Այսօր՝ Մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքի « Getec» մարզահամալիրում Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցը կվիճարկեն WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մենամարտը կցուցադրվի գերմանական SAT 1 հեռուստաընկերությամբ, նաև Հ1-ով: Սա մրցակիցների երրորդ մենամարտն է: Նրանք առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում, երբ Արթուր Աբրահամը մրցավարների միաձայն որոշմամբ, միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Արթուրը ռևանշի հնարավորություն տվեց մրցակցին: Մենամարտը կայացավ 2013 թ մարտի 23-ին, Աբրահամը 3-րդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ. բժիշկը դադարեցրեց մարտը, և Շտիգլիցը հաղթեց տեխնիկական նոկաուտով: Առաջիկա մենամարտից մեկ օր առաջ « Ժողովուրդ»-ը զրուցեց Արթուր Աբրահամի հետ:
-Արթուր, ինչպես անցավ մենամարտի նախապատրաստական փուլը: Դուք գոհ եք:
-Մենամարտի նախապատրաստական փուլն անցավ դժվար, ծանր. 2013-ի դեկտեմբերից սկսած տքնաջան պարապում էի Գերմանիայի Քինբաում մարզաառողջարանային քաղաքում: Չեմ դժգոհում. չէ որ այդ ամենը միտված է իմ մեծ նպատակի իրականացմանը, այն է` հաղթել մարտի 1-ին և վերանվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մարզիչս` Ուլլի Վեգները, ով սովորաբար դժգոհ է լինում իր մարզիկների մարզավիճակից, ասում է, որ գոհ է ինձանից: Իսկ եթե նա գոհ է, ուրեմն ես էլ եմ գոհ:
-Քաշ գցելու հետ կապված խնդիրներ ծագեցին:
-Ոչ: Ես մենամարտերից առաջ քաշս նվազեցնում եմ` հատուկ մարզումների միջոցով և սահմանափակումներ կատարելով իմ սննդակարգում: Մենամարտի նախորդ օրը` փետրվարի 28-ին ես և Ռոբերտ Շտիգլիցը պետք է հրապարակային կշռվենք. իմ քաշը չպետք է գերազանցի 76.2 կգ-ը:
-Թե՛ Դուք, թե՛ Շտիգլիցը ներկայացնում եք Գերմանիան. ինչպիսի հարաբերություններ են ձևավորվել Ձեր և նրա թիմի, նաև` անձամբ Ձեր և նրա միջև:
-Նորմալ փոխհարաբերություններ են: Երկար ժամանակ Շտիգլիցը և նրա թիմը չէին ընդունում իմ այս երրորդ` ռևանշ-մենամարտի մարտահրավերը: Բայց 2013-ին Բուդապեշտում կայացավ Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) ամենամյա գիտաժողովը, որի ընթացքում որոշվեց, որ ես աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ եմ, և աշխարհի գործող չեմպիոնը պարտավոր է մենամարտել ինձ հետ: Այսինքն` Շտիգլիցը և նրա թիմն արդեն պարտավոր էին ընդունել այդ մարտահրավերը:
-Նկարագրեք Ձեր մարզումային մեկ օրը. ազատ ժամերին ինչով եք զբաղվում:
-Օրական երկու անգամ մինչև երեք ժամ տևողությամբ մարզումներ եմ անցկացնում: Դրանց մեջ ներառված է վազք, մարզասրահում մարզումներ, մերսումներ, սփարինգ-մենամարտեր` մրցակցիս ոճին համապատասխան մարզիկների հետ, ինչպես նաև մի շատ սառը մարզական գործողություն. օրական մի քանի րոպե սառչում եմ հատուկ մարզիկների իմունիտետը բարձրացնող և մկանները թուլացնող սառնարանում, որտեղ օդի ջերմաստիճանը -115 է` ըստ Ֆարենհեյթի սանդղակի: Օրվա ընթացքում հետևում եմ հայաստանյան և համաշխարհային լրահոսին, ֆիլմեր եմ դիտում, գեղարվեստական գրքեր կարդում:
-Հետագա ինչ ծրագրեր ունեք հաղթելու և, Աստված մի արասցե, պարտության դեպքում:
-Պարտության մասին ընդհանրապես չեմ մտածում: Շտիգլիցն ուժեղ մարզիկ է, չեմ թերագնահատում նրան, սակայն ես եմ հաղթելու: Իսկ հետագա ծրագրերիս մասին կխոսեմ հաղթանակից հետո:
-Իսկ անձնական կյանքում երբ կլինեն նորություններ:
-Երբ լինեն, այդ ժամանակ էլ կտեղեկացնեմ հանրությանը:
-Մարտի 1-ին ովքեր Ձեզ կաջակցեն Հայաստանից, հարազատներից և` ընդհանրապես:
-Շատերը` հարազատներ, ընկերներ, բարեկամներ, ծանոթներ, անծանոթներ: Անուններ չտամ. բոլորից անչափ շնորհակալ եմ: Մարտի 1-ին ամեն ինչ կանեմ իմ չեմպիոնական գոտին վերանվաճելու համար և իմ մարզչի , մարտարվեստի երկրպագուների, ընկերների, բարեկամների սպասելիքներն արդարացնելու համար: Անչափ զգացված եմ, իմ անսահման սերը՝ բոլորիդ:
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ