Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս ԱԺ ամբիոնից հերթական անհասկանալի հայտարարությունն արեց՝ ասելով, թե մենք 30 տարի ապրում ենք մի երկրում, որը «կադաստրի վկայական» չունի. «Հայաստանը՝ որպես պետություն, իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել: Եթե այն, ինչ որ մենք ուզում ենք անել, ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք «կադաստրի վկայական»»,-հայտարարել է Փաշինյանը: Ըստ էության, Փաշինյանն իր այս հայտարարությամբ ոչ միայն կասկածի տակ է դնում Հայաստանի գոյությունը՝ որպես իրավական պետության, այլեւ հերթական անգամ հիմք է տալիս Ադրբեջանին, որպեսզի նոր տարածքային պահանջներ ներկայացնի Հայաստանին:
ArmLur.am-ը այս առիթով զրուցել է ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի առաջին փոխնախագահ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Փաշինյանի այս հայտարարությունը, ի՞նչ ասել է երկրի «կադաստրի վկայական, այսքան տարի ո՞ւմ տարածքում ենք ապրել:
-Անհաջող արտահայտություն է, խոտան: 5 տարի շարունակ նա վարժեցնում է մեր ժողովրդին իր արտառոց մտածողությամբ եւ դրան համապատասխան խոսույթով: Սկզբում դա միայն ՀԺ-ն առաջնորդողների լեզուն էր, հիմա իշխող խմբակի լեզուն է, շուտով կդառնա Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցության լեզուն: Դա պարադոքսների լեզու է՝ հակասական եւ չճշգրտված հասկացություններով, որի նպատակը ցանկացած ժամանակ հարմար մեկնաբանությամբ երեւույթները ներկայացնելն է: Այս ամենը խոսում է այն մասին, որ ինչպես նրա լեզուն է անորոշ եւ խճճված, այնպես էլ՝ միտքը, մտածողությունը: Երբեմն նա այնպիսի քայլերի է դիմում, ինչպես, օրինակ, «երկրի կադաստրի վկայական» արտահայտությունը, որը հիմա փորձում են ներկայացնել, թե փոխաբերական իմաստով է ասել: Երբեմն մտածում ես, թե գործ ունես մտածողության բացակայության հետ:
-Պարո՛ն Սահակյան, արդյոք այս հայտարարությամբ Փաշինյանը կասկածի տակ չի՞ դնում Հայաստանի գոյությունը՝ որպես իրավական պետության, եւ հիմք չի՞ տալիս, որ Ադրբեջանը նոր տարածքային պահանջներ ներկայացնի:
-Թուքական աշխարհում կա հոսանք, որը կասկածի տակ է դնում հայկական պետության գոյությունը, ադրբեջանցիները՝ ավելի շատ: Նրանք ասում են՝ ձեր հայրենիքը Հայկական բարձրավանդակում է, դուք հիմա եկել եք մեր հողերը: Նրանք մեզ այնտեղից քշեցին, բերեցին մեր տարածքների հյուսիսային այս փոքր կտորի վրա, ադրբեջանցիներն էլ մեզ դեռեւս վերբալ քշում են դեպի հարավ: Այլ կերպ ասած, քոչվորի ճակատագիր են թուրքական եկվորները մեզ համար նախատեսել, ու հանկարծ ՀՀ-ն հայտնվում է մի մարդու գերիշխանության ներքո, որը ներսից հաստատում է թուրքական ագրեսիան մեր նկատմամբ. աշխարհում սա անկրկնելի բան է:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ
«Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պրն Յուն Ֆանին»,- հայտնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Խոսեցի Հաայաստանի եւ Արցախի անվտանգային խնդիրների մասին։ Ականատեսի աչքերով ներկայացրի Սոթքում շարունակ լարվածությունը, կրակոցները, որոնց հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր, երկու անգամ թիրախավորվեցին շտապօգնության ավտոմեքենաները, իսկ Սոթքի ոսկու հանքավայրի 800 աշխատակիցներ մինչ օրս պարապուրդի են մատնված։
Պարոն դեսպանի հետ զրույցում հիշատակեցի Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպման արդյունքների մասին՝ նշելով, որ Փաշինյանը (նաեւ երեւանյան ասուլիսի ժամանակ) ճանաչել է Խորհրդային Ադրբեջանի տարածքը՝ Արցախով, այնինչ այդպիսի պետություն այժմ գոյություն չունի, քանի որ ժամանակակից Ադրբեջանը սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չի հանդիսանում։
Ընդգծեցի, որ ՀՀ գերագույն խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշման մեջ գրված է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Հետեւաբար ցանկացած նմանատիպ փաստաթուղթ եթե ստորագրվի, կունենա լեգիտիմության լրջագույն խնդիր։
Պատմեցի իմ նախաձեռնությամբ իրականացվող «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքի ընթացքի եւ արդյունքների մասին։ Նշեցի, որ արդեն հավաքվել է 300 հազարից ավելի ստորագրություն, որով փաստվում է՝ հայ ժողովրդի համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու ցավալի իրողությունը։
Պարոն Ֆանին ներկայացրի Հայաստանում ժողովրդավարության լրջագույն խնդիրները՝ հիշատակելով իշխանության ներկայացուցիչների կողմից իմ եւ մյուս պատգամավորների նկատմամբ կիրառված ոչ իրավաչափ գործողությունների մասին։
Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք խորացնելու համագործակցության շրջանակները, եւ այս համատեքստում ընդգծեցի, որ մեզ համար կարեւոր է զարգացող տնտեսություն ունեցող Չինաստանի փորձն ուսանելը»։
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Մայիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել են այդ ուղղությամբ վերջին շրջանում անցկացված բանակցություններում քննարկված եւ դեռ փոխհամաձայնեցման ենթակա հարցերին:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատեւ խաղաղության հաստատման հանձնառությունը: Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ, ի թիվս այլ հարցերի, առանցքային է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, հստակ սահմանների ամրագրումն ու սահմանային անվտանգության ապահովումը, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրների հասցեագրումը։
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները: