Վանաձոր համայնքի ավագանու` հոկտեմբերի 28-ի նիստն իր աղմուկ-աղաղակով չէր զիջում նախորդներին: Oրակարգում ներկայացված բոլոր որոշումներն էլ, ինչպես միշտ, հաստատվեցին` մեծ մասը միաձայն «այո»-ով, սակայն որոշումներից 2-րդն անհամաձայնության բուռն ալիք բարձրացրեց:
Քվեարկության էր ներկայացված ընտանի կենդանիներ պահելու համար հարկ սահմանելու մասին որոշումը: Այսուհետեւ բոլոր շուն, կատու, կով կամ այլ ընտանի կենդանի ունեցողները պարտավոր են հարկ վճարել: Նախ որոշվեց մեկ գլխի հարկման գինը սահմանել մինչեւ 5000 դրամ, ինչի շուրջ էլ սկսվեց քննարկումը: Ավագանու անդամներն այստեղ աշխուժացան. ոմանց կարծիքով 5000-ը շատ է, ոմանք էլ առհասարակ դեմ էին: Վերջին կարծիքին քաղաքապետ Սամվել Դարբինյանը համամիտ չէր. «Բոլորն ուզում են` իրենց բակն ասֆալտապատվի, իրենց փողոցը լուսավորվի, հենց գալիս ա փողի հավաքագրման տեղը, սկսում են` բա քաղաքացին մեղք ա: Բա համայնքը հեչ մեղք չի՞: Վանաձորում ամենաքիչը 1000 կով կըլնի, եթե մենք 2000 դրամ էլ ենք դնում, տարեկան 2 միլիոն ա կազմում»:
Ի պատասխան` ավագանու անդամներից ընդվզեցին. «Հավաքագրողին կհարցնեն` ո՞վ ա որոշել, նրանք էլ կասեն` ավագանին»: Ավագանու այս մտահոգությանը քաղաքապետ Դարբինյանը հակադարձեց. «Ես որ նոր ընտրված տարին հետ չեմ կանգնել որոշումներիցս, նախընտրական տարում էլ հետ չեմ կանգնի: Որ կհարցնեն` ասեք Դարբինյանն ա որոշել»: Ավագանու անդամ Սամվել Դիլոյանն էլ նկատեց. «Ախր էդ 2 միլիոնն էնքան օգուտ չի տալու, ինչքան որ առաջացնելու ա բնակիչների բողոքը»: Կարեն Պառավյանն էլ ավելացրեց. «Մարդու տեղն ինչքան ա նեղ, որ հանրապետության 3-րդ քաղաքի կենտրոնում կով ա պահում: Ծայրամասերում էլ սաղ կով պահողներ են»: Սամվել Դարբինյանն այստեղ չդիմացավ. «Քաղաքի կենտրոնական մասում կովերն ընկել, արածում են, աղտոտում են միջավայրը: Բացի այդ, կովն էսօր սոցիալական խնդիր ա լուծում, ուրեմն պետք ա հարկել»: «Բայց ախր շան ու կատվի համար էլ ա սահմանվում»,-հնչեց ավելացում: «Այո՛, եթե գնում, տեսնում ես` բակում բուն կա, շունն էլ մեջն ա կամ կապած ա, պտի գանձես: Եթե ուզում ես, ու չեն տալի, դատական կարգով կվերցնենք, իյաաա»,-վրդովվեց քաղաքապետը:
Հետո սկսվեց պարզաբանման փուլը: Դիլոյանին տանջում էր այն հարցը, թե եթե, ասենք, ինքն օձ է պահում, իրենից էլ են հարկ գանձելու: Այս հարցին քաղաքապետը պատասխանեց հետեւյալ կերպ. «Սամվե՛լ, օձն ընտանի կենդանի չէ»: Հաջորդ լուսաբանման կարիք ունեցող հարցը հավերի` կենդանի, թե թռչուն լինելու մասին էր: Դարբինյանը վստահեցրեց, որ հավն ընտանի թռչուն է:
Ի վերջո, բոլոր հարցերը պարզաբանվեցին, մնաց հավաքագրողներ գտնելը: Առաջարկվեց, որ առաքելությունն իրականացնեն աղբի վարձավճար գանձողները, ինչին շատերն ընդդիմացան: «Վիկտո՛ր, կարո՞ղ ա բաժնումդ նոր հաստիք ես ուզում ավելացնես»,-հարց ուղղվեց գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանին: Ներկաներից մեկն էլ այնքան հեռուն գնաց, որ կենդանիների հաշվառման համար առաջարկեց կովահամար անցկացնել: Մի խոսքով, ներկաներին ո՛չ լրագրողների ներկայությունն էր անհանգստացնում, ո՛չ էլ այն, որ իրենց տարօրինակ արտահայտությունները հեռարձակվում էին տեղական հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերով: Ի վերջո, որոշումը դրվեց քվեարկության, այն էլ մի քանի անգամ: Առաջին անգամ որոշվեց սահմանել 2000 դրամ հարկ, ինչին նիստին ներկա ավագանու 8 անդամներից 2-ը դեմ էին, 2-ը` կողմ, 4-ն էլ` ձեռնպահ, ապա երկրորդ անգամ որոշվեց սահմանել 0 դրամ, եւ կրկին նույն պատկերն էր: Ու երբ հերթական աղմուկ-աղաղակից հետո որոշվեց վերջին անգամ քվեարկել` արդեն 1000 դրամի համար, Հովսեփյանն ու Պառավյանը մնացին իրենց կարծիքին, իսկ մնացածի «ոչ»-ը դարձավ «այո»: Այսպիսով` որոշումը հաստատվեց:
Վանաձոր
Հ. Գ. Հիշեցնենք, որ երեք տարի առաջ նման նախաձեռնությամբ հանդես եկավ նաեւ Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ու թեեւ որոշումն ընդունվեց, սակայն մինչ օրս այն չի կիրառվում:
Ինչ վերաբերում է Վանաձորում կովերի հարկման չափին, ապա 5000 դրամն իրոք չափազանց էր: Դա երեւանաբնակ կովերի հարկագինն է: Ի վերջո, պիտի տարբերություն լինի՞ երեւանաբնակ ու գավառաբնակ կովերի միջեւ: Թեեւ գուցե գավառական քաղաքների ղեկավարներն այսպես են հասկանում Սերժ Սարգսյանի հայտարարած` տարածքների համաչափ զարգացումը: