Մենք ձեռքներս ծալած չենք նստելու և սպասելու, թե երբ են մեր ժողովրդին ուժասպառ անում. Գուրգեն Ներսիսյանը մանրամասնում է՝ ինչ իրավիճակ է Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ:

-Պարո՛ն Ներսիսյան, արդեն հայտնի է, որ Սարսանգի ջրամբարը ցամաքում է, ինչը նշանակում է, որ առաջիկա ամիսներին Արցախը զրկվելու է էլեկտրաէներգիայից ու փաստացի Արցախում էներգետիկ ճգնաժամ է առաջանալու: Ի՞նչ է պետք անել այս աղետը կանխելու համար:

– Պետք է, որ աշխարհը և բոլորը խելքի գան ու Ադրբեջանին ընդամենը պարզաբանեն, որ հանցագործություն է խաղաղ բնակչությանը կտտանքների ենթարկելը, տանջելը, կեցությունը դիտավորությամբ բարդացնելը: Պետք է բացատրեն, որ չի կարելի մարդկանց կյանքը փորձությունների ենթարկելով մտածել, որ ոճրագործից արցախցիները խաղաղություն կամ հպատակություն են մուրալու:
​Իսկ իրականում Սարսանգի ջրամբարը վաղը կդատարկվի կամ թե մեկ ամիս հետո, այլևս այդքան էլ էական չէ, քանզի եթե Ադրբեջանը նպատակ է դրել վնասել արցախցիներին, այստեղ կյանքը դարձնել անտանելի, ապա դա կարելի է անել ամենատարբեր եղանակներով:

​Անելիք կա և կա բոլորի համար: Արցախցիները իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնել են և այն կրում են, բայց պատասխանատվություն պետք է ստանձնեն նաև Արցախից դուրս ապրող հայերը՝ Հայաստանում և արտասահմանում: Այնքան հեշտ է սփյուռքի մեր հայրենակիցների համար Արցախին օգնելը, ընդամենը պետք է դուրս գալ փողոց և հյուրընկալ երկրի իշխանություններին ներկայացնել այն ամենը, ինչ կատարվում է Արցախում և պահանջել՝ պատասխանատվություն ստանձնել որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, որպես աշխարհում ընդունված համընդհանուր նորմերի կրողներ: Միթե սա դժվար է, միթե սա հնարավոր չի անել:

-Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստանի Հանրապետությունից Արցախին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերականգնումը, կա՞ ինչ-որ տարբերակ ջրամբարի ռեսուրսները վերականգնելու համար, որպեսզի այս հարցին լուծում տրվի: Այլընտրանքային էլ.էներգիա արտադրելու ինչ ռեսուրս կա շրջափակված Արցախում:

– Ադրբեջանը խոչընդոտում է ինչպես էլեկտրաէներգիայի, այնպես էլ գազի մատակարարումը: Եթե մինչ այդ Ադրբեջանը դա քողարկում էր, տարբեր պատճառաբանություններ բերում, այսօր անգամ չեն հերքում: Այդ հանգամանքը այլևս կասկածելի չէ նաև միջազգային հանրության համար: Ջրամբարի ռեսուրսները պետք է վերականգնվեն բնական տեղումների հաշվին, բարեբախտաբար տարին տեղումնառատ է:
Պարզ է, որ մենք ձեռքներս ծալած չենք նստելու և սպասելու, թե երբ են մեր ժողովրդին ուժասպառ անում:​

-Արցախն այս օրերին նաև ջրի, պարենի ճգնաժամի առաջ է կանգնած, քանի որ անգամ հումանիտար բեռների ներկրումն է արգելվում: Ինչ է արվում այս մասով Արցախի կառավարության կողմից, քանի որ միջազգային կառույցները ընդամենը արձանագրում են, դատապարտում և վերջ:

– Արցախը պետություն է՝ դրա Սահմանադրությունից բխող պոզիտիվ պարտականություններով հանդերձ: Իհարկե կան որոշակի պարտավորություններ, որոնք պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների համար, սակայն ինչ վերաբերում է պարենի հետ կապված հարցին, մենք հո մեր քաղաքացիներին չէինք թողնելու բախտի քմահաճույքին, այս ընթացքում բավականին աշխատանք է կատարվել ներքին ինքնաբավության մակարդակը բարելավելու ուղղությամբ, քաղաքացիները՝ նաև իրենք են ինքնակազմակերպվել:

-Արցախցին ինչքան կարող է դիմանալ շրջափակման պայմաններում:

– Ես ընդունելի չեմ համարում դիմանալ բառը: Արցախում ապրողները չեն ընտրել այդ կյանքը վայելքների կամ դրա հեշտ լինելու պատճառով: Արցախում կյանքը մինչ այդ էլ առանց դժվարությունների չի եղել: Ինչ է նշանակում դիմանալ: Արցախում դիմանալն էլ, ապրելն էլ, արարելն էլ, պայքարելն էլ պարտականություն է, այն պարտականություն է մեր բազմաթիվ նահատակների, մեր պատմության ու մեր սուրբ հողի նկատմամբ: Իսկ պատմության և նահատակների առջև տրված երդումը կատարելը որքան էլ դժվար լինի, պատվաբեր է ու լի հպարտությամբ: Հիմա արցախցիները ապրում են՝ հավատարիմ մնալով իրենց երդմանն ու իրենց բաժին պատասխանատվությանը:




Լրահոս