանեն, մեն-մենակ ղեկին, մեքենայի մեջ կարող էր բռնություն գործադրել. բացառվում է դա: Այստեղ ամենակարեւոր հարցը՝ բարոյականության դաշտի, մարդկային դաշտի մեջ, այն է, որ գիտենք, որ հերոսածին մայր է, կարող էին այդ քննչական գործողությունները տարվել, սակայն հերոսի մայրը լիներ ազատության մեջ: Այս մարդը, ազատության մեջ լինելով, արդյոք կխոչընդոտի՞ վարչապետի ընտանիքին. իհարկե ո՛չ: Իրենք ընտրել են պատժամիջոցներից ամենածայրահեղը. պետք էր գոնե հաշվի առնել առողջական վիճակը, եւ բոլորս գիտենք, որ վերջերս վիրահատական միջամտություն է տարել:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԷ

«Կուսակցության վերաբերյալ բոլոր ստուգումներն իրականացվում են մեր քաղաքական թիմի որոշման շնորհիվ»,- երեկ՝ մայիսի 22-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հարցին, թե ֆինանսական թափանցիկության մասին խոսող Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչու է հայտնվում սկանդալի կենտրոնում: Մասնավորապես, լրագրողը նշեց. «Դուք մշտապես խոսում եք լրատվամիջոցների, կուսակցությունների ֆինանսական թափանցիկության մասին, սակայն Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր»-ը նորից սկանդալի մեջ է հայտնվել:

 

Կուսակցության վարչության կեղծիքից հետո «Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 9-ին գրել էր, որ «ԹՄ աուդիտ» անկախ աուդիտորական կազմակերպությունը եզրակացություն է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվին, համաձայն որի՝ Ձեր ղեկավարած կուսակցությունը՝ ՔՊ-ն, իրավաբանական անձանցից ստացել է 16 մլն 300 հազար դրամի աջակցություն, բայց պարզ չէ՝ ովքեր են նվիրատուները: Բացի այդ, երկու իրավաբանական անձիք տարածքներ են նվիրել ՔՊ-ին, ու դուք թաքցնում եք, թե ովքեր են եւ ինչու են նվիրել:

Եզրակացության մեջ կարդում ենք նաեւ, որ 525 նվիրատուների մասով եւս որեւէ տեղեկություն առկա չէ, ու  գաղտնիք է, թե ովքեր են նվիրատուները, որոնք ՔՊ-ին տարբեր ընծաներ են տվել:

Դուք այս երեւույթները կոռուպցիա էիք համարում մինչեւ իշխանության գալը, իսկ հիմա հայտարարում եք, թե համակարգված կոռուպցիա չկա Հայաստանում:

Հիմա հարցս՝ Ձեր բառապաշարով՝ բա դուք կարծում եք՝ կոռուպցիան պոզով, պոչով մեծ կենդանի՞ է: Բացատրեք՝ ինչո՞ւ եք գաղտնի պահում իշխող կուսակցության նվիրատուներին»:

«Ձեր նշած հրապարակումից տեղյակ չեմ, բայց այդ բոլոր ստուգումներն իրականացվում են մեր քաղաքական թիմի որոշման շնորհիվ: Եթե մենք ուզենայինք այդ պոզով-պոչով կենդանուն թաքցնել, օրենքներ չէինք ընդունի: Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, եւ չենք ուզում, որ մեզ մոտ զարգանա»,- հնչեց պատասխանը:

Այնուհետեւ Փաշինյանը, կոնկրետ հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն, սկսեց խոսել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերից:

ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԸ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՐԱՔՍԻ ԱՓՈՎ

ՀՀ ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ մաքսանենգները թմրամիջոցների խմբաքանակը, զենքը եւ զինամթերքը թաքցրել էին հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտի մոտակայքում հետագայում այդտեղից վերցնելու նպատակով:

Ուշագրավ է, որ օրերս ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էր թմրամիջոցների մաքսանենգության նմանատիպ սխեմաների: ՊԵԿ նախագահը նշել էր, որ հայ-իրանական սահմանին մաքսանենգները թմրանյութերը նետում են Արաքս գետի վրայով կամ անօդաչու թռչող սարքով տեղափոխում եւ թողնում են այնպիսի գոտում, որտեղից իրենց հանցակիցները կարող են վերցնել:

Պետական երկու կառույցների՝ միմյանց փոխլրացնող հայտարարությունները վկայում են այն մասին, որ իրավապահ համակարգերի միջեւ ձեւավորվել է  սերտ համագործակցության հարթակ՝ նման դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Տեսնենք՝ ինչ շոշափելի արդյունքներ կարձանագրվեն:

 

 

 

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԵԼ Է 2 ՀՈԴՎԱԾ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց վաշինգտոնյան բանակցություններից։ Միրզոյանը մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Վաշինգտոնում բանակցությունների հարցում որոշակի առաջընթաց է ձեռք բերվել այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի եւս երկու հոդված հնարավոր է եղել համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր է եղել ուղիղ, երկար, անկեղծ խոսակցություն ծավալել։ «Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտահոգությունները, մտադրությունները եւ պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ՝ մյուս հոդվածների մասով եւս հավանականություն կա համաձայնության։ Սա միայն իմ գնահատականը չէ. ինձ հավաստիացրել են մյուս կողմերը եւս։ Անշուշտ, կան հոդվածներ եւ թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները բավական հեռու են իրարից։ Սրանք այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին, բայց այս ուղղությամբ եւս բավականին արդյունավետ քննարկում է եղել»,- ասաց Միրզոյանը: ԱԳ նախարարը նաեւ վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ հաստատել երկարատեւ, կայուն եւ արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։ «Հայաստանը միայնակ չի կարող կառուցողական քայլեր գործադրել»,- նշեց Միրզոյանը։

 




Լրահոս