ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ` ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ԿԱՆՈՆՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ առավոտյան ներկոալիցիոն հարաբերությունների մասին անսպասելի ուղերձով հանդես եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ուղերձով, քանի որ նրա հարցազրույցը տեղադրված էր բոլոր կայքերի գլխավոր լուրերի բաժնում:
Իսկ Ծառուկյանի` news.am-ին տրված հարցազրույցի գլխավոր «մեսիջն» այն  էր, որ  ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հակասությունները հորինել է մամուլը` «մակերեսային հորինովի աժիոտաժներով պղտոր ջրում ձուկ» որսալու համար: «Հորինեցին ինչ-որ նոր հուշագրերի պատմություններ, իրենք ասեցին, իրենք հավատացին, չեմ բացառում նաեւ, որ հավատացրին նաեւ որոշ թվով մարդկանց»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանը, ով, հիշեցնենք, օրերս հանդիպել էր Սերժ Սարգսյանին, ըստ ամենայնի, պարզելու, թե ում նկատի ուներ Տիգրան Սարգսյանը` կոտրած տաշտակի առաջ հայտնվելու հեռանկարով սպառնալով: Բոլորս հիշում ենք նաեւ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանի` «Հայր մեր»-ի վերջին պարբերությամբ պատասխանը վարչապետական հաթաթաներին` «Զի քո է արքայություն եւ զորություն…»: Մի խոսքով` «ամեն»:
Պարզվում է` կոալիցիոն գործընկերների մոտ վերջին սրբագրումներից առաջ եղել են փոխադարձ պայմանավորվածություններ: Նախ` կիրակի օրով հայտարարություն է անում  Տիգրան Սարգսյանը` պարզաբանելով, որ իր խոսքն ուղղված էր ինչ-որ «դեստրուկտիվ էլեմենտների», ովքեր մտադիր են երկիրը տանել ցնցումների։ Եւ որ հայտարարության կոնտեքստն էլ  «հասկանալի է ու հայտնի» ու ոչ այլ ինչ է, քան մեջբերում հանրապետության նախագահի  հայտարարությունից, որ ուզում են ընդդիմության հետ կառուցել համագործակցության կամուրջներ: Ապա դրան հաջորդում է Ծառուկյանի նշված  հայտարարությունը: Իսկ այդ պայմանավորվածությունն, ըստ ամենայնի, ձեռք էր բերվել շաբաթ օրը:
Ինչպես տեղեկացանք, ուրբաթ  օրը «Օջախ»-ում Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արթուր Բաղդասարյան եւ Գագիկ Ծառուկյան կազմով տեղի է ունեցել հանդիպում,  որտեղ բացատրվել է, թե Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարած ուղեւորությունը եւ «Եդինայա Ռոսիա»-ի հայրերի հետ հանդիպումներն այնքան էլ անպտուղ չեն եղել: Նաեւ հարց է տրվել, թե ինչի է սպասում Ծառուկյանը, որ իր փեսան` պատգամավոր Մուրադ Գուլոյանի տղան, նախ պաշտոնանկ արվի, ապա հերթով բոլորին տանե՞ն: Դրանից առաջ էլ` հարկային փաթեթի քննարկման ժամանակ, Սերժ  Սարգսյանը բավականին  կոպիտ  է խոսել Գագիկ Ծառուկյանի հետ. երբ նա փորձել է առարկել` փոքր ու միջին բիզնեսի մասին ինչ-որ բան ասելով, հարցրել է. «Ի՞նչ, Գագի՛կ, մենակ խոսում եք` «մանր ու միջին»:
Այլ խոսքով Ծառուկյանին արվել է առաջարկ, որից նա չի կարողացել հրաժարվել եւ հանդես է եկել վերը նշված հայտարարությամբ:  Այս համատեքստում պատահական չի համարվում նաեւ հայտարարության օրը` հոկտեմբերի 31 կամ նոյեմբերի 1-ից մեկ օր առաջ, երբ ԱԺ մշտական  հանձնաժողովներում կսկսվեն  բյուջետային քննարկումները: Այսինքն` կոալիցիոն ԲՀԿ-ն ասում է` ես միասնական եմ, բյուջեին տեր եմ, վարչապետին տեր եմ, կառավարությանը տեր եմ:
Ժամանակավոր զինադադարից հետո շարքային հանրապետականներն  ու ԲՀԿ-ականները, որ մի փոքր անհարմար վիճակում էին հայտնվել, հրապարակային մեկնաբանություններից առհասարակ խուսափեցին, բայց որոշ բարգավաճականներից ոչ պաշտոնական մեկնաբանություններ, այնուամենայնիվ,  լսեցինք: Նախ, որ  այդքան էլ այդպես չէ, եւ որ զիջումները փոխադարձ են: Այսինքն` ՀՀԿ-ն էլ, օգտվելով Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ-ում չգտնվելու հանգամանքից, ոչ միայն Ծառուկյանին դեմ է տվել հայտարարության տեքստը, այլեւ ինքն էլ մի քիչ նահանջում  է: Ինչ վերաբերում է հարցին, թե  50+1-ի մասին խոսող իրենց ղեկավարն ինչու է  նահանջել` խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ի  հավակնությունների մասին համեստորեն նշելով` «առնվազն պահպանել եւ փորձել հասնել ավելիին», ապա ասվեց, որ «հասնել ավելիին» կարող է նշանակել ամեն ինչ՝ ե՛ւ 50+1, ե՛ւ 60+1, ե՛ւ ամեն ինչ: Ինչ վերաբերում է ԲՀԿ մամուլի խոսնակին, ապա նա, ըստ ամենայնի, ոչինչ չուներ ավելացնելու Ծառուկյանի հայտարարությանը:  
Ներքաղաքական դիտորդների հիմնական մասը թե՛ Ծառուկյանի եւ թե՛ նախօրեին Տիգրան Սարգսյանի հայտարարությունները որակում են որպես ստեղծված պատային իրավիճակից  փոխադարձաբար անկորուստ դուրս գալու ուղիների փնտրտուք: Կամ` կողմերն առաջնորդվում են  չինական հայտնի ասացվածքով եւ չեն շտապում այրել բոլոր կամուրջները: Առհասարակ,  արեւելյան մարտարվեստներում այս սկզբունքն իր գոյությունն ապացուցել է հետեւյալ  կենսափիլիսոփայությամբ. «Եթե ուզում ես, որ անկյուն քշված թշնամին չվերադառնա եւ չսպանի քեզ, թող նրա համար նահանջի ճանապարհ»:  Դե իսկ ժամանակակից  քաղաքագիտության մեջ սա  կոչվում է «դեմք փրկել»:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս