Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը Մոսկվայում ավարտել է բարձրագույն ռեժիսորական կուրսերը: Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, երկրորդով` ռեժիսոր: Բազմաթիվ միջազգային կինոփառատոնների մասնակից է: Մոտ մեկ տարի է` համագործակցում է «Շարմ» ընկերության հետ: Նկարահանել է Ինգա եւ Անուշ Արշակյանների «Սեր Երեւան» տեսահոլովակը, ինչպես նաեւ Արեւիկ Սիմոնյանի «Կիվերա Նայնոմիս» հոլովակը, որը հետագայում դարձավ Եվրոպայում «Սվարովսկի» ընկերության PR ակցիայի հոլովակը: Լուսինայի «MTV arabia»-ի համար նկարահանված «Guardian Angel» տեսահոլովակի հեղինակը նույնպես Հրանտն է:
-Բազմաթիվ գովազդների եւ տեսահոլովակների ռեժիսոր եք: Ինչո՞ւ մինչեւ հիմա ֆիլմ չեք նկարել:
-Ինչո՞ւ, ռեժիսորները հայտնի են դառնում միայն ֆիլմ նկարելո՞ւց: Համաշխարհային շատ ռեժիսորներ կան, որ գովազդով են հայտնի դարձել: Ռեժիսորը միայն ֆիլմ չի նկարում: Կան նաեւ այնպիսիները, որ մասնագիտանում են միայն տեսահոլովակների վրա: Երբ պահը հասունանա, եւ ես վստահ լինեմ, որ այդ սցենարը դուր կգա ինձ եւ հանդիսատեսին, անպայման կնկարահանեմ: Իսկ ֆիլմ նկարել պարզապես ձեւի համար ես չեմ պատրաստվում: Չնայած ասեմ, որ հիմա դոկումենտալ ֆիլմ եմ նկարահանում:
-Ինչի՞ մասին է այդ ֆիլմը:
-Դա եկեք գաղտնի պահենք: Միայն կասեմ, որ հայ մարդու, մի լավ անձնավորության մասին է: 6 ամսից կլինի եթերում:
-Տեսահոլովակները սիրո՞վ եք նկարահանում, թե՞ միայն գումարի համար:
-Ես իմ կյանքում հանուն գումարի ոչինչ չեմ անում ու չեմ էլ արել: Ես ունեմ տնտեսագետի մասնագիտություն եւ եթե ուզենայի, իմ առաջին մասնագիտությամբ շատ ավելի կվաստակեի:
-Ձեր կոլեգա-ռեժիսորները միաձայն պնդում են, որ ինչքան էլ գումար ներդնես Հայաստանում ֆիլմ նկարելու համար, միեւնույն է, հետ չես բերի: Այսինքն` քո նկարած ֆիլմով երբեք գումար չես վաստակի: Դուք ի՞նչ կասեք հայկական կինոինդուստրիայի մասին:
-Ամեն երկիր նկարում է ըստ իր շուկայի: Եթե ֆիլմը սիրվի հանդիսատեսի կողմից, կարծում եմ` դրանից կարելի է գումար վաստակել: Եթե մեր շուկան բավարար է ոչ մեծ բյուջե ունեցող ֆիլմերի համար, ապա նկարահանում են ավելի փոքր մասշտաբով ֆիլմեր: Այսօր մարդիկ գնում են կինո եւ նայում տեղական արտադրանքի ֆիլմեր, ինչն ինձ շատ ուրախացնում է:
-Ուզում եք ասել, որ Հայաստանում, այնուամենայնիվ, կինո կա՞:
-Եթե Դուք տոմս եք ձեռք բերում եւ գնում կինոթատրոն` հայկական կինո նայելու, ուրեմն կա այդ կինոն: Իսկ ֆիլմը Ձեզ դուր եկավ, թե ոչ` դա էլ արդեն հարցի մյուս կողմն է:
Անկե՛ղծ ասեք, ամեն արտասահմանյան ֆիլմ դիտելուց հետո հիացա՞ծ եք դուրս գալիս կինոթատրոնից: Իհարկե ոչ: Նույն մեխանիզմն էլ գործում է հայկական կինոյի պարագայում:
-Որպես ռեժիսոր` մի լավ ֆիլմի անուն տվեք, որ կինոմանները դիտեն:
-ՉԷի ցանկանա իմ կարծիքը փաթաթել մարդկանց վզին: Ամեն մարդ մի ճաշակ ունի: Թող հետեւեն նոր պրեմիերաներին: Փառք Աստծո, այսօր սոցիալական կայքերն այնքան ակտիվ են, որ նայողները կարող են կիսվել իրենց տպավորություններով եւ գտնել այն ֆիլմը, որն իրենց դուր կգա:
-Ինչի՞ պակաս ունի այսօրվա հայ ռեժիսորը:
-Ոչ մի բանի:
-Նույնիսկ գումարի՞, մուսայի՞…
-Իսկ գումարային խնդիրներ որտե՞ղ չկան: Եթե մեր շուկայում նկարահանվում է, օրինակ, 10 կամ 5 հազարանոց գովազդ, ապա դրսի շուկան մեծ է, հետեւաբար այնտեղ նույն աշխատանքը կարվի մի զրո ավել գումարով: Պակասը միայն տեխնիկայի մեջ կարող ենք ունենալ: Իսկ ինչ վերաբերում է մուսային եւ էնտուզիազմին, դրա պակաս բացարձակապես չկա:
-Եթե հեռուստասերիալ նկարելու առաջարկ ստանաք, կհամաձայնե՞ք:
-Ո՛չ: Նախ սկսենք տեխնիկական խնդրից: Ասեմ, որ ես չեմ կարող ինձ կապել ինչ-որ երկարատեւ նախագծի հետ: Սերիալը մասշտաբային պրոյեկտ է, որին պետք է ամբողջ հոգով, սրտով նվիրվես: Չեմ կարծում, որ ես կկարողանամ այդքան ժամանակ տրամադրել եւ ցանկություն էլ չունեմ: Ես էությամբ այնպիսին եմ, որ մշտապես նորություններ եմ ուզում, լավ ֆիլմեր, նախագծեր: Իսկ դրանք լավ անելու համար պետք է ժամանակ ունենալ:
-Արդեն ասացիք, որ դոկումենտալ ֆիլմ եք նկարում, բայց շատ ռեժիսորներ նախընտրում են կոմերցիոն ֆիլմեր ստեղծել: Դուք այդպիսի ծրագրեր չունե՞ք:
-Եթե ինչ-որ ֆիլմ դիտելու համար կինոդահլիճ է գնում հոծ բազմություն, այն կարելի է համարել ստացված, ու ամենեւին էլ պարտադիր չէ, որ կոմերցիոն բնույթ կրի: Ես դեռ չեմ գտել այն սցենարը, որ արժանի համարեմ, ֆիլմ նկարեմ, եւ այն էկրան բարձրանա:
-Ռեժիսորներից մեկը մի անգամ ասաց, որ ֆիլմի բարձր ռեյտինգն ապահովելու համար ինքը գլխավոր դերակատար է ընտրում հանրահայտ դերասանի, ում վարկանիշն այդ պահին ամենաբարձրն է: Դուք ի՞նչ սկզբունքով եք ընտրում դերասաններին:
-Ես չգիտեմ, թե մնացածներն ինչպես են ընտրում, կոնկրետ ես առաջնորդվում եմ նրանով, թե տվյալ դերը որ դերասանին ավելի շատ կհամապատասխանի:
«ՀԱՆՈՒՆ ԳՈՒՄԱՐԻ ՈՉԻՆՉ ՉԵՄ ԱՆՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ