Հայաստանի ազգային գրադարանը (ՀԱԳ) եւ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանը համատեղ երեք գրքերի շնորհանդես-քննարկում է կազմակերպել Ազգային գրադարանում. Լուսինե Աբգարյանի «Հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում, ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը» գիտական ուսումնասիության հիմնահարցերի շրջանակում ներկայացվել են Բրյուսովի համալսարանի շրջանավարտ, 44-օրյա պատերազմի մասնակից Տիգրան Գասպարյանի «Հիշողություններ պատերազմից» ինքնակենսագրական պատումը եւ գրող, լրագրող Լիկա Զաքարյանի «44 օր. օրագիր անտեսանելի պատերազմից» պատերազմական օրագիրը։
Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին Հայաստանի ազգային գրադարանից: ՀԱԳ-ի տնօրեն Աննա Չուլյանի եւ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի ողջույնի խոսքերից հետո համալսարանի դասախոս Լուսինե Աբգարյանը հանգամանորեն խոսել է հիշողության վերաիմաստավորման, վկայությունների, հետանդրադարձերի, հետհիշողության մասին՝ համապարփակ ներկայացնելով թեման։ Ըստ աղբյուրի՝ զուգահեռներ անցկացնելով Հայոց ցեղասպանության եւ 44-օրյա պատերազմի ականատեսների վկայությունների միջեւ՝ Լուսինե Աբգարյանը զրույցի է հրավիրել Տիգրան Գասպարյանին եւ Լիկա Զաքարյանին։ Լիկա Զաքարյանը պատմել է, որ 44-օրյայի ամբողջ ընթացքում Ստեփանակերտում՝ ռմբապաստարանում, շարադրել է իր ապրումները, խորհրդածությունները, իր միջով անցկացրել տեղի ունեցող իրադարձությունները։
Նա նշել է, թե իր օրագրությունն այնքան անձնականացված է եղել՝ վերջին օրվա ամենօրյա զգացողությամբ, ապրողի անկեղծությամբ, որ հետագայում, երբ առիթ է ունեցել այն թարգմանելու անգլերեն, ինքն իրեն պախարակել է այդքան բաց գրելու համար։ Զաքարյանն ընդգծել է, որ իր համար անչափ ծանր է օրագիրը վերընթերցելն ու այդ օրերի արհավիրքը վերապրելը։ «Տիգրան Գասպարյանն ականատեսի իր վկայությունները շարադրել է մի շնչով։ Ի տարբերություն Լիկայի՝ նա իր գիրքը որերորդ անգամ ընթերցելուց հետո արդեն որպես ուրիշի ստեղծագործություն է ընկալում։
Գրական երկերը մասնակցում են մարդկության դեմ գործված ոճրագործության ժխտողականության մասի իրազեկվածության բարձրացման գործին։
Ավելի քան 100 տարի անց Օսմանյան կայսրության անկման՝ մայրամուտի համապատկերում իրագործված Հայոց ցեղասպանությունը ո՛չ քաղաքական եւ ո՛չ էլ դիվանագիտական առումով անցյալին չի պատկանում:
ՀԱԳ-ի տեղեկացմամբ՝ Լուսինե Աբգարյանը հանգամանորեն ներկայացրել է նաեւ տարբեր ոլորտների՝ պատմաբաններ Ռեյմոն Գեւորգյանի, Թաներ Աքչամի, Իվ Տերնոնի, հոգեվերլուծաբաններ Ժանին Ալթունյանի, Հելեն Փիրալյանի, գրականագետներ Կաթրին Կոքիոյի, Մարիան Հիրշի՝ թեմային նվիրված տեսական դրույթները: «Գրքի առաջին մասը՝ «Ցեղասպանության «ուրվականը». հիշողության հիշողությունը. վկայության, հետհիշողության եւ պատումի խաչմերուկում» վերնագրով, անդրադարձ է «ճակատագրական ժառանգականությանը, որով, առանց իրենց իսկ ցանկության, վերապրողների սերունդներն առնչվում են իրենց ծնողների/նախնիների պատմական հոգեցնցմանը:
Գրքի երկրորդ՝ «Պատմության, ֆիկցիայի եւ հանձնառության խաչմերուկում» մասում մենք հայտնվում ենք պատմության՝ իրական անցյալի եւ ֆիկցիոնալ աշխարհների խաչմերուկում: Պատմական անցյալը ներկայացնելը սերտորեն առնչվում է ֆիկցիային, իսկ այս վերջինն իր կանոնների միջոցով փորձում է հնարավորինս մոտենալ անցյալին: Այս մասում հեղինակը կենտրոնանում է վեց երկերի վերլուծության վրա, որոնց հեղինակներից երեքը՝ ֆրանսիացի, երեքը ծագումով հայ ֆրանսագիր արձակագիրներ են:
Ուսումնասիրության երրորդ՝ «Պատկերապատումը եւ Ցեղասպանությունը» մասում Լուսինե Աբգարյանը անդրադառնում է գրաֆիկական պատումին՝ լուսանկարչությանը, ցեղասպանության թեմայի արվեստի լեզվով մատուցմանը՝ կինոյին եւ երաժշտությանը»,- հայտնում են ՀԱԳ-ից:
ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ՝ ԿԱՄԵՐԱՅԻՆՈՒՄ
Խաչատրյանական տարվա արժանի մեկնարկ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։
ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը հունիսի 14-ին հանդես է գալու բացառիկ ծրագրով՝ ներառելով խաչատրյանական գլուխգործոցներ, դաշնամուրային փոխադրումներ, ինչպես նաեւ Խաչատրյանի արվեստի վրա անշեջ հետք թողած աշուղական երաժշտության դաշնամուրային մեկնաբանություններ եւ հայ դասականների գոհարներ։ Համերգը տեղի կունենա հունիսի 14-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ «Խաչատրյանը մի ողջ դպրոց է ու ազգային ինքնություն. նա խոսեց հայերեն, բայց նրա լեզուն հասկացավ ողջ աշխարհը։ Այս հայեցակարգը մտքումս՝ պատրաստել եմ հատուկ մի ծրագիր՝ նիրված մեծ կոմպոզիտորի 120-ամյակին։ Սրտումս առանձնահատուկ թրթիռ է եւ մեծ պատասխանատվություն։
Հունիսի 14-ը զուտ մենահամերգ չէ, այլեւ մի ողջ տոնախմբություն»,-նշում է Հայկ Մելիքյանը։
ԵՐԳ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ
Ամառ է Երեւանում, եւ այս առիթով Արամ mp3-ն ու Գարիկ Մարտիրոսյանը մեր «pink-ագույն» մայրաքաղաքին, երեւանցիներին ու մեր հյուրերին ամառային զովացնող երգ են նվիրել, որը, գուցե, դառնա այս ամռան հիթերից մեկը։ Այն պատմում է, թե որքան շոգ է լինում Երեւանում ամռանը, բայց, չնայած դրան, միշտ ձգում է բոլորին.
«Հյուսիսային պողոտան անունը չի արդարացնում,
Հանվացնում ա արեւն ու եռման ասֆալտին ա պառկացնում,
Էս շոգից նույնիսկ ծառերը հով ու ստվեր են ման գալիս,
Միեւնույնն ա, Երեւանը ձգում ա ինչպես մագնիս»։
«Ամառ է Երեւանում» երգն արտիստները ներկայացրել են առանց տեսահոլովակի, բայց հետաքրքիր լուծումներով։ Երգի երաժշտության հեղինակը Գարիկ Մարտիրոսյանն է։ Ռուսական շոու-բիզնեսում հայտնի մեր հայրենակիցը խոսքերը համահեղինակել է Արամ mp3-ի եւ Վարդան Զադոյանի հետ։ Գործիքավորումը կատարել է Արման Փահլեւանյանը, միքսը՝ Նիկ Էգիբյանը։ YouTube-ում երգը տեղադրվել է մեկ օր առաջ, եւ այս պահի դրությամբ ունի ավելի քան 45 000 դիտում։
ՄԵԴԱԼՆԵՐ՝ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ
Հունահռոմեական ոճի ըմբիշները 3 ոսկե, 4 արծաթե, 9 բրոնզե մեդալ են նվաճել Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում: Մրցաշարին Հայաստանի եւ եւս 5 երկրի՝ Ռուսաստանի, Բուլղարիայի, Բելառուսի, Վրաստանի եւ Իրանի ներկայացուցիչներ են մասնակցել:
Հուշամրցաշարի հաղթողի կոչմանն արժանացել են 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը եւ 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնացրել է հատկապես աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանի ելույթները, որը, տեւական դադարից հետո վերադառնալով ըմբշամարտի մրցագորգ, եզրափակչում տպավորիչ հաղթանակ է տարել ու դարձել ոսկե մեդալակիր:
«Մեր ըմբիշների համար սա ստուգողական մրցաշար էր: Անձամբ ինձ շատ ուրախացրեց Մաքսիմ Մանուկյանն իր հրաշալի գոտեմարտերով: Երկար դադարից հետո վերադառնալ 34 տարեկանում ու այդպիսի գոտեմարտեր հաղթել, իսկ եզրափակչում ֆանտաստիկ հնարքով ետ բերել գրեթե կորած գոտեմարտը, պարզապես հիանալի էր: Հուսամ՝ դեռ ասելիք ունի ու մեծ հաջողությունների կհասնի:
Տպավորիչ ելույթներ ունեցան նաեւ Շանթ Խաչատրյանն ու Սլավիկ Գալստյանը»,- նշել է Կարեն Գիլոյանը: