Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր են վավերացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովն առաջիկայում կքննարկի «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Մինչ այդ, հունիսի 7-ին այս համաձայնագիրը վավերացնելու հարցը կքննարկվի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ապա դրական եզրակացություն  ստանալու դեպքում կքննարկի հաջորդ շաբաթ մեկնարկելիք լիագումար նիստում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Չեխիայի Հանրապետության Կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2019թ. ապրիլի 9-ին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի պետությունների ներպետական ընթացակարգերի կատարումը հաստատող՝ Կողմերի վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից 2019թ. մայիսի 27-ին չեխական կողմից ստացվել է ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

Ըստ այդմ, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ  ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի համաձայն՝ Կողմերը, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, պետք է աջակցություն ցուցաբերեն ռազմատեխնիկական բնագավառում հայկական եւ չեխական ձեռնարկությունների, կազմակերպությունների եւ հաստատությունների հետ համագործակցությանը՝ հետեւյալ ուղղություններով:

– ռազմական նշանակության արտադրանքի մատակարարում, շահագործում, նորոգում, արդիականացում եւ տեխնիկական սպասարկում,

– ռազմական նշանակության արտադրատեսակների եւ արտադրանքի հետազոտում եւ մշակում,

– լիցենզավորված արտադրության կազմակերպում, մյուս Կողմին մատակարարման ենթակա ռազմական նշանակության արտադրանքի որակի նկատմամբ հսկողության ապահովում,

– ուսումնական հաստատություններում մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստում՝ հաշվի առնելով Կողմերի պահանջարկները եւ հնարավորությունները,

– ռազմատեխնիկական համագործակցության այլ ուղղություններ, որոնց առնչությամբ Կողմերը հետաքրքրություն են դրսեւորում:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Համաձայնագրում առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող, մասնավորապես՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման հանգեցնող դրույթներ, որոնց չափը գնահատելի չէ:

Ն.Հ.




Լրահոս