Մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնալիքներ է ուղղում Արցախում ապրող հայերի նկատմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղված է վարչապետի գավաթի մասնակցելով:
Մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Ղարաբաղի հայերը ընդամենը «մեկ տարբերակ» ունեն՝ «ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, լինել Ադրբեջանի լոյալ եւ նորմալ քաղաքացի, աղբանոց նետել իրենց կեղծ պետական ատրիբուտներն ու լուծարել խորհրդարանը»։ Իսկ այս հայտարարություններին զուգահեռ՝ նույն օրը առավոտյան, Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր, այդ այցի համար ագամ ճանապարհներ փակվեցին: Արդեն նույն օրը՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանն ուրախ տրամադրությամբ մասնակցում էր Վարչապետի գավաթի: «Ուզում եմ ընդգծել, որ հաջորդ տարվանից մենք այս մրցաշարի՝ խճուղային հեծանվավազքի մասշտաբները կընդլայնենք: Մրցումը նախ կմիջազգայնացնենք, այսինքն՝ բոլորը, անկախ քաղաքացիությունից, մասնակցելու հնարավորություն կունենան: Մրցաշարը կլինի Սեւանի շուրջը: Եթե անհրաժեշտություն լինի, մասնագետները կասեն, երկու օր կտեւի հեծանվավազքը, եւ, իհարկե, մրցանակային հիմնադրամն էլ համապատասխան կկրկնապատկվի»: Այսինքն՝ Հայաստանի եւ Արցախի համար այս կարեւոր ժամանակահատվածում, երբ բազմաթիվ անվտանգային խնդիրներ են առկա, Փաշինյանը մտածում է հեծանվավազքի մասշտաբները մեծացնելու մասին, որն էլ իր հերթին հանգեցնելու է մեծ թվով ծախսերի: Ահա թե ինչերի մասին են խոսում եւ ինչով են զբաղվում նույն օրում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի ղեկավարները եւ ինչպես են գնահատում իրենց ղեկավարած երկրների ռիսկերն ու շահերը:
ՔՊ-ականներն այս օրերին լծվել են մարզերում իրենց վարկանիշի բարձրացման գործին: Նրանք մեծ ակտիվություն են ցուցաբերում մարզերում: Օրինակ՝ կիրակի օրը Գեւորգ Պապոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նարեկ Գրիգորյանը եւ Ալխաս Ղազարյանը այցելել էին Գեղարքունիքի մարզ, հանդիպել տեղի բնակիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ մարզպետ Կարեն Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել՝ ինչն է մարզերում այս ակտիվության պատճառը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականներն անհանգստացած են Երեւանում իրենց ցածր վարկանիշով, հիմա հրահանգ են ստացել գնալ մարզեր, շոշափել այնտեղի բնակիչների տրամադրությունները, հասկանալ՝ կողմ են արդյոք իրենց վարած քաղաքականությանը, ինչ են կարծում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի մասին, ինչն իրենց համար դրոշակ են դարձրել իշխանությունները եւ ցանկացած զիջման ու սահմանային միջադեպի դեպքում առաջ են քաշում իրենց խոստացած խաղաղության օրակարգը, որն այդպես էլ չի գալիս: Այսպիսով, ՔՊ-ականները ցանկանում են նաեւ մարզերի բնակիչներին ցույց տալ, որ իրենք մտահոգված են մարզերի խնդիրներով եւ ձեռնամուխ են դրանց շուտափույթ լուծմանը: Մեր տեղեկություններով, սակայն, արդյունքները, մեղմ ասած, այդքան էլ հուսադրող չեն. նրանց՝ մարզեր այցերն էլ փաստում են, որ վերջին շրջանում, ինչպես Երեւանում, մարզերում նույնպես Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի վարկանիշը կտրուկ իջել է ու շարունակում է նվազել՝ բոլոր հարցումներով։
Կիրակի օրը Գեղարքունիքում մեծ շուքով «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն էր անցկացվել, որին մասնակցում էին Նիկոլ Փաշինյանը եւ նախարարներ Ժաննա Անդրեասյանը, Անահիտ Ավանեսյանը եւ Վահան Քերոբյանը: Թերեւս հարց է առաջանում՝ ի՞նչ կապ կարող է ունենալ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հեծանվավազքի հետ, Հայաստանի տնտեսությո՞ւնն է զարգացնում՝ այս միջոցառմանը մասնակցելով, թե՞ հանուն վարչապետի է մասնակցել: Առհասարակ, վերջին շրջանում Քերոբյանն այստեղ, այնտեղ եւ ամենուր է: Բայց սա, թերեւս, հարցի մի մասն է միայն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը խայտառակ միջադեպերով է ուղեկցվել: Նախ ողջ օրվա ընթացքում փակ է եղել Ճամբարակի ճանապարհը, ընդ որում՝ քաղաքացինրը նախապես տեղյակ չեն եղել դրա մասին: Քաղաքացիները երկար ճանապարհ են կտրել, հասել ճանապարհի այդ հատվածը, նոր միայն պարզել, որ փակ է մրցաշարի պատճառով, այլեւս չեն կարող շարունակել ճանապարհը, ինչը վարորդների վրդովմունքն է առաջացրել, բունտ է հասունացել: Սա թերեւս ցույց է տալիս իշխանությունների անպատասխանատու եւ արհամարհական վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ, այն քաղաքացիների, որոնց առջեւ խոնարհվում էր տարիներ առաջ Փաշինյանը: Հատկանշական է նաեւ, որ «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքն անցկացվում է մի մարզում, որը պատերազմից հետո հայտնվել է Ադրբեջանի թիրախում. թշնամին պարբերաբար կրակում է Գեղարքունիքի գրեթե բոլոր գյուղերի ուղղությամբ, Սոթքի հանքավայրը փակվել է, 800-ից ավելի քաղաքացիներ մնացել են առանց աշխատանքի: Չնայած այս ամենին՝ վարչապետը եւ նախարարները ուրախ դեմքով Գեղարքունիքում հեծանվավազքի մրցույթի են մասնակցում, կարծես թե դա է օրհասական խնդիրը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարժական հավաքները թակել են նաեւ քաղաքական իշխանության մտերիմների դռները, եւ քաղաքական իշխանության թիմում գտնվողները ծանոթ, մտերիմ են փնտրում, որպեսզի բարեխոսեն ՊՆ վերնախավի մոտ՝ իրենց ծանոթ հարազատներին վարժական հավաքների չտանեն։ Հիշեցնենք, որ Հայաստանում մարտից մեկնարկել է պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլը։ Այս անգամ դրանք, երեք ամսվա փոխարեն, 25 օր են տեւում։ Առաջին փուլով հավաքներին կմասնակցեն ավելի քան 3 հազար քաղաքացիներ։ 25-օրյա հավաքները պարտադիր է 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար։ «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն, բայց դա լինում է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար», – ասել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մենք կհետեւենք՝ հասկանալու համար, թե իշխանության օղակներում ով ինչ ծանոթի միջոցով կարողացավ «պլստալ» վարժական հավաքից: