Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման եւ արդիականացման ծրագրի շրջանակում հունիսի 2-ին տեղի է ունեցել Մեղրիի նոր անցակետի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա են գտնվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, միջազգային կառույցների եւ այլ պետական մարմինների ներկայացուցիչներ:
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել միջազգային բոլոր գործընկերներին, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին՝ համատեղ կատարված աշխատանքի համար: Ռուստամ Բադասյանն ընդգծել է ոչ միայն միջազգային չափանիշներին համահունչ շենքային պայմանների, այլեւ Մեղրիի արդիականացված անցակետում բովանդակային փոփոխությունների կարեւորությունը: «Մաքսային ծառայության որակը բոլորովին պետք է փոխվի, մենք պետք է տնտեսական անվտանգության պաշտպանության մեր գործառույթը պատշաճ իրականացնենք եւ նպաստենք առեւտրի դյուրինացմանը, մեր գործողություններում նպաստենք Հայաստանում բիզնեսի զարգացմանը եւ նոր բիզնես միջավայրի ձեւավորմանը»,-նշել է ՊԵԿ նախագահը:
ՎԶԵԲ Երեւանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին բարձր է գնահատել Պետական եկամուտների կոմիտեի հետ փոխգործակցությունը: «ՎԶԵԲ-ն աջակցում է Հայաստանին կապ հաստատել հարեւան երկրների հետ եւ դյուրինացնել առեւտուրը: Սահմանային անցակետի արդիականացումը կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը, եւ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ գործընթացն ավելի արդյունավետ կդառնա»,-ասել է ՎԶԵԲ Երեւանի գրասենյակի ղեկավարը:
Մեղրիի սահմանային անցման կետի վերակառուցումը եւ արդիականացումն իրականացվում է ԵՄ եւ ՎԶԵԲ-ի միջոցով տրամադրած վարկային եւ դրամաշնորհային միջոցներով: 2020թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրվել են ընդհանուր 21 146 263 եվրո արժեքով «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից։
Անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնում է միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Թանա Էներջի Մենեջմենթ» ընկերությունը (Tana Energy Management Company): Շինարարական աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Ռաֆթեն ինթերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (Roughton International Limited Company):
Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման եւ արդիականացման շինարարական աշխատանքները կավարտվեն 2026 թվականին, որի արդյունքում կունենանք միջազգային չափանիշներին համահունչ ժամանակակից անցակետ:
Արդյունքում Մեղրիի սահմանային անցակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով պայմանագրով նախատեսվում է կառուցել 4000 քմ կառուցապատման մակերեսով երկհարկանի վարչական շենք՝ տանիքում 1500 քմ արեւային էներգակայանով: Անցակետը կունենա մուտքի եւ ելքի ուղղությամբ տրանսպորտային միջոցների մանրամասն զննման, բեռնատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման եւ մաքսային ձեւակերպումների մասնաշենքեր, ինչպես նաեւ մարդատար տրանսպորտային միջոցների ռենտգեն զննման հարթակ, անասնաբուժական, սանիտարական եւ բուսասանիտարական հսկման կայան ու այլ ենթակառուցվածքներ: Մուտքի եւ ելքի ուղղությամբ յուրաքանչյուրում նախատեսվում է ունենալ 5 ուղեգիծ: Մեղրիի արդիականացված անցակետը հագեցված է լինելու նաեւ գերժամանակակից տարբեր սարքավորումներով, մասնավորապես՝ մարդատար տրանսպորտային միջոցների, ձեռքի ուղեբեռի եւ փոքրածավալ բեռների զննման, մարդկանց սքանավորման համար նախատեսված ռենտգենաճառագայթային, ինչպես նաեւ լաբորատոր սարքավորումներով, UHF ռադիոկայաններով, տվյալների մշակման կենտրոնով, փաստաթղթերի իսկությունը ստուգող սարքերով եւ այլն:
ԾԱԽՍԵՐԸ՝ 2022-ԻՆ
Վարչապետի աշխատակազմը 2022-ին ունեցել է 10 ծրագիր, 52 միջոցառում, տարեկան պլանը կազմել է 19,5 մլրդ դրամ, փաստացի իրականացվել է 20,8 մլրդ դրամ. այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ ճշտված պլանի նկատմամբ դա կազմել է 95,7 տոկոս կատարողական, ինչը 4,4 տոկոսով բարձր է եղել, քան 2021-ին, այսինքն՝ ծախսած փաստացի գումարը։
«Նախագահի աշխատակազմն ունի 1 ծրագիր, իրականացրել է 4 միջացառում, տարեկան պլանը կազմել է 1,6 մլրդ դրամ, այնուհետեւ ճշտված պլանով գումարը նվազեցվել է 1,3 մլրդ դրամ, փաստացի իրականացվել է 1,2 մլրդ դրամի փաստացի ծախս։
Սա ավելի փոքր է եղել, քան 2021-ին ծախսված գումարը։
ԱԺ-ն իրականացնում է 1 ծրագիր եւ 6 միջոցառում, տարեկան պլանը կազմել է 6,3 մլրդ դրամ, փաստացի ծախսվել է 6 մլրդ դրամ, որը կազմել է ճշտված պլանի նկատմամբ 97 տոկոս, ինչը 11,7 տոկոսով ավելին է եղել, քան 2021-ի փաստացի ցուցանիշը»,- ներկայացրել է նախարարը։
ՄԱՐԶԱԳՈՒՅՔ՝ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻՆ
ՀՀ շուրջ 30 մանկապատանեկան մարզադպրոցների եւ մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի մարզագույք, որի ձեռք բերման նպատակով պետական բյուջեից 2023 թ. կհատկացվի 100 մլն դրամ:
Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում եւ մաշվում է, մարզական գույքի զգալի մասը արագամաշ գույք է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման է, ուստի անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր տարի շարունակական իրականացնելու ծրագիրը:
Կառավարության որոշմամբ հաստատվել է նաեւ մարզագույքերի բաշխման ցանկը, որը կազմվել է՝ հաշվի առնելով առաջնահերթությունները՝ կազմակերպություններում պարապողների թիվը, մարզական արդյունքները, աշխարհագրությունը եւ այլն:
Այսպիսով՝ մարզագույք կտրամադրվի Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցին, Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցին, Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին, Երեւանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցին, Գյումրու Իսրայել Միլիտոսյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցին, Արմավիրի մենապայքարային մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցին, Թիավարության մարզաձեւերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին եւ այլն:
Արդյունքում կբարձրանա մարզադպրոցները, մարզակառույցները եւ մարզական հասարակական կազմակերպությունները գույքով ապահովման, մարզական հերթափոխի եւ բարձրակարգ մարզիկների պատրաստման, ինչպես նաեւ ուսումնամարզական գործընթացի որակը, մարզակառույցները կապահովվեն ժամանակակից մարզական գույքով, կբարելավվեն դրանց մարզման պայմանները:
5 ԵՐԵԽԱՆԵՐ՝ «ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂ»-ՈՒՄ
Մայիսի 25-ին՝ Ժամը 02։25-ի սահմաններում, ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Իջեւան խոշորացված համայնքի սահմանամերձ Սեւքար գյուղի եկեղեցուն հարակից «Եղեւնիներ» վայրում ծառից կախված դի կա: Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են 17-ամյա Սյուզաննա Տորիաշվիլիի դին. աղջկա մոտ հայտնաբերվել է նամակ՝ ուղղված մորը:
Սեւքարի բնակիչներն ասում են, որ մորն ուղղված նամակում աղջիկը մոր հանդեպ իր ջերմ զգացմունքի մասին է գրել։ Ծառից կախված աղջիկը ընտանիքի 7 զավակներից մեկն էր, ընտանիքի հայրը ազգությամբ վրացի է։ Ընտանիքը Սեւքար գյուղում վերաբնակվել է Իջեւան համայնքի սահմանամերձ Կիրանց գյուղից, բարեգործները բազմազավակ այդ ընտանիքի համար Սեւքարում առանձնատուն եւ տան գույք են գնել: Ընտանիքի 7 երեխաներից ավագն աղջիկ է, որն ամուսնացել է Իջեւան համայնքի գյուղերից մեկում, Սյուզաննան եղել է ամուսնացած քրոջից տարիքով փոքր, ընտանիքի մյուս երեխաներից՝ տարիքով մեծ։ Սյուզաննան օգնել է բազմազավակ, կարիքավոր ընտանիքի հոգսերը հոգալուն, մանավանդ որ ընտանիքի 7 երեխաներից մեկը մանկահասակ է։
Ընտանիքի հայրը՝ Մամուկա Տորիաշվիլին, բանվորական աշխատանքներ է կատարել Ռուսաստանում, հետո վերադարձել է Սեւքար, նախկինում վարձով ուրիշների ոչխարների հոտն է պահել։ Ընտանիքի մայրը՝ Շաքե Ռզյանը, տարբեր աշխատանքներ է կատարել, սննդի օբյեկտներում մատուցող է աշխատել։ Սյուզաննան դպրոցում միջին առաջադիմություն է ունեցել, նա 2021 թվականին թողել է ուսումը Սեւքարի դպրոցում։
Խեւքարի բնակիչները նշում են այդ ընտանիքի ոչ միայն կարիքավոր, այլ ավելի շատ անկազմակերպ լինելը, չհամախմբվածությունը։ Իջեւան խոշոր համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, որոշում է ընդունել Տորիաշվիլի ընտանիքի երեխաների խնամքի վերաբերյալ։
Համայնքի ղեկավարը, հաշվի առնելով, որ Իջեւան համայնքի Սեւքար բնակավայրի՝ Շաքե Ռզյանի եւ Մամուկա Տորիաշվիլիի ընտանիքը գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում, որի հետեւանքով ընտանիքի 5 անչափահաս երեխաները՝ 2010թ. մարտի 29-ին ծնված Մանե Տորիաշվիլին, 2014թ. հուլիսի 14-ին ծնված Անգելինա Տորիաշվիլին, 2013թ. հուլիսի 11-ին ծնված Դավիթ Տորիաշվիլին, 2016թ. մայիսի 4-ին ծնված Դանիել Տորիաշվիլին, 2021թ. հոկտեմբերի 6-ին ծնված Էդմոն Տորիաշվիլին, գտնվում են հոգեբանական բարդ իրավիճակում, ծնողները չեն կարողանում իրականացնել երեխաների հետագա խնամքը ընտանիքում, ինչպես նաեւ ելնելով համայնքի խնամակալության եւ հոգեբարձության հանձնաժողովի դրական եզրակացությունից, որոշել է Սեւքարի բնակիչներ Շաքե Ռզյանի եւ Մամուկա Տորիաշվիլիի անչափահաս երեխաների՝ Մանե, Անգելինա, Դավիթ, Դանիել, Էդմոն Տորիաշվիլիների հետագա խնամքը «ՍՕՍ-Մանկական գյուղերի» «Իջեւան» մասնաճյուղի կարճաժամկետ կենտրոնում իրականացնելու նպատակով դիմել մասնաճյուղի տնօրինությանը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ