ՏԱՎՈՒՇԻ ԳՅՈՒՂԵՐԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձեւին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց համապատասխանաբար 29 հազար 800 քառակուսի կիլոմետր եւ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, եւ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման շուրջ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ պետք է տեղի ունենա երկխոսություն»,- երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ասել, որ Երեւանը համաձայն է այս տրամաբանությանը եւ  բանակցությունները վարում է այս տրամաբանությամբ։ Այսինքն՝ ստացվում է՝ Տավուշի 6 գյուղերն ու Տիգրանաշենը Հայաստանի 29 հազար 800 քառակուսի կմ-ի մեջ չեն մտնում։

 

Իսկ որո՞նք են Տավուշի այդ վեց գյուղերը։ Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը 2021 թվականի մարտի 8-ին հոդված էր հրապարակել Տավուշի անկլավային եւ սահմանակից յոթ գյուղերի մասին, որոնք 1992 թվականից հայկական վերահսկողության տակ են։ Այսպիսով, կենտրոնը ներկայացրել է 7 գյուղերը՝ Յուխար, Աշաղ, Աքսիպարա Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ, Հաջիլի, Սոֆուլու: Բացի այս գյուղերից, անկլավ է համարում նաեւ Արարատի մարզի Քյարքին՝ Տիգրանաշենը, որի մասին եւս Փաշինյանն իր ասուլիսում չհերքեց։ Իսկ Արծվաշենն էլ 1992թ.-ին ադրբեջանական զինուժն է գրավել, եւ այժմ էլ այն այդ երկրի տարածքում է։ Այսինքն՝ ադրբեջանական կողմն էլ պետք է վերադարձնի այդ անկլավը։ Տավուշի այդ 7 գյուղերից երեքով է անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը եւ այդ նույն ճանապարհն է կապում Հայաստանը Ռուսաստանի հետ։ Ընդ որում՝ Հայաստան մտնող գաազատարն էլ է այդտեղով անցնում: Հայ-ադրբեջանական պատերազմի սկզբնական փուլում՝ 1990 թ. հունվարի 15-ին, հայկական աշխարհազորային ջոկատները գրավեցին Արարատի շրջանում՝ Նախիջեւանի սահմանից ոչ հեռու գտնվող ադրբեջանական Քյարքի անկլավը, որի միջով էր անցնում Երեւան-Մեղրի ռազմավարական նշանակության մայրուղին: Քյարքի գյուղը հետագայում վերանվանվեց Տիգրանաշեն: 1992 թ. հունիսին հայկական ուժերի ռազմական գործողությունների արդյունքում ճնշվեց նաեւ Վերին Ասքիպարա (Աքսիպարա) ադրբեջանաբնակ անկլավում տեղակայված կրակակետը, իսկ բնակչությունը բաց թողնված միջանցքով հեռացավ Ադրբեջան: Նույն ժամանակաշրջանում հայկական ուժերը վերահսկողություն հաստատեցին նաեւ վերջին անկլավի՝ Բարխուդարլը եւ Սոֆուլու գյուղերի նկատմամբ: Այնուհետեւ Հայաստանը ցավալի տարածքային կորուստ ունեցավ. 1992 թ. 8 օգոստոսին՝ հնգօրյա արյունահեղ մարտերից հետո, ընկավ Արծվաշենը: Փաշինյանն ասուլիսի ժամանակ նաեւ նշել է, որ ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագրի շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում: «Միջազգային հանրության ընկալումն ավելի ու ավելի շատ է հակվում այն բանաձեւին, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանց վերապահումների պետք է ճանաչեն միմյանց համապատասխանաբար 29 հազար 800 քառակուսի կիլոմետր եւ 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, եւ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման շուրջ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ պետք է տեղի ունենա երկխոսություն», – նշեց գործադիրի ղեկավարը՝ նկատելով՝ Երեւանը համաձայն է այս տրամաբանությանը եւ բանակցությունները վարում է այս տրամաբանությամբ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԿԳՈՐԾՈՒՂՎԵՆ ԲԵԼԱՌՈՒՍ

Հայաստանից հունիսի 5-7-ը ԱԺ պատվիրակություն կգործուղվի Բելառուս:

Պատվիրակությունը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի 13-րդ նիստի աշխատանքներին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատվիրակության կազմում կլինեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Մարինա Ղազարյանը եւ Դավիթ Դանիելյանը:

Պատգամավորների գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը եւ օրապահիկը, կկատարվեն ՀՀ պետբյուջեի հաշվին, իսկ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:

 

 

 

 

ՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել. «Տիկին Գայանեի վերաքննիչ բողոքը ավարտեցինք։ Մուտք ենք անում դատարան։ Մի հատվածի վրա հրավիրեմ Ձեր ուշադրությունը. դատարանն արձանագրել է, որ նոր հանցանք կատարելու /Աշոտին կրկին առեւանգելու/ հիմքը առկա է, քանի որ տիկին Գայանեի կողմից Ա. Փաշինյանին առերեւույթ առեւանգելու հանգամանքը կապված է եղել տուժողի մերձավոր ազգականի պետական եւ քաղաքական գործունեության հետ, որը ներկա պայմաններում եւս շարունակվում է։ Այսպիսով, դատարանն արձանագրել է, որ ազատության մեջ մնալու դեպքում տիկին Գայանեն կարող է նորից առեւանգել Ա. Փաշինյանին, եւ այդպիսի հիմքն իրատեսական է, քանի դեռ Ն. Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում դատարանի փաստարկից անմիջականորեն բխում է, որ տիկին Գայանեն պետք է շարունակաբար մնա կալանքի տակ այնքան ժամանակ, քանի դեռ Ն. Փաշինյանը պաշտոնավարում է, քանի որ այդ դեպքում միշտ իրատեսական է, որ Ա. Փաշինյանը կառեւանգվի։ Ինքներդ գնահատե՛ք։ Մնացած հանգամանքների մասով առաջիկայում պաշտպանական խումբը կազմակերպելու է ասուլիս»։

 

 

 

 

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Հաշվեքննիչ պալատը որոշել է վերապատրաստել իր աշխատակիցներին։ Armlur.am-ը տեղեկացավ, որ Հաշվեքննիչ պալատը 207 հազար դրամ է տրամադրելու այդ նպատակի իրականացման համար։ Վերապատրաստում անցնելու են 18 աշխատակիցներ եռօրյա ծրագրային դասընթացների միջոցով։

 

 

 

ՈՐՔԱ՞Ն ԵՆ ԿԱԶՄԵԼ ՀԱՐԿԵՐԸ

Մայիսի 29-ին խորհրդարանում մեկնարկելու է 2022 թվականի պետական բյուջեի նախագծի կատարման հաշվետվությունը։ Այն կսկսվի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մայիսի 29-ին նախատեսված է նաեւ Նիկոլ Փաշինյանի այցը խորհրդարան։

Այդպիսով, տեղեկացանք, որ ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ պետական բյուջե է մուտքագրվել 1,819.0 մլրդ դրամի հարկ եւ 106.8 մլրդ դրամի տուրք:

2013-2022թթ. ԱԱՀ եւ եկամտային հարկի գծով վճարները կազմել են պետական բյուջեի եկամուտների հիմնական մասը: Այդ երկու հարկատեսակների գծով մուտքերը 2013-2021թթ. կազմել են հարկերի եւ տուրքերի 60.4-67.4 տոկոսը:

2022թ. վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ ԱԱՀ եւ եկամտային հարկի գծով մուտքերը հարկերի եւ տուրքերի 60 տոկոսից պակաս են եղել։

 

 

 

 

ԱՅՍՕՐՎԱ ՕՐԱԿԱՐԳԸ

Այսօր մեկնարկելու է  նստարջանը: Այսպիսով, ArmLur.am-ը տեղեկացավ, որ այսօրվա մեկնարկելիք նստաշրջանի օրակարգում ընդգրկված են 24 հարց։ Մայիսի 24-ին՝ չորեքշաբթի օրը, խորհրդարանում մի քանի ընտրություներ կլինեն, օրինակ՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրություն եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություն։

Հավելենք, որ բոլոր ընտրությունների պարագայում էլ իշխող ՔՊ-ն ունի իր սրտի թեկնածուն, որն էլ կընտրվի ընտրությունների արդյունքներում։

 

 




Լրահոս