«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:
«Հաշվետվության վերլուծությունը ցույց է տվել, որ 2023թ. առաջին եռամսյակում, ծրագրվածի համեմատ, արձանագրվել է բյուջեի ծախսերի էական թերակատարում՝ 23.5%-ով կամ 130.1 մլրդ դրամով, ընդ որում՝ թերակատարվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերը համապատասխանաբար 13.4 եւ 69.2 տոկոսով։ Առաջին եռամսյակի ճշտված ծրագրի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի թերակատարման ընդհանուր գումարի 46.8%-ը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, 53.2%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններին։ Այս համատեքստում հարկ է նշել, որ կապիտալ ծախսերը 2023թ. առաջին եռամսյակում, 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 18.2%-ով եւ կազմել 30.4 մլրդ դրամ: Կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 30.8%։ Կատարողականի նման ցածր ցուցանիշը ցույց է տալիս, որ կապիտալ ծրագրերի կառավարումն ու իրականացումը կառավարության համար շարունակում է մնալ չլուծված լուրջ հիմնախնդիր։
Կապիտալ ծախսերի՝ ծրագրից նման մեծ շեղումը եւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման միջոցառման ծախսերի թերակատարմամբ։ Դրանք 2023թ. առաջին եռամսյակում կազմել են 19.5 մլրդ դրամ եւ 67.9%-ով զիջել են ծրագրային ցուցանիշին։ Ավելին՝ դրանք 28.9%-ով փոքր են նույնիսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Բացի այդ, 2023թ. առաջին եռամսյակում կառավարությունը թերակատարել է նաեւ 2023թ. պետական բյուջեով նշված ժամանակահատվածի համար նախատեսված ծրագրերի իրականացումը։ Նախատեսված 164 ծրագրերից առաջին եռամսյակում փաստացի միջոցներ են օգտագործվել թվով 154 ծրագրերի գծով, իսկ ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է շուրջ 130 մլրդ դրամ։ Ընդ որում, ծրագրային դասակարգմամբ բյուջետային ծախսերի կատարողականի ուսումնասիրությունը ցույց է տալիս է, որ, այս առումով եւս «առաջամարտիկը» պաշտպանական համակարգն է. պլանից ամենից ավելի էական շեղում՝ 46.8%-ով կամ 52.6 մլրդ դրամով, արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով (2023թ. առաջին եռամսյակի ճշտված պլանով նախատեսված 112.3 մլրդ դրամի ծախսերի փոխարեն)։ Բացի այն, որ արձանագրվել է ՊՆ պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի իրականացման խիստ ցածր կատարողական, փաստացի ծախսերը նույնիսկ 12.8%-ով պակաս են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ի դեպ, 2023 թվականի պետական բյուջեն ներկայացնելիս կառավարությունը բազմիցս շեշտում էր պաշտպանական ծախսերի՝ բյուջեով նախատեսվող աննախադեպ աճը։
Փաստորեն, չնայած ծրագրերի գծով բյուջեով նախատեսվել եւ հատկացվել է գումար, այնուամենայնիվ, դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում, ինչն առաջին հերթին պատկան մարմինների ոչ բավարար արդյունավետ աշխատանքի վկայությունն է: Մասնավորապես, վերջին տարիներին սովորական է դարձել կապիտալ ծախսերի թերակատարումը, ինչը վկայում է ՀՀ կառավարության կողմից պլանավորված ծախսերն ամբողջությամբ եւ սահմանված ժամկետում կատարելու անընդունակության մասին։ Այս փաստն առավել մտահոգիչ է հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի թերակատարման համատեքստում։ Մինչդեռ, ներքին պահանջարկի ներկայիս կտրուկ աճի եւ անվտանգային խնդիրների պայմաններում կառավարությունից ակնկալվում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք միտված են առաջարկի ավելացմանը, իսկ դա, միանշանակ, ենթադրում է մեծածավալ նպատակային կապիտալ ծախսերի կատարում։ Ընդ որում, 2023թ. առաջին եռամսյակում կապիտալ ծախսերի նման թերակատարումը վտանգավոր ազդակ է. մասնավորապես, արձանագրված փաստը հիմք է տալիս ենթադրելու, որ դրանք, ամենայն հավանականությամբ, կթերակատարվեն նաեւ տարեկան կտրվածքով: Մինչդեռ, 2023թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս կառավարությունը՝ որպես դրա կարեւոր արժանիք, նշում էր աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերի պլանավորումը»։
ՕՁԵՐՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ ԵՆ
Հունիսի 4-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, մասնավորապես՝ Երեւան, Սիսիան, Կապան, Աշտարակ քաղաքներում, Սիս, Ձորաղբյուր, Քասախ, Կարբի, Ազատան գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 3 գյուրզա, 2 շահմար, 5 սահնօձ, 3 լորտու տեսակի սողուն եւ տեղափոխել անվտանգ տարածք։
ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ հարցերը քննարկելու համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ:
«Աշխատանքային խումբը ստեղծվում է նաեւ փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաեւ անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու եւ հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով։ Այս որոշմամբ հաստատվում է նաեւ խմբի կազմը»,- ասված է որոշման մեջ:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը 2-ամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է տեղեկատվություն ներկայացնի կատարված աշխատանքների մասին։
ՆՈՐ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ
Իջեւան խոշորացված համայնքի Ազատամուտ գյուղում գործող բենտոնիտի կոմբինատը խորհրդային տարիներին արդյունաբերական խոշոր ձեռնարկություն էր, որն աշխատանքով ապահովում էր հարյուրավոր մարդկանց։ Ազատամուտ բանվորական ավանը ստեղծվել է գործարանի հենքի վրա։ Բենտոնիտի կոմբինատի արտադրանքը առաքվում էր ԽՍՀՄ բազում ձեռնարկություններ։ Սակայն Ադրբեջանի կողմից տրանսպորտային շրջափակումը, Իջեւան-Ղազախ երկաթագծի չգործելը դժվարություններ է առաջացրել բենտոնիտի կոմբինատի արտադրանքի առաքման վրա։ Փոքր հզորությամբ, ընդմիջումներով աշխատող բենտոնիտի կոմբինատն արտադրանքն առաքելիս տրանսպորտային մեծ ծախսեր է կատարում, ինչը գործարանի արտադրանքը արտերկրում՝ հիմնականում Ռուսաստանում, ոչ մրցունակ է դարձնում։
Ադրբեջանի Ղազախի շրջանում է գտնվում Իջեւանի բենտոնիտի կոմբինատի հանքավայր Սարիգյուղի բենտոնիտային կավերի հանքի շարունակությունը։ Ադրբեջանցիները Ղազախի շրջանում արդիական սարքավորումներով հագեցած բենտոնիտի վերամշակման գործարան են կառուցել, եւ դրա արտադրանքը Ղազախից երկաթուղով տեղափոխում են Ռուսաստան: Իջեւանի բենտոնիտի կոմբինատը տրանսպորտային դժվարությունենրի հետ ունի այլ խնդիր, ընկերության մի շարք բաժնետերեր տարիներ շարունակ դատական հայցեր են ներկայացնում կոմբինատի դեմ։ Ահա դրանցից մեկը.
Արսեն Միքայելի Հարությունյանը 2022թ. հունվարի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ ժողովի որոշումներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու մասին պահանջներով։ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանի՝ 2022թ. փետրվարի 11-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Այդ դատավորի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։ Դատավոր Ա. Ջավախյանը 2022թ. դեկտեմբերի 8-ին ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում է կայացրել։ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 2022թ. նոյեմբերի 15-ի որոշմամբ՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանը, ՀՀ նախագահի՝ 2023թ. փետրվարի 17-ի հրամանագրի համաձայն, նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր, որի հիմքով սույն քաղաքացական գործը 2023թ. փետրվարի 22-ին մակագրվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նանա Դալլաքյանին։
Ն. Դալլաքյանը որոշում է կայացրել նշված քաղաքացիական գործն ընդունել վարույթ, գործի քննությունը սկսել սկզբից եւ 2023թ. ապրիլի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում հրավիրել նախնական դատական նիստ։ Սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է հունիսի 8-ին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ