«Արցախի երեխաներին սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքների պայմաններում մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ի դեմս «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի, քայլեր ձեռնարկել»,- հայտնել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը.
«Երեխաների պաշտպանության միջազգային օրը հրամայական է եւս մեկ անգամ բարձրաձայնել այն մարտահրավերների եւ զրկանքների մասին, որոնց այսօր բախվում են Արցախի 30 000 երեխաներ Ադրբեջանի կողմից 6 ամիս շարունակվող շրջափակման հետեւանքով։
Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի համաձայն՝ աշխարհում բոլոր երեխաներն ունեն հիմնարար եւ անօտարելի իրավունքներ, սակայն արդեն շուրջ վեց ամիս է, ինչ արցախցի երեխաները շարունակում են զրկված մնալ իրենց հիմնական եւ տարրական իրավունքներից եւ ազատություններից, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, զարգացումը, ընտանիքի վերամիավորումը, հոգեբանական եւ մտավոր անձեռմխելիությունը, բավարար կենսամակարդակը, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիությունը։
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով շուրջ 550 երեխա զրկվել է տուն վերադառնալու եւ ընտանիքների հետ վերամիավորվելու իրավունքից՝ մնալով օտարված ծնողական խնամքից, սիրուց եւ ընտանեկան միջավայրից: Ընդհանուր առմամբ, ավելի քան 1820 երեխա շրջափակման պատճառով չեն կարողացել տեսնել իրենց ծնողներից մեկին կամ երկուսին, ինչի հետեւանքով երեխաները լուրջ հոգեկան տառապանքներ են կրել:
Արցախի բոլոր հաստատություններում կրթական գործընթացը պարբերաբար խաթարվել է Ադրբեջանի կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման պատճառով՝ հանգեցնելով երեխաների ընկալունակության եւ ուշադրության մակարդակի ընդհանուր նվազմանը։ Համապատասխան սոցիալականացման բացակայությունը, խաթարված կրթությունը, ինչպես նաեւ ընտանիքների եւ հարազատների հետ բաժանումը հանգեցրել են հոգեբաններին եւ նյարդաբաններին երեխաների այցելությունների աճին շուրջ 47 տոկոսով։ Արցախցի երեխաների ազատ տեղաշարժի իրավունքի խախտման պատճառով ուսանողները չեն կարողանում դիմել ուսումնական հաստատություններ եւ Արցախից դուրս օգտվել կրթական հնարավորություններից։
Արցախ սննդամթերքի ժամանակին եւ բավարար մատակարարումների բացակայության պայմաններում երեխաները, այդ թվում՝ նորածինները, կանգնած են թերսնուցումից, վիտամինների եւ հանքանյութերի պակասի եւ դրանից բխող առողջական խնդիրների լուրջ սպառնալիքի առաջ։
Երեխաների իրավունքները մարդու իրավունքներ են, եւ դրանք պետք է լինեն համընդհանուր՝ անկախ երեխայի ծագումից կամ էթնիկ պատկանելությունից: Արցախցի երեխաները պետք է օգտվեն նույն իրավունքներից եւ հնարավորություններից, ինչպես աշխարհի բոլոր երեխաները, այնինչ 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհը հետապնդում է կայուն զարգացման նպատակներ, արցախցի երեխաները դեռեւս պայքարում են իրենց հիմնական իրավունքների պաշտպանության եւ հնարավորությունների ապահովման համար։
Արցախի երեխաների սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքների պայմաններում մենք եւս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ի դեմս ՅՈՒՆԻՍԵՖ-ի, քայլեր ձեռնարկել արդյունավետորեն պաշտպանելու մեր երեխաների իրավունքները եւ կանխելու Ադրբեջանի հայատյաց եւ բռապետական ռեժիմի կողմից ամեն օր հնչեցվող սպառնալիքները։
Աշխարհի բոլոր երեխաների, այդ թվում՝ Արցախի 30,000 երեխաների անհոգ ներկայի եւ ապագայի պաշտպանությունը մեր համընդհանուր պատասխանատվությունն է»։
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ՈՒ ՏՈՒՐՔԵՐ
ՊԵԿ-ը 2023թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ապահովել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր։ Հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ. այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 912.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.4 մլրդ դրամով կամ 19.7%-ով:
2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 151.9 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 62.1 մլրդ դրամով կամ 69.1%-ով:
ԳՈՒՄԱՐ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻՆ
ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի նիստում որոշում է կայացվել 117 միլիոն 392 հազար դրամի չափով գումար հատկացնել Գեղարքունիքի մարզային նշանակության որոշ ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման համար։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից, 38 միլիոն 535,6 հազար դրամ հատկացվել է Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի մայթերի կառուցման, 4 միլիոն 992 հազար դրամ՝ Սեւան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի 61+380 կիլոմետրում գտնվող կամրջի հիմնանորոգման նախագծի կազմման, 50 միլիոն դրամ՝ Ներքին Գետաշեն բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման, 13 միլիոն 554,6 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Վահան բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման, 10 միլիոն 311,3 հազար դրամ՝ Վարսեր բնակավայրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների համար։
ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ
Մայիսի 31-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, մոտ 40 րոպե տեւողությամբ մանր կարկուտ է տեղացել Նոյեմբերյան խոշոր համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում։ Ոսկեպարից հայտնեցին, որ առայժմ չեն կարող հայտնել, թե կարկտահարությունից ինչքան են վնասվել գյուղի ցանքատարածությունները, սակայն արդեն հասունացած խորհարքներին կարկուտը վնասներ է պատճառել։ Տավուշի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը հայտնեց, որ մայիսի 31-ին կարկահարություն է եղել նաեւ Իջեւան խոշոր համայնքի Կիրանց եւ Աճարկուտ բնակավայրերում։ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի վկայությամբ՝ Տավուշի մարզպետարանի եւ համայնքային ենթակայության հանձնաժողովները կպարզեն մայիսի 31-ին տեղի ունեցած կարկտահարության պատճառած վնասի չափերը։ Տավուշի մարզում ընդհանուր առմամբ գործում է 14 հակակարկտային կայան, որոնք բոլորն էլ տեղակայված են Նոյեմբերյան խոշոր համայնքում։ Մարզի 3 խոշոր համայնքներում՝ Իջեւանում, Դիլիջանում, Բերդում, հակակարկտային կայաններ չկան։ Գյուղատնտեսության ոլորտում պարտադիր պետական ապահովագրություն չի գործում, գյուղացու բերքը, ինչպես հարյուրամյակներ առաջ, կախված է «երկնքի ծերից»։
ՀԱՐՑԸ ԿՈՐՈՇՎԻ
Հունիսի 14-ին լրանալու է Իջեւան քաղաքի 39-ամյա բնակիչ Սասուն Էդիլյանի երկամյսա կալանքի ժամկետը, եւ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը պետք է որոշում կայացնի նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Ս. Էդիլյանը դատարանի որոշումով կալանքի տակ է 2023թ. ապրիլի 14-ից։ Բանվորությամբ զբաղվող, շինարարական տարբեր աշխատանքներ կատարող, մանկահասակ երեք երեխաների հայր Սասուն էդիլյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով («Սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողությունները, այդ թվում՝ սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, որոնք կատարվել են հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ կամ նրա կամքն անտեսելով, հանցագործությունից տուժած անձի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հանցագործությունից տուժած անձի անօգնական վիճակն օգտագործելով, ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված՝ խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ»): Ենթադրյալ հանցագործությունը կատարվել է այս տարվա մարտին։ Ս. Էդիլյանը մեղադրվում է Իջեւան քաղաքի բնակիչ 7-ամյա տղայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու համար։ Նա չի ընդունում մեղադրանքը։ Նրա ընտանիքի անդամի վկայությամբ՝ Սասուն Էդիլյանը անմեղ է, նշված հանցագործությունը 7-ամյա տղայի հնարածն է, երեխան առողջության հետ կապված խնդիրներ ունի, ենթադրյալ հանցագործությունը երեխայի երեւակայության արդյունքն է։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ