Նիկոլ Փաշինյանը ցանկանում է որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ հասնել նրան, որ ապագա սերունդներին թողնի ՀՀ կադաստրի լրացված եւ ամբողջական վկայական:
Փաշինյանն այս մասին ասաց «Մանուկ Բեյի» պալատում Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Մենք խոսում ենք տարածքային ամբողջականության ճանաչման մասին եւ քայլ-քայլ գնում ենք»,-ասաց Փաշինյանը:
Իսկ թե ինչու է այդպես անում, վարչապետը հիշեցրեց, որ վերջերս «կադաստրի վկայականի» հետ կապված՝ ԱԺ-ում կատարած իր հայտարարությունը բանավեճի տեղիք է տվել:
«Ես շատ ուզում եմ, որ, որպես ՀՀ վարչապետ, հասնեմ մի արդյունքի, որ մեր ապագա սերունդներին թողնեմ Հայաստանի Հանրապետության կադաստրի լրացված եւ ամբողջական վկայական»,-ասաց Փաշինյանը:
Ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ ոչ թե պետք է մտածել, թե ով կերաշխավորի Հայաստանի անվտանգությունը, այլ պետք է մտածել, թե ինչը կերաշխավորի այդ անվտանգությունը. անվտանգություն ապահովողը խաղաղությունն է:
Վարչապետը նշեց, որ ՀՀ-ն վերջին 2 տարում մեծ տնտեսական դինամիկա ունի: Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի մասով լուրջ առաջընթաց է գրանցվում:
«Ես համոզված եմ, որ եթե մենք կարողանանք մարդկանց համար գործունեության պատշաճ պայմաններն ապահովել, Հայաստանը շատ արագ կզարգանա: Այդ զարգացման նպատակը պետք է լինի մարդու բարեկեցությունը, երջանկությունն ու անվտանգությունը»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը վստահեցրեց է, որ չկա այնպիսի անկլավ, որը երկրի համար կարող է ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել:
Փաշինյանն այս մասին ասաց՝ անդրադառնալով հարցին՝ 1975 թ.-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանինն է արդյոք, թե Ադրբեջանինը:
«Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է, մենք ոչ մի խնդիր չունենք»,-ասաց Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի՝ Արծվաշենը վերադարձնի եւ Տիգրանաշենը վերցնի: Փաշինյանը ցանկանում է, որ այդ հարցի արժեքը չգերագնահատվի:
«Այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի խնդիր, որն անլուծելի է: Չկա այդպիսի հարց: Եթե ճանապարհն, օրինակ, այսպես չի կարող անցնել, այնպես կանցնի: Ոչ մի խնդիր չկա: Իրականում մենք մեր ճանապարհային ցանցն այսօր էլ Հանրապետությունում այնքան ենք զարգացնում, որ այդպիսի անլուծելի խնդիր չկա»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետի կարծիքով՝ այդ անկլավների հարցով շատ թեմաներ օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցություն գործելու համար:
«Մենք ասում ենք, որ քաղաքական մակարդակում անկլավներն ընդունում ենք, իրենք էլ ընդունում են Արծվաշենը: Արծվաշենն էլ է անկլավ: Ենթադրենք, Ադրբեջանն ուզում է դա, ուրեմն մենք էլ վերցնում ենք Արծվաշենը»,-նշեց նա:
Վարչապետը հավելեց՝ շատ հարցեր կան. օրինակ՝ թե քաղաքացիներն այդ ճանապարհը ոնց պետք է անցնեն. բազմաթիվ հարցեր պետք է համաձայնեցվեն: Վարչապետը հորդորեց թույլ չտալ, որ այդ թեման հոգեբանական ազդեցություն գործելու համար գործիք դառնա:
ԳՆՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են. Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Նախկինում մեկ անձից գնումների որոշումները կայացնում էր Կառավարությունը, հիմա փոխել ենք կարգը, եւ մեկ անձից գնումների որոշումն իր պատասխանատվությամբ իրականացնում է գերատեսչության ղեկավարը։ Այս քաղաքականության փոփոխության արդյունքում ունենք մեկ անձից գնումների նվազում։ Հաշվի առնելով այն պատասխանատվությունը, որ կոնկրետ ղեկավարը կրում է ամեն մի որոշում կայացնելու համար, այստեղ տեսնում ենք ներքին կարգերի վերահսկողության ավելի ուժեղացում»,- ասաց ֆինանսների նախարարը։
Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ մրցակցային ընթացակարգերով կատարվող գնումների ծավալը 2022 թվականին եղել է 49,1 տոկոս այն դեպքում, որ ելակետային ցուցանիշը 34,4 տոկոս էր, իսկ թիրախային ցուցանիշը, որին պետք է հասնեին 2024 թվականին, եղել է 47 տոկոս։ Նրա խոսքով՝ գնումների գործընթացին մասնակիցների միջին թիվը 2,7 է։
«Պետք է հաշվի առնել, որ երբ խոսում ենք ոչ մրցակցային գնումների մասին, այստեղ մի մեծ զանգված է այնպիսի ծառայությունների գնումը, որոնք ունեն մեկ մատակարար, օրինակ՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա եւ այլն»,- ասաց ֆինանսների նախարարը։
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ:
Ինչպես հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը, Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի շուրջ ձեւավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին: Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների՝ շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ համատեղ անելիքների շուրջ:
ԿՐՔԵՐԸ՝ ԲՐՅՈՒՍՈՎՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է ահազանգել Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Մանե Արշակյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գյուրջինյանն իր վարչական կազմով արշավ է սկսել այն ուսանողների դեմ, որոնք համակարծիք չեն իրենց հետ:
-Մի քանի ամիս առաջ, երբ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ուսանողական խորհրդի շատ անդամներ հրաժարական տվեցին: Դրանից մի քանի շաբաթ հետո ռեկտորի կողմից որոշվեց, որ ՈՒԽ-ն պետք է գնա ընտրությունների: Ստեղծվեց հանձնաժողով՝ կազմված 5 ուսանողից եւ 5 ռեկտորատի անդամից: Դրանից հետո, երբ որ ուսանողները իրենց դիմումները ներկայացրին, մի քանի հոգու հայտ դիտարկվեց վիճարկելի, որոնցից մեկն իմն էր, քանի որ ես առաջին կուրսի ուսանող էի, ու այդ ընտրական խորհուրդը որոշեց, որ իմ հարցը պետք է դրվի քննարկման: Քննարկում իրականացնող ուսանողական ընդհանուր ժողովը՝ 25/1 հարաբերակցությամբ, այսինքն՝ 180 ուսանող պետք է մասնակցի այդ ամենին: Քանի որ սեպտեմբերին նախկին ուսանողական խորհուրդը պետք է էդ ամեն ինչը աներ, բայց չէր արել, ընտրական հանձնաժողովը էդ ամենը վերցրեց իր ուսերին: Սկսեցին հավաքագրել ուսանողներին: Առաջին օրը արդյունքի չհասան, երկրորդ օրը ուսանողության շրջանում հավաքագրեցին: Հաջորդ օրը, երբ որ հրավիրվեց ընդհանուր ժողովի նիստ (կանոնադրությամբ էսպես է՝ ամենաքիչը 91 հոգի պետք է մասնակցի, որ վավեր համարվի ամեն ինչը), մասնակցեցին 44 հոգի, որը նույսիկ 25%-ն էլ չի կազմում ընդհանուր ժողովի, ու դրեցին ընդհանուր քննարկման 4 ուսանողի հարց, որոնցից մեկը ես էի: Այն պատճառաբանությամբ, որ ես առաջին կուրսի ուսանող եմ, իմ նախագահության թեկնածու լինելու հայտը մերժվեց, իսկ ինձնից առաջ քննարկվել է մի աղջկա հարց, որը էլի առաջին կուսրեցի էր՝ այլ ֆակուլտետից: Իրեն հաստատում են, ու չի խանգարում այն հանգամանքը, որ առաջին կուրսի ուսանող է: Ես ենթադրում եմ, որ քանի որ վերջին շրջանում ուսանողական խորհրդի ու ռեկտորի հարաբերությունները լարված էին՝ կապված ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների հետ (ուսանողները դժգոհում էին, եւ մենք ուսանողների կողքին էինք), դրա համար բուհի վարչակազմը ինչ-որ ապօրինի գործընթացներ է սկսել մեր դեմ եւ չի լսում ուսանողների ձայնը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ