Արդեն 13-րդ օրն է, ինչ Արցախը գտնվում է ամբողջական շրջափակման մեջ, դադարեցված են հումանիտար բեռնափոխադրումները, Արցախն այսօր ապրում է իր ներքին ռեսուրսներով, որը պարզ է, որ անվերջ չէ: Նկատվում է, որ ժողովուրդը նույնպես ավելի կարգապահ ու կազմակերպված է դարձել, նույնիսկ այսպիսի ծանր իրավիճակում չի կորցրել ինքնատիրապետումը:
Այդուհանդերձ նույնիսկ այս իրավիճակում Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Արցախում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում: Հունիսի 15-ից ընդամենը օրեր անց, ենթադրելով, որ առաջիկայում Արցախում կլինի սննդի պակաս և այդ ֆոնին առաջացած հանրային դժգոհություններ, հանրության դժգոհության ալիքը իր ձեռքը վերցնելու և Արցախում գործող պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի դեմ օգտագործելու նպատակով Սամվել Բաբայանը և նրա կուսակիցները սկսեցին հայտարարել երկրում ալյուրի և այլ մթերքների պակասի մասին: Արցախում չեն թաքցնում, որ այդ պահին որոշակի խուճապային տրամադրություններ էին առաջացել, սակայն պետական նախարարի աշխատակազմի լրատվական ծառայությունից արձագանքեցին և հարթեցին իրավիճակը, դրանից հետո պարզ դարձավ, որ սննդի հետ կապված հրատապ խնդիրներ չկան:
Ըստ Armlur.am-ի աղբյուրների՝ այս ընթացքում Ռուբեն Վարդանյանը ևս հանդիպումներ է ունենում Արցախի տարբեր գյուղերում և շատ նրբանկատորեն ու զգուշորեն, բայց փորձում է բացասական երանգ հաղորդել Արցախի պետական նախարարի գործունեությանը՝ մարդկանց այնպիսի տեղեկություններ ներկայացնելով, որոնք ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում: Ըստ մեր տեղեկությունների՝ համայնքի և շրջանների վարչակազմերի ղեկավարներն այդ մասին տեղեկություններ են տրամադրում Արցախի Հանրապետության նախագահին և պետական նախարարին, երբեմն նաև մտահոգություններ հայտնում: Ոմանք նույնիսկ առաջարկել են արգելել նման «խառնակչական» բնույթի հանդիպումները, սակայն ասում են, որ նախագահը և պետական նախարարը կտրուկ դեմ են արտահայտվել այդ առաջարկին, նույնիսկ որոշ անձանց մոտ տարակուսելի է այն հանգամանքը, որ համոզված լինելով, որ այդ ամենը իր դեմ է արվում, պետական նախարարը արգելել է որևէ կերպ դրանց արձագանքելը՝ դա համարելով անօրինական ու անընդունելի:
Հիշեցնենք, որ Գուրգեն Ներսիսյանը Արցախի պետական նախարար էր նշանակվել 2023թ. մարտ ամսին և սկզբնական շրջանում հանրության մոտ որոշակի կասկածներ կար այն առնչությամբ, որ նա իրավաբան է և չի կարողանալու տնտեսությունից գլուխ հանել: Իհարկե շատերի համար էր նկատելի, թե նա ինչպես է պայքարում անարդար երևույթների դեմ, փորձում պահպանել տնտեսությունը, սոցիալական աջակցության ծրագրերով փորձում աջակցել տեղահանված արցախցիներին ու եկամտի աղբյուրից զրկվածներին: Սակայն Արցախի ամբողջական շրջափակմանը հաջորդող իրավիճակը պետք է դառնար պետական նախարարի եռամսյա աշխատանքի գնահատման հիմնական ցուցիչը:
Թեպետ Արցախը շրջափակման մեջ էր նաև մարտ-հունիս ամիսներին, Արցախ մտնում էր սահմանափակ քանակի հումանիտար բեռ, սակայն ինչպես ցույց է տալիս արդեն ամբողջական շրջափակումը, պարզվում է, որ Արցախի կառավարությունն այս ընթացքում անգործ չէր նստել: Նշվում է, որ պետական նախարարը հումանիտար բեռնափոխադրումների շրջանում հակադրության մեջ էր մտնում բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում էին առաջին անհրաժեշտության ապրանքների փոխարեն Արցախ բերել գարեջուր, գազավորված հյութեր և այլն: Այս ամենը պետական նախարարը չէր թաքցնում և նույնիսկ պարբերաբար հրապարակումներ էր անում դրանց առնչությամբ: Ըստ մեր տեղեկությունների՝ պայքարը ձևավորել է պետական նախարարի դեմ տրամադրված մարդկանց մի խումբ, ովքեր այդ ընթացքում զրկվել են գերշահույթ ստանալու հնարավորությունից: Պետական նախարարի՝ այս ամենի դեմ չնահանջելու հատկությունը սկսել է դուր գալ արցախցիներին, ովքեր ասում են, որ վաղուց Արցախում պետք էր կոշտ ու չնահանջող կառավարում իրականացնել, թե չէ բոլորը իրենց արտոնյալ և ամենաթող էին զգում: Այս պահին պետական նախարարի այդպիսի գործելաոճը սկսել է նրա շուրջը համախոհներ հավաքել: Գ.Ներսիսյանի հետ պարբերաբար հանդիպում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ակտիվ հանրային գործիչները, ուսանողները, պետական համակարգի աշխատակիցները և իրենց աջակցությունը հայտնում երկրում կարգ ու կանոն հաստատելու նրա նախաձեռնությանը:
Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ Արցախում խուճապային տրամադրություններ չկան, Արցախից մեզ հետ մասնավոր զրույցներում հայտնում են, որ հացի խնդիր չկա, խանութներում ընդամենը վերջին երկու-երեք օրերին է, որ պակաս է զգացվում, տեղական միրգն ու բանջարեղենը, թեկուզ քիչ քանակով, բայց արդեն իրացվում է խանութներում: Առկա է վառելիքի խնդիր, որը գտնվում է անմիջապես պետական նախարարի վերահսկողության տակ: Քաղաքացիներից մեկը ասաց, որ եթե մինչ այդ լցակայանների աշխատողները երբեմն չարաշահում էին և առանց համապատասխան թույլտվության վառելիք իրացնում, ապա ներկայումս դա ուղղակի անհնարին է: Քաղաքացիներից մեկն էլ մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ քննադատեց պետական նախարարին, ասելով, որ պետական համակարգը լավ չի աշխատում, սաղ վերցրել է իր ուսերին, իսկ մնացածները օգտվում են դրանից և բոլոր հարցերով խորհուրդ տալիս դիմել պետական նախարարին՝ այդ կերպ մնալով առանց պատասխանատվության:
Քանի որ Արցախը հիմա բաժանված է երկու մասի, երկկողմանի շրջափակման մեջ է նաև Շուշիի շրջանը, մենք կապ հաստատեցինք Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ վիճակ է իրենց մոտ: Սարգսյանը, ներկայացնելով իրավիճակը, նշեց, որ ամենևին անպաշտպան չեն զգում իրենց, մշտապես գտնվում են շրջանի վարչազկամի ղեկավարի ու պետական նախարարի հետ կապի մեջ, նույնիսկ այս իրավիճակում, հասկանալով հանդերձ բոլոր խնդիրները, չի եղել մի հարց, որ կառավարությունը անտեսի: Մեր զրուցակիցը նշեց, որ նույնիսկ կարողացել են լուծել հանրային տրանսպորտի հարցը ու իրենց քաղաքացիները կարողանում են հանգիստ Ստեփանակերտ գնալ տրանսպորտով:
Թե որքան կտևի Արցախի ամբողջական շրջափակումը, դեռևս պարզ չէ, բայց մի բան հստակ է, ոչ մի դժվարություն ունակ չէ կոտրելու Արցախի ժողովրդի կամքը:
Մաշա Մելքոնյան