Քիչ առաջ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի նոր տնօրեն նշանակվեց Բագրատ Աղաջանյանը. նա խարդախության համար դատապարտվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի նոր տնօրենն նշանակվեց Բագրատ Աղաջանյանը, որը նախկինում խարդախության եւ կեղծ պաշտոնական փաստաթղթերի համար մարդկանց է խաբել ու դատապարտվել է:

Այսօր քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի նոր տնօրեն է նշանակվում Բագրատ Աղաջանյանը: ArmLur.am-ը փոքրիկ հետաքննություն իրականացրեցինք հասկանալու համար, թե ով է Աղաջանյանը․ նա ոչ ավել ոչ պակաս խարդախության համար դատապարտված է եղել: Խոսենք փաստերով։

Նախաքննական մարմինը 2013 թվականին Ռուբեն Գալստյանին և քիչ առաջ Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկի նոր տնօրեն նշանակված Բագրատ Աղաջանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (4 դրվագներով), ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագներով) և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (6 դրվագներով) մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նրանք « գործով չպարզված անհայտ անձի հետ նախնական համաձայնությամբ կատարել են ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություններ և հափշտակությունների փորձեր խարդախության եղանակով, ինչպես նաև նույն կազմով նախնական համաձայնությամբ պատրաստել, իրացրել և օգտագործել են ակնհայտ կեղծ փաստաթղթեր։

Այսպես, Բագրատ Աղաջանյանը 2011թ. հուլիս-օգոստոս ամիսներին փորձաշրջան է անցել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում, որի ընթացքում ծանոթացել է ԴԱՀԿ ծառայության աշխատանքին, մասնավորապես՝ հարկադիր աճուրդի կազմակերպման և անցկացման կարգին և պայմաններին, աճուրդի ընթացքում գործածվող փաստաթղթերին, սակայն փորձաշրջանից հետո աշխատանքի չի անցել նշված ծառայությունում։ Նույն թվականի ամռանը Բագրատ Աղաջանյանը ծանոթացել և մտերմացել է Ռուբեն Բախշիի Գալստյանի հետ։

2012թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ռուբեն Գալստյանը, Բագրատ Աղաջանյանը և գործով չպարզված անձը խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությունների վերաբերյալ նախնական համաձայնության են եկել և կատարել դերերի բաժանում. Ռուբեն Գալստյանը վստահություն ձեռք բերելու համար անշարժ գույք գնելու ցանկություն հայտնած անձանց ներկայացել է որպես ՀՀ դատական ակտերի հարկադիր ծառայությունում մեծ կապեր ունեցող անձնավորություն, իսկ Բագրատ Աղաջանյանը և անհայտ անձը՝ որպես նույն ծառայության աշխատակից։ Խոստանալով, որ կարող են օգնել ԴԱՀԿ ծառայությունում իրականացվող հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռք բերելու շուկայական արժեքից էապես էժան անշարժ գույք և գայթակղելով նրանց, վերջիններիս վստահությունը ամրապնդելու համար իրացնելով և օգտագործելով նաև կեղծ փաստաթղթեր` ԴԱՀԿ ծառայության դրամարկղի մուտքի օրդերի կեղծ անդորրագրեր (այսուհետև` նաև մուտքի անդորրագիր) և բնակարանների առուվաճառքի կեղծ պայմանագրեր` Ռուբեն Գալստյանը, Բագրատ Աղաջանյանը և անհայտ անձը, խաբեությամբ և չարաշահելով տուժողների վստահությունը, խարդախությամբ տիրացել են նրանց առանձնապես խոշոր չափերի գումարներին, իսկ երկու դեպքում էլ չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով։

Դրվագ 1. Այսպես, Ռուբեն Գալստյանը Բագրատ Աղաջանյանի և անհայտ անձի հետ համաձայնության է եկել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարել խարդախության եղանակով և 2012թ. սեպտեմբերին տեղեկանալով, որ իր հոր ընկեր Մուշեղ Հենրիկի Բարսամյանը Երևան քաղաքում բնակարան գնելու ցանկություն ունի` Բելոռուսիայի Հանրապետությունում բնակվող փեսայի` Ռուբեն Գրիգորյանի համար, առաջարկել է Մ.Բարսամյանին օգնել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդով ձեռք բերելու շուկայական արժեքից էապես էժան Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա թիվ 3 շենքի 1 և 1/1 հասցեի բնակարանը։ ԴԱՀԿ ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդում գտնվող Քաջարան քաղաքի Բարիկավան թաղամասի թիվ 2 շենքի թիվ 39 բնակարանի թիվ 188996 լոտի տակ ներկայացնելով ԴԱՀԿ ծառայության աճուրդում չգտնվող և երբևէ չգտնված Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա թիվ 3 շենքի 1 և 1/1 հասցեի բնակարանը` Ռուբեն Գալստյանը Մուշեղ Բարսամյանի հետ այն 55.000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ համաձայնության է եկել, համակարգչով ցուցադրել բնակարանի նկարներ և երկու մասով` 18.09.2012թ. Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում առձեռն, ապա 03.10.2012թ. «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությունում իր քենի Գայանե Լոբյանի հաշվեհամարին փոխանցում կատարելով, Մ.Բարսամյանից ստացել է 55.000 ԱՄՆ դոլար։ Վերջինիս վստահությունը ձեռք բերելու համար Ռուբեն Գալստյանը շուրջ 10 օր անց վերադարձրել է նշված գումարը` պատճառաբանելով, թե գործը չի ստացվում, սակայն որոշակի ժամանակ` 2012թ. նոյեմբերին, Ռուբեն Գալստյանը կրկին հանդիպել է Մուշեղ Բարսամյանին և հայտնելով, թե կարճ ժամանակահատվածում վերը նշված բնակարանի առուվաճառքի գործարքը կկազմակերպի, վերջինիցս վերցրել է առանձնապես խոշոր չափերի գումար` 22.366.300 ՀՀ դրամին համարժեք 55.000 ԱՄՆ դոլար, և Բագրատ Աղաջանյանի ու անհայտ անձի հետ խարդախությամբ հափշտակել այն։
Այնուհետև 22.11.2012թ. կեսօրին Ռուբեն Գալստյանը Մուշեղ Բարսամյանի լիազորված անձին` Ազնիվ Կարապետյանին, տարել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության` Երևան քաղաքի Հալաբյան 41Ա հասցեում գտնվող վարչական շենք, որտեղ` նշված ծառայության դրամարկղում, Ռուբեն Գալստյանը Մուշեղ Բարսամյանի փոխարեն Ազնիվ Կարապետյանի անվամբ վերը նշված թիվ 188996 լոտի հաշվեհամարին վճարել է 30.567 ՀՀ դրամ գումար։ Նույն օրը ժամը 15.09-ին Ռուբեն Գալստյանը, նախապես փակելով իր կողմից օգտագործվող 094 51-70-20 հեռախոսահամարը, հեռախոսազանգ է կազմակերպել նշված հեռախոսահամարից Ազնիվ Կարապետյանի 094 11-01-74 հեռախոսահամարին, և անհայտ անձը, ներկայանալով ԴԱՀԿ ծառայության աշխատակից, Ա.Կարապետյանին իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել ԴԱՀԿ ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդում շահելու մասին։ Հաջորդող օրերի ընթացքում Ռուբեն Գալստյանը Մուշեղ Բարսամյանին է տվել գործով չպարզված հանգամանքներում իր, Բագրատ Աղաջանյանի և չպարզված անձի կողմից պատրաստված կեղծ փաստաթուղթ` 22.220.000 ՀՀ դրամ ԴԱՀԿ ծառայության դրամարկղի մուտքի կեղծ անդորրագիր, որից հետո 2012թ. դեկտեմբերի վերջին Ռուբեն Գալստյանը Մուշեղ Բարսամյանին է ցուցադրել գործով չպարզված հանգամանքներում իր, Բագրատ Աղաջանյանի և չպարզված անձի կողմից պատրաստված կեղծ փաստաթուղթ` ԴԱՀԿ ծառայության անունից կնքված առուվաճառքի կեղծ պայմանագիր, այն տվել ստորագրելու Ազնիվ Կարապետյանին` հավաստիացնելով, որ 2013թ. հունվարի 08-ին բնակարանի առուվաճառքի գործարքը կնքումը կկատարվի։
Դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով Դատարանն հաստատված համարեց այն, որ Բագրատ Աղաջանյանը և Ռուբեն Գալստյանը, նախնական համաձայնության գալով, 2012թ. սեպտեմբերից մինչև 2013թ. հունվարի 9-ն ընկած ժամանակահատվածում օգտագործել են իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր և խարդախությամբ տիրացել տուժողներ Ռուբեն Գրիգորյանի (ներկայացուցիչ Մուշեղ Բարսամյան), Լաուրա Նահապետյանի, Կարեն Աբրահամյանի և Գևորգ Կարապետյանի առանձնապես խոշոր չափերի գույքերին։

Բագրատ Գագիկի Աղաջանյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ( 4 դրվագներով) և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով ( 4 դրվագներով ) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ՝
տուժող Ռուբեն Գրիգորյանի դրվագով՝
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկում 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման,
ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով,
տուժող Լաուրա Նահապետյանի դրվագով՝
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկում 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման,
ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով,
տուժող Կարեն Աբրահամյանի դրվագով՝
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկում 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման,
ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով,
տուժող Գևորգ Կարապետյանի դրվագով՝
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկում 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման,
ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը և նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով՝ Բագրատ Գագիկի Աղաջանյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման և տուգանք՝ նվազագույն աշխատավարձի իննհարյուրապատիկի՝ 900.000 (ինը հարյուր հազար) ՀՀ դրամի չափով։
Բագրատ Աղաջանյանի պատժի կրման սկիզբն հաշվել 2013թ. փետրվարի 9-ից:
Դատարանի 2013 թվականի այս քննությունը եւ որոշումը ունենալով՝ հարց է առաջանում ինչպես է Երևանի քաղաքպետի տեղակալ Տիգրան Ավինյանը Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկը, որը ունի մոտ 5 միլիարդ բյուջե, վստահում Բագրատ Աղաջանյանին: Ինչ անվտանգության երաշխիքներ կան, որ նախկինում դատապարտված Աղաջանանը նույնը չի անի Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկում:

Նկատենք, որ նախկինում դատապարտվածը Հանրային ծառայությունների մասին օրենքի 14 հոդվածի առաջին մասի համաձայն չի կարող պաշտոն զբաղեցնել, մինչդեռ Աղաջանյանին նոր պաշտոն են տվել։

Մեր հետաքննությունը Բագրատ Աղաջանյանի մասով՝ շարունակելի:

Քնար Մանուկյան




Լրահոս