Կառավարությունն իր երեկվա՝ մայիսի 25-ի նիստում որոշեց փոխհատուցել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով, գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ճանապարհաշինական եւ ինժեներական աշխատանքներ կատարող կազմակերպությունների կողմից կապալային աշխատանքների կատարմանը ներգրավված գույքին հակառակորդի կողմից հասցված վնասը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «2022 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով ճանապարհաշինական եւ ինժեներական աշխատանքներ կատարող ընկերությունների տեխնիկաների դուրս բերումը ռազմական գործողությունների գոտիներից հնարավոր չի եղել ապահովել, որի արդյունքում դրանք անցել են հակառակորդի տիրապետության տակ:
Մասնավորապես, հարձակման ենթարկված տարածքներում աշխատանքներ կատարող թվով չորս ՍՊԸ-երի պատկանող ընդհանուր 17 միավոր տեխնիկա անցել է հակառակորդի տիրապետության տակ, որից՝ 5 միավոր բուլդոզեր, 9 միավոր էքսկավատոր, 3 միավոր «Կամազ» ինքնաթափ, իսկ մեկ ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր էքսկավատորը եւ 1 միավոր «Կամազ» ինքնաթափն ու մեկ ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր ավտոկռունկը հակառակորդի գնդակոծության հետեւանքով վնասվել են: Քանի որ համապատասխան աշխատանքները կատարվել են պետական կարիքների համար, ՀՀ կառավարության՝ 2022թ. դեկտեմբերի 15-ի N 1924-Ա որոշմամբ՝ նախատեսվել է Պաշտպանության նախարարության կարիքների համար կնքված կապալային աշխատանքների պայմանագրերով համապատասխան տրանսպորտային միջոցների անվերադարձ կորստի եւ վնասվելու պայմաններում համապատասխան կազմակերպություններին փոխհատուցում տալու ընթացակարգը:
Դրա շրջանակներում համապատասխան պայմանագրերում ներառվել են գույքին հասցված վնասը պատվիրատուի կողմից փոխհատուցվելու դրույթները. գույքերին հասցված վնասը սահմանված կարգով գնահատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից, որի ընդհանուր չափը կազմում է 773,340.0 հազար դրամ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 09.11.2021թ. թիվ 1279-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում եզրակացություն է կայացվել թվով 19 իրավաբանական անձանց փոխահատուցել հասցված վնասը, իսկ հակառակորդի տիրապետության տակ անցած 1 միավոր բուլդոզեր ճՁի ո-10 տեխնիկան հնարավոր չի եղել գնահատել՝ ելակետային փաստաթղթերի ամբողջական բացակայության պատճառով:
ԿՈՎԵՐԻ ԹԵՄԱՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
«Եթե կովը ցրտադիմացկուն չէ, ուրեմն կով չէ, ու այն կովը, որն օրը 10 լիտր կաթ է տալիս, ժամանակակից իմաստով ինքը կով չէ». սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որոնք նա ասել է երեկ՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցին պատասխանելիս:
Հետաքրքիր է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է այդպիսի թեմաների: Դեռ 2020 թվականի հունվարի 23-ին՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը տեղական կաթի որակի մասին խոսելիս ասաց. «ՀՀ-ում արտադրվող կաթը չի համապատասխանում չափանիշներին, որն անհրաժեշտ է բարձրորակ արտադրանք ստանալու համար, որովհետեւ մենք սովորել ենք, որ կաթը պետք է կթենք ձեռքով, ալյումինի դույլերով, ռեզինե սապոգներով, եւ այդ կաթի մեջ պետք է անպայման գոմաղբի որոշակի ներկայություն լինի: Թրիքոտ կաթով հնարավոր չի բարեկեցություն ստանալ: Չի կարելի պահանջել, որ մթերողները թրիքոտ կաթը մթերեն»: Դեռ 2011 թվականին էլ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր այցելել Արագածոտնի մարզ ու հավաքված գյուղացիներին հորդորել կով կթելիս հետեւել հիգիենայի կանոններին։ «Հարգելի՛ գյուղացիներ, օրինակ՝ դուք գիտե՞ք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել. սրանք տարրական կանոններ են»,- հավաքվածներին բացատրել էր նախկին վարչապետը։ Հիմա էլ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանն է որոշել հիշել կովերին ու որոշել, որ վերջիններս պետք է ցրտադիմացկուն լինեն, հակառակ դեպքում կով չեն:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՄԱՐԶ 88 ՀԱՍՏԻՔ՝ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ
Մայիսի16-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշում է ընդունել Տավուշի մարզպետի՝ 2023թ. մարտի 29-ի «Հայաստանի Հանրապաետության Տավուշի մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներքին միավորները հաստատելու մասին» թիվ 68-Ա որոշումը շարադրել նոր խմբագրմամբ, դադարեցնել տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի գործունեությունը, դադարեցնել գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության բնապահպանության բաժնի գործունեությունը, դադարեցնել ֆինանսական վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գործունեությունը։ Մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 19-ին որոշում է ընդունել Տավուշի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը հաստատելու մասին։ Հաստատված հաստիքացուցակը խիստ ուռճացած է. այն ունի 88 հաստիք: Ներկայումս այդ 88 հաստիքներից զբաղեցված է 75-ը, 13 հաստիք թափուր է։ Տավուշի մարզպետարանից, պատասխանելով լրագրողիս տեղեկատվական հարցմանը, նշել են, որ թափուր հաստիքների զբաղեցնել-չզբաղեցնելու հարցը կորոշվի Տավուշի մարզպետի աշխատակազմում ընթացող կառուցվածքային փոփոխությունների ավարտից հետո։ Տավուշի մարզպետարանը փաստացի կառավարում է միայն երկու ոլորտ՝ մարզի հանրակրթական դպրոցները եւ մարզի պետական բուժհիմնարկները. մարզպետի աշխատակազմը այդ ոլորտները կառավարում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ու Առողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Ըստ հաստատված հաստիքացուցակի՝ Տավուշի մարզպետն ունի թվով 3 տեղակալ, երկուական օգնական եւ խորհրդական, մարզպետի երկու տեղակալներն ունեն օգնականներ, մարզպետարանն ունի գլխավոր քարտուղար եւ գլխավոր քարտուղարի տեղակալ։ Մարզպետարանը ՄԱԿ-ը կամ ՆԱՏՕ՞-ն է, որ գլխավոր քարտուղարի հաստիք ունենա; Տավուշի մարզպետարանը կարելի է կոչել Իջեւանի մարզպետարան, քանզի մարզպետարանի գրեթե բոլոր պաշտոնյաները Իջեւան համայնքի բնակիչներ են, Տավուշի մարզի Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան խոշոր համայնքների բնակիչներից Տավուշի մարզպետարանում աշխատող պաշտոնյաներ չկան։ Տավուշի մարզն արդեն երկու տարի ղեկավարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ