«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արման Հակոբջանյանին այս օրերին հաջողվել է փախչել շրջափակված Արցախից. Հակոբջանյանն ինքը մեզ հետ զրույցում չէր էլ հերքել այս տեղեկությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինս Երեւանում իր բիզնեսը ընդլայնելով է զբաղված:
Մեր հավաստի տեղեկություններով՝ Հակոբջանյանը գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների ցանցը:
Ծառուկյանին են պատկանում «Մուլտի գազ» եւ «Մուլտի լեոն» ընկերությունների գազալցակայանները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Իվետա Տոնոյանը հաստատեց, որ ԲՀԿ ղեկավարը վաճառել է իրեն պատկանող գազալցակայանները, բայց չգաղտնազերծեց, թե ում:
Մեզ հաջողվեց պարզել, որ գնորդը Արման Հակոբջանյանն է:
«Ժողովուրդ» օրաթերթը անկողմնակալությունը պահելու համար այս տեղեկությունը եւս փորձեց ճշտել Հակոբջանյանից:
Մեր հարցը լսելով՝ վերջինս կրկին վրդովվեց.
«Նախ՝ ես չեմ ցանկանում հեռախոսով մեկնաբանություն տալ, երկրորդ՝ եթե մի տեղ կա գնորդ եւ վաճառող, նախ վաճառողը պետք է առաջինը մեկնաբանի, նոր հետո գնորդը»,- արձագանքեց նա:
Երբ ասացինք, որ մյուս կողմը նույնպես մեկնաբանել է, Հակոբջանյանը շարունակեց խուսափել պատասխանից՝ ասելով, թե ծանոթներ չենք, ու ինքը չի ցանկանում մեկնաբանել, վաճառող կողմը թող մեկնաբանի:
Այսպիսով, Արցախում գումար աշխատելու շանսերը սպառված է համարում Հակոբջանյանը, փախել է Հայաստան՝ ընդլայնելու իր բիզնեսը: Դեռ կանդրադառնանք, թե ՔՊ-ական որ պատգամավորի եւ որ պաշտոնյայի տանիքի տակ է Արման Հակոբջանյանը զարկ տալիս իր բիզնեսին:
Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանն այն գործարարն է, որ 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանի մերժման պայմաններում Սեւանա լճի ափին շքեղ առանձնատուն է կառուցել մի շարք օրինախախտումներով, սակայն Փաշինյանը աչք է փակում դրանց վրա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը երկարատեւ քննարկումներից հետո որոշել է մասնակցել Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր խմբակցությունն այս օրերին ակտիվ քննարկումների մեջ է. որոշում են՝ ինչ ձեւաչափով մասնակցեն, ում թեկնածությունն առաջադրեն։ Նրանք փորձում են գտնել մի թեկնածուի, ում շուրջ հնարավոր կլինի լայն կոնսոլիդացիա ապահովել եւ գնալ քաղաքական, այլ ոչ քաղաքային ընտրության: Փաստ է, որ այս պահին դեռ թեկնածու չեն գտել, փնտրտուքների մեջ են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ հավելելով. «Թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու, կամ թեկնածուն ով է լինելու, որոշում չկա. քննարկումները սրանց շուրջ դեռ շարունակվում են»:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ունի մեկ անհատական բնակելի տուն, մեկ բնակարան, մեկ հողամաս եւ երկու ավտոտնակ, ընդ որում՝ դրանք գտնվում են տարբեր վայրերում։ «Ժողովուրդ» օրաթերթը փոխվարչապետի՝ 2022 թվականի հայտարարագրից տեղեկացավ, որ հողամասն ու առանձնատունը Աշտարակ քաղաքում են, իսկ մյուս գույքերը՝ Երեւանում՝ Կենտրոն վարչական շրջանում։ Պարզվում է՝ Մհեր Գրիգորյանը բանկում ավանդներ ունի՝ 525 հազար դոլարի եւ 40 մլն դրամի չափով։ Տարվա վերջում նա բանկային հաշիվներին ունեցել է 3 մլն դրամ, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 70 մլն դրամ։ Փոխվարչապետը մեկ տարում 1 մլրդ դրամից ավելի եկամուտ է ունեցել, որի մեջ 23մլն դրամը նրա աշխատավարձն է, իսկ մյուս գումարն էլ փոխառություններից է ստացված։ Փոխվարչապետը մեկ տարվա ընթացքում նաեւ 56 մլն դրամի ծախս է ունեցել, սակայն բովանդակությունը բացահայտված չէ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, ամենայն հավանականությամբ, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանի գույքի հարցով դիմում կներկայացնի դատարան: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ դատախազությունում այս պահին Կճոյանի պարզաբանումներն են ստուգում, որոնք, կարծես թե, այդքան էլ համոզիչ չեն համարել։ Մեր այս տեղեկությունը ՀՀ գլխավոր դատախազությունից չմեկնաբանեցին։ Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 23-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ (Սամվել) Կճոյանը հրավիրվել էր Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Կճոյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ավելին՝ Նավասարդ Կճոյանի գույքն արգելանքի տակ է դրվել: Բանն այն է, որ իրավապահները հարց են բարձրացրել՝ որտեղից հոգեւորականը, որը չի ունեցել եկամուտ, ունի մեծ ծավալների գույք: Հոգեւորականը բացատրել է, որ դա նա՝ որպես հոգեւորական, ստացել է նվիրատվություն, իսկ, ահա, իրավապահները հոգեւորականին բացատրել են, որ եկեղեցին ասում է՝ այդ նվիրատվությունն իրենը չէ, եկեղեցունն է: Հիմա բանը հասել է այնտեղ, որ դատախազությունը սպասում է հոգեւորականի կողմից ներկայացվելիք փաստաթղթերին, որոնք կհիմնավորեն, որ Կճոյանի ունեցվածքն օրինական է։ Նվիրատվությունն անձամբ իրե՞ն են արել, թե՞ եկեղեցուն. փաստ է, որ նա է տնօրինում գույքը: