ՄԳԵՑՎԱԾ ԱՊԱԿԻՆԵՐԸ՝ ԿՌՎԱԽՆՁՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող որոշումը մեղմացնելը մեծ իրարանցում է առաջացրել իշխանական ՔՊԿ ներսում:

Ինչպես հայտնել ենք, հունիսի 1-ից պարեկային ծառայողները եւ ճանապարհային ոստիկանները պետք է հայտնաբերեին ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները եւ վարչական պատասխանատվության ենթարկեին վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։

Մինչ այս ընթացքում բոլոր վարորդները հեռացնում էին մեքենաների դիմապակիների վրայի «պլյոնկաները», իշխանությունները մտքափոխվել են: Ներքին քննարկումների արդյունքում հայրենի իշխանությունները որոշել են զիջումների գնալ ու վարորդներին վարչական պատասխանատվության չենթարկել:

Պարզվում է՝ այս որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել հենց ՔՊ ներսում։ Բանն այն է, որ քննարկումներից անմիջապես հետո ՔՊ-ականների մեծ մասն իրենց մեքենաների ցանցաթաղանթները հեռացրել են, իրենց շրջապատում էլ բոլորին հորդորել հետեւել պահանջին ու մեկ էլ հանկարծ տեղեկանում են, որ իշխանական նեղ շրջանակ իրենք իրենցով հավաքվել ու  որոշել են մեղմացնել որոշումը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ քննարկումը տեղի է ունեցել հենց Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում: Քոչարյանն իր գլխավորած ԱԺ հանձնաժողովի անդամների հետ քննարկել ու որոշել են դիմել ոստիկանապետին՝ հորդորելով մեղմ վարվել ու չտուգանել վարորդներին՝ առանց անգամ թիմակիցների հետ քննարկելու կամ գոնե նրանց տեղյակ պահելու: Ընդ որում՝ ՔՊ-ականների համար անակնկալ է եղել այս որոշումը. նրանցից շատերը մամուլից են միայն տեղեկացել այդ մասին:

Եւ այս ինքնագործունեությունը մեծ բունտ է բարձրացրել ՔՊ ներսում, իշխանականների մեծ մասը համարում է, որ սա հետքայլ է իրենց իսկ որոշումներից:

Նախագծի մեղմացմանը  հատկապես դեմ է Արթուր Հովհաննիսյանը, որը տարբեր անկյուններում հայտարարում է, թե խայտառակ որոշում էր:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ խորհրդարանում ֆիքսեց՝ ինչպես են Արթուր Հովհաննիսյանը եւ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը (որը Կենտրոնի նախկին թաղապետն էր) բանավիճում այդ հարցի շուրջ:

Վերջիններս խորհրդարանի  միջանցքում բարձրաձայն քննարկում էին, թե ով է գաղափարի հեղինակը, եւ ինչու որոշեցին հետքայլ կատարել:

Հովհաննիսյանը վստահեցնում էր, որ ինքը լուծում կտա այս հարցին կառավարության իր խողովակներով: Տեսնենք՝ ինչով կավարտվի այս «սպառնալիքը»:

 

 

 

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը չի էլ փորձում թաքցնել իր թիմակիցների հետ  ունեցած հակասությունները, որոնք սկսեց ի ցույց դնել իր գործունեության ժամանակաշրջանի մասով սկսված քրեական գործի քննության փուլում: Այս անգամ խոսքը նրա ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հեռակա խոսակցության մասին է։ «Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 27-ի իր համարում գրել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը որքան էլ փորձում է ցույց տալ, որ թիմակիցների հետ լավ հարաբերությունների մեջ է, բայց նա թիմում որպես ընդդիմադիր է ընկալվում: Վահագն Ալեքսանյանը գրառում է կատարել՝ հայտնելով, թե դիմել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին ՝ հետաքրքրվելով, թե 2022 թվականին քանի ՃՏՊ է գրանցվել Հայաստանում, եւ դրանցից քանիսի պատճառ է  նշված կողային ապակիների լուսաթափանցելիության բարձր տոկոսը։ Եվ հենց այս գրառման տակ մեկնաբանություն է թողել Արսեն Թորոսյանը եւ հետաքրքրվել. «Ճի՞շտ եմ հասկանում, որ վաղուց գործող օրենքը կիրառելուն դեմ ես։ Եթե ճիշտ եմ հասկանում, էլ ո՞ր օրենքների կիրառմանն ես դեմ, Վահագն ջա՛ն»։ Նկատենք, որ այս հանգամանքը դարձել է ՔՊ- ում քննարկման առարկա։ Թորոսյանը իսկապես միայնակ է մնացել խմբակցությունում, չարացել է կուսակիցների հանդեպ։ Անգամ չեն զարմանում, որ հետագայում կարող են նրա ձեռքից վերցնել պատգամավորի մանդատը։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 1 տոննա Հերոին ՀՀ ներմուծելու դեպքով ՀՀ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել։ Մասնավորապես, իրավապահները բարձրացրել են այն հարցը, որ, անկախ այն հանգամանքից, թե 1 տոննա Հերոինի մասին ահազանգել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, դա որեւէ կերպ չի փրկում իրեն։ Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ Հերոինը  ՀՀ ներմուծողները ինչ-որ հարցում անհամաձայնություն են ունեցել, ու կեղտը ջրի երես է դուրս եկել. հիմա պետք է հասկանալ, թե ով կամ ովքեր ինչ կապ ունեն 1 տոննա Հերոինը ՀՀ ներմուծելու հետ։ ԱԱԾ-ն սկսել է Միհրան Պողոսյանի եւ նրա ընկերությունների աշխատակիցների կալանավորման գործընթացը։ Հուսանք՝ նախաքննական մարմինը  այսքանով չի սահմանափակվի, ու հերթը կհասնի «խոշոր ձկներին», քանի որ առանց քաղաքական իշխանության ներսում թիկունք ունենալու 1 տոննա Հերոինը չէր կարող մտնել Հայաստան։ Նշենք, որ երեկ ԱԱԾ-ն «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցել: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ Պողոսյանի նկատմամբ սա երկրորդ հետախուզումն է. առաջինի հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձախողեց, եւ Պողոսյանը շարունակում է մնալ ՌԴ-ում, անխռով ապրել, բիզնես անել ուրիշների անուններով եւ անգամ զանգահարել հայրենի իրավապահներին։

 

 

 

 

Պարզվում է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից գնումների ջատագով է: Պետական այս կառույցը մայիսի 24-ին պայմանագիր է կնքել «Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ի հետ՝ 100 հազար դրամ տրամադրելու, որպեսզի տրանսպորտային ծառայություն մատուցի ՆԱՏՕ-ի ներկայացուցչին: Իսկ «Հասմիկ Բարխուդարյան» ԱՁ-ի հետ կքնված պայմանագիրն էլ 160 հազար դրամ է  արժեցել, որով գնվել է հայերեն-ֆրանսերեն համաժամանակյա  թարգմանություն: Կրկին թարգմանության ծառայությունների համար ԱԳՆ-ն պայմանագիր է կնքել նաեւ  «Անահիտ Ավանեսյան» ԱՁ-ի հետ՝ 180 հազար դրամ արժողությամբ: Չկարողացանք պարզել, թե անուն-ազգանվան համընկնումը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ առնչություն ունի, թե ոչ: Արարատ Միրզոյանի ղեկավարած կառույցը Հայաստան ժամանած հյուրերին, բնականաբար, նաեւ հյուրասիրում է, համենայնդեպս, այդ մասին են վկայում այս կառույցի պայմանագրերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Յասաման թիմ» ՍՊԸ-ի հետ այս կառույցի կնքած պայմանագիրը կազմել է 1 մլն 754 հազար դրամ, որով 43 անձի համար ճաշ է մատուցվել՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցի շրջանակներում: Այդ նույն այցի ժամանակ էլ հյուրանոցային ծառայությունների համար ԱԳՆ արարողակարգի վարչությունը ծախսել է 568 հազար դրամ: Իհարկե, խոշոր գնումներն այսքանով չեն ավարտվում: Օրինակ՝ «Ֆակտորի փրոդաքշն»  ընկերությունից ԱԳՆ-ն մոտ 740 հազար դրամի գնումներ է կատարել։ Այդ գումարով կառույցը գնել է թղթապանակներ, նոթատետրեր, գրիչներ։ Նաեւ «Վինո-Վինո» ՍՊԸ-ի հետ է պայմանագիր առկա՝ 225 հազար դրամի, որով էլ «Ազնավուր» եւ «Դվին» կոնյակներ են գնվել։ Այս գնումների մեծ մասն իրականացվում է մեկ անձից գնումների եղանակով: Կարճ ասած, այն, ինչ մերժում էր Արարատ Միրզոյանը, հիմա իրագործում է հաճույքով, առանց ամաչելու:

 




Լրահոս